Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիայի» սեփականատեր. «Կոռեկտ չէ անընդհատ շեշտել իմ՝ Դավիթ Հարությունյանի եղբայր հանդիսանալու հանգամանքը»

Օգոստոս 09,2013 11:13

Առաջիկայում Հայաստանից ԱՊՀ 6 հիմնական ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով, Կրասնոդար, Սամարա,  չվերթներ է իրականացնելու «Էյր Արմենիա» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբորը` Վահան Հարությունյանին և նրա գործընկեր Արսեն Ավետիսյանին: Հատվածներ «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Վահան Հարությունյանի հետ «Առաջին լրատվական»-ի հարցազրույցից:

Պարոն Հարությունյան, չնայած Ձեր ընկերությունը երբևէ չի զբաղվել ուղևորափոխադրումներով, կառավարությունից ԱՊՀ 6 հիմնական ուղղություններով արտոնագիր է ստացել: Սա ինչպե՞ս կբացատրեք, Ձեր եղբոր` Դավիթ Հարությունյանի կապե՞րն են նպաստել դրան:

– Ասել, որ «Էյր Արմենիան» ուղևորափոխադրումներ չի իրականացրել, դա ոչ այդքան ճշգրիտ տեղեկատվություն է: Մենք ժամանակին իրականացրել ենք որոշակի չվերթներ «Արմավիայի» պատվերով, կոմերցիոն առումով դրանք եղել են «Արմավիայի» չվերթներ, սակայն տեխնիկական առումով այդ չվերթները իրականացրել է «Էյր Արմենիան»:

Առանց արտոնագրի՞ եք իրականացրել չվերթը:

– Արտոնագրով: Այս գործունեությունը պետության կողմից խիստ կարգավորվող գործունեություն է: …Այնպես որ, եղել է կարճ ժամանակահատված` համարյա երկու տարի, երբ մենք «Արմավիայի» պատվերով կատարում էինք ուղևորային չվերթներ:

 

– Իսկ ո՞ր ուղղություններով եք ուղևորային չվերթներ կատարել:

– Արդեն չեմ հիշում: Դա «Արմավիայի» գործունեության սկզբում էր, հիմա ես չեմ հիշի: Ուղղությունները որոշում էր «Արմավիան»:

Պարոն Հարությունյան, փաստորեն Դուք չեք հիշում արդեն այդ չվերթները, բայց կառավարությունը հիշե՞լ է, որ Ձեր ընկերությանն արտոնագիր է տվել, եթե Դավիթ Հարությունյանի գործոնը չկա, կամ իշխանավորների հետ որոշակի համագործակցություն:

– Բայց ես չպայմանավորեցի դա կառավարության հիշելով կամ չհիշելով: Մենք դիմել ենք համապատասխան նշանակումները և իրավունքները ստանալու համար և ստացել ենք այդ նշանակումները` բավարարելով համապատասխան չափանիշներին: Հասկանում եմ, որ Հայաստանում բարեկամական կամ ազգակցական կապերը հաճախ որոշակի դեր են խաղում, բայց կարծում եմ կոռեկտ չէ անընդհատ շեշտել իմ՝ Դավիթ Հարությունյանի եղբայր հանդիսանալու հանգամանքը և փորձել դրա տակ ինչ-որ բան տեսնել:

Մի փոքր անհասկանալի է, որ կառավարությունը որոշեց 6 ամենաեկամտաբեր ուղղությունները տալ մի ընկերության, որը նորնոր սկսելու է զբաղվել ուղևորափոխադրումներով:

– Ո՞ր փոխադրողն է Հայաստանում, որ նոր-նոր չի սկսելու իրականացնել ուղևորային փոխադրումներ: Վաղը, եթե հայտարարվի, որ այսինչ ավիափոխադրողն իրականացնելու է չվերթներ այսինչ ուղղությունով: Այդ փոխադրողի անվանումը ի՞նչ պետք է լինի, որ համարեք, որ այն նոր-նոր չի սկսում այդ գործունեությունը: Վերջին 10 տարում ուղևորափոխադրումներ իրականացնող միակ ընկերությունը եղել է «Արմավիան», որևէ մեկ ուրիշը չի եղել:

