«Մենք քննարկում ենք համամարդկային արժեքները, սկսելով մշակույթից, որի կենտրոնում մեր երկրի արժեքն է»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Երիտասարդները՝ հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման եւ համագործակցության» ծրագրի եւ մշակութային ժառանգության վերաբերյալ նշեց «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» հայկական մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:
Տիկին Ղազանչյանի խոսքով ծրագիրը իրականացվելու է 4 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Բուլղարիայում եւ Թուրքիայում: Կազմակերպվելու են կլոր սեղանները, որոնք հնարավորություն են տալու երիտասարդներին խորհել իրենց երկրի մշակութային ժառանգության շուրջ: Երիտասարդները իրենց մտքերը կկիսեն Սեւծովյան ավազանի երկրների արժեքների եւ մշակութային զանազանության վերաբերյալ եւ կքննարկեն, թե ինչը կարող է հիմք հանդիսանալ կայուն համագործակցության եւ զարգացման համար Եվրոպայում: Սա նաեւ կնպաստի այս 4 երկրների երիտասարդների միջեւ հարաբերությունների զարգացմանը՝ նրանց կրթություն տրամադրելով ԵՄ հիմնական արժեքների վերաբերյալ.
«30 հայ պատանիներ՝ 16-22 տարեկան, որոնք եկել են տարբեր գյուղերից, մասնակցելու են ծրագրին եւ գնալու են 4 երկրները: Մշակութային ժառանգությունը հայերի համար շատ ցավոտ եւ կարեւոր թեմա է: Երեխաները մեծ ցանկություն ունեն մեր մշակութային արժեքների վրա հիմնված քննարկումների մասնակցել: Քննարկումներ կտեւեն մինչ սեպտեմբերի 1-ը»:
«Երիտասարդները՝ հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման եւ համագործակցության» ծրագրի ընդհանուր նպատակն է՝ աջակցել տարածաշրջանում ընդհանուր արժեքների եւ Եվրոպայի հարուստ մշակութային բազմազանությանը համախոհ եւ այն գնահատող մշակութային միջավայրի շուրջ համագործակցության եւ գործընկերության հաստատմանը: Ծրագրին 12 ամիս շարունակ կմասնակցեն ավելի քան 2300 երիտասարդներ գործընկեր երկրների քաղաքաբնակ եւ գյուղաբնակ վայրերից:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