Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի դատախազը վստահեցնում է, որ 60-ամյա կինը իրեն վարկաբեկում է (Տեսանյութ)

Օգոստոս 08,2013 18:21

Ինչպես տեղեկացրել ենք,  Գյումրու Բելինսկի 21 հասցեի բնակչուհի, 60-ամյա Գոհար Հովհաննիսյանը բողոք էր ներկայացրել Aravot.am-ին` պատմելով, որ Շիրակի մարզի դատախազությունից իրեն հրելով, ձեռքերը «կապույտ լեղակ» սարքելով` դուրս են արել: Ըստ տիկնոջ, ինքը գնացել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի մոտ` իր տան գողության գործը կասեցնելու վերաբերյալ հարցում կատարելու:

Նշենք, որ Գոհար Հովհաննիսյանը թեեւ Գյումրու բնակիչ է՝ նրա բողոքը քննվել է Լոռու մարզի դատախազությունում, քանի որ տիկինը 2010 թ.-ին անվստահություն էր հայտնել Շիրակի մարզի իրավապահներին ու խնդրել էր գործը ուղարկել քննության որևէ այլ վայր: Այն ուղարկել էին Լոռու մարզ, որտեղի դատախազը այն ժամանակ Կարեն Շահբազյանն էր:

Այժմ էլ Գոհար Հովհաննիսյանը Լոռու մարզի դատախազությունում կասեցված իր գործի մասին փորձել է տեղեկություն ստանալ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանից: Նա Մոսկվայից վերադառնալուն պես, հունիսի 25- գնացել է դատախազություն, մտել Կարեն Շահբազյանի առանձնասենյակ, աթոռը քաշել ու նստել է, քանի որ, ըստ նրա, շատ վատ էր զգում. 45 րոպե ոտքի վրա սպասել էր: Սակայն, Գոհար Հովհաննիսյանի նկարագրելով, դատախազը, առանց պատճառի, սկսել է գոռալ իր վրա: Ըստ տիկնոջ, դատախազը այդպես է վարվել իր հետ` լսելով իր ազգանունը, քանի որ դեռևս Լոռու մարզից Կարեն Շահբազյանը իրեն ճանաչել է որպես բողոքավորի:

Գոհար Հովհաննիսյանի պատմելով, դատախազի ձայնը լսելուն պես, վրա են հասել դատախազության 4-5 աշխատակիցներ, այդ թվում շենքը հսկող ոստիկանը, տիկնոջը հրելով դուրս են արել: Գոհար Հովհաննիսյանը հայտարարություն է ներկայացրել Կարեն Շահբազյանի դեմ`Գյումրու ոստիկանության Մուշ բաժնում, այժմ այս հարցով զբաղվում է ՀՔԾ-ն: Նշենք, որ ՀՔԾ-ն այս միջադեպը ուսումնասիրում է հենց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի` ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված զեկուցագրի հիման վրա: Նշենք նաև,  որ հենց  Կարեն Շահբազյանն է  Գյումրու ոստիկանությանը հանձնարարել  գրանցել այս տիկնոջ բողոքը, ուսումնասիրել,  ըստ որի էլ նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազը:

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է այս պատմությունը իրական, մի՞թե առանց պատճառի ինքը գոռացել ու դուրս է հրավիրել տիկնոջը: Դատախազն ասաց, որ միջադեպ եղել է, այն քննվում է ՀՔԾ-ում: «Եթե այդ տիկինը հարցեր ունի՝ կապված Լոռու մարզի դատախազության հետ, ուրեմն պիտի դիմի հենց այդ մարզի դատախազություն, Լոռու մարզը նորանշանակ դատախազ ունի, այնտեղ պետք է պարզաբանեն իր խնդիրը: Այդ օրը քաղաքացիների ընդունելության օր չի եղել, բայց ես համաձայնել եմ , որ նա բարձրանա իմ մոտ, իրեն ընդունել եմ, և եթե ես իրեն հրավիրել եմ իմ առանձնասենյակ, այսինքն` պատրաստ եմ եղել իրեն լսելու, ձեր մոտ տրամաբանական հարց չի՞ առաջանում, թե նա ի՞նչ արեց, ի՞նչ վարքագիծ դրսևորեց: Նա միտումնավոր նման իրավիճակներ է ստեղծում ինձ վարկաբեկելու համար, հիմա էլ խմբագրություններին է դիմում, կայքերն էլ առանց պարզաբանելու, թե ի՞նչ վարքագիծ է դրսևորել այդ կինը, առանց ինձ լսելու պատմություններ են գրում: Ես չեմ ուզում նրա վերաբերյալ ինչ-որ բան ասել, բայց կասեմ, որ այդ տիկնոջը բոլորն են ճանաչում»,- ասաց Կարեն Շահբազյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ես համաձայն եմ դատախազի հետ:Կան այդպիսի կանայք:Օրինակ՝ ՀՀԿ-ի տատիկը, ով քծնանքով ու շողոքորթությամբ մոտենում ու համբուրում է հանրապետականների ձեռքերը:Նրանց ներկայությամբ, նրանց հաճոյանալու համար սաստում լրագրողներին ու հավաքվածներին:Իբր՝ տեսեք ես եմ, որ կամ:Զզվելի է պարզապես:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031