Պարոն Հարությունյան, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանից, օրինակ, Եվրոպա թռչելը 200 եվրո էժան է, և շատ հայաստանցիներ գերադասում են Վրաստանի թռիչքներից օգտվել: Ձեր ավիաընկերությունը այս առթիվ փորձելո՞ւ է ինչոր բան փոխել:

– Եթե խոսքը վերաբերում է low cost carrier-ներին, այսինքն` ցածր սակագնային քաղաքականություն կիրառող փոխադրողներին, ապա պետք է նշեմ, որ դեպի Հայաստան էլ են կատարվում նման չվերթներ: Դա ոչ թե առանձին չվերթներ են ցածր սակագներով, այլ ավիաընկերության գործունեությունն իրականացնելու առանձին եղանակ է: Գնահատականներ տալ, թե որն է ավելի լավ` շատ դժվար է, որովհետև երկու մոդելներն էլ իրենց թերություններն ու դրական կողմերն ունեն…Մենք չենք կիրառելու low cost carrier ծրագիր: Դրա համար անհրաժեշտ է կիրառել այլ մոտեցումներ: Իմ կարծիքով` այս պահի դրությամբ, դա Հայաստանի պայմաններում այդքան էլ իրագործելի չէ:

Ասել է թե` հայերը շարունակեն Վրաստանից թռչե՞լ:

– Ես դրա համար չասեցի: Մենք ձգտելու ենք իրականացնել այնպիսի ծրագիր, որպեսզի մեր ուղևորները ունենան հնարավորություն մատչելի գներով ճամփորդելու Հայաստանից:

Պարոն Հարությունյան, Դուք ժամանակին եղել եք «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրեն, իսկ Ձեր ներկա գործընկերը` Արսեն Ավետիսյանը, եղել է գործադիր տնօրենը, և այդ գործունեության արդյունքում փաստորեն «Հայկական ավիաուղիները» սնանկացել է:

– Իսկ ի՞նչ գիտեք մեր գործունեությունից, որ նման հայտարարություն եք անում: Ես «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրենը եղել եմ 1997 թվականին: «Հայկական ավիաուղիները» գործել է մինչև 2003 թվականը: 1998թ. դեկտեմբերից հետո ես դուրս եմ եկել «Հայկական ավիաուղիներից», քանի որ չէի կարող համակերպվել որոշ փոփոխությունների հետ, որոնք անխուսափելիորեն բացասաբար կազդեին «Հայկական ավիաուղիների» գործունեության վրա և կբերեին խոշոր վնասների:

Պարոն Հարությունյան, Ձեր, Ձեր եղբոր` Դավիթ Հարությունյանի և գործընկեր Արսեն Ավետիսյանի անունները կապվում են «Հայկական ավիաուղիների» սնանկացման հետ: Եվ ասվում է, որ շահույթով աշխատող ընկերությունը դարձավ վնասով աշխատող և ի վերջո սնանկացավ ու սեփականաշնորհվեց:

– Իսկ ո՞վ է ասում և ի՞նչ հիմքով է ասում: Ասեկոսեները շատ ավելի շատ են, քան այն տեղեկատվությունը, որը իրական է: Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես ինձնով կարող էր պայմանավորվել «Հայկական ավիաուղիների» սնանկացումը 2003թ., եթե 1998թ. վերջից որևէ կապ չեմ ունեցել «Հայկական ավիաուղիների» հետ: Իսկ ի՞նչ կապ է ունեցել իմ եղբայրը «Հայկական ավիաուղիների» հետ… Նա արդարադատության նախարարն էր և որևէ կերպ ներգրավված չի եղել «Հայկական ավիաուղիների» գործունեության կամ կառավարման մեջ: Ինձ համար ցավալի է, որ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սնանկացավ: Իմ գործընկեր Արսեն Ավետիսյանը, ես և մեր այլ թիմակիցները «Հայկական ավիաուղիներում» աշխատելու ժամանակ ջանք չենք խնայել ընկերության զարգացումն ապահովելու համար:

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031