Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Երևանում և Վանաձորում տեղի ունեցան «Հաճախորդների սպասարկում» թեմայով վերապատրաստման դասընթացներ Հայաստանի մարզերի մի շարք բնակավայրերի հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների համար, որոնց թվում էին ՔԿԱԳ բաժինների կամ գյուղապետարանների աշխատակիցներ, գրադարանավարներ: Դասընթացների անցկացման գաղափարն ու նախաձեռնությունը Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությանն էր, որն էլ, փնտրելով մասնավոր ընկերություն, որն առավելապես առանձնանում է հաճախորդների սպասարկման իր բարձր որակներով ու հմտություններով, առաջարկեց Օրանժ Արմենիային կազմակերպել այդ դասընթացները:
Դասընթացներին մասնակցեցին ընդհանուր թվով 30 մասնակիցներ Վանաձորից, Սևանից, Գավառից, Ալավերդիից, Ախթալայից, Դսեղից, Դեբեդից, Նոր Գեղիից և մարզերի այլ փոքր ու մեծ բնակավայրերից:
Կարդացեք նաև
«Հաճախորդների բարձր որակով սպասարկումը մեր ընկերության առաջնահերթություններից է, և մենք ուրախ ենք, որ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից նույնպես մեր ընկերությունը գնահատվում է որպես լավագույն սպասարկում ունեցող ընկերություններից մեկը Հայաստանում: Մեծ սիրով ենք կիսվում մեր փորձով, ու թեև դասընթացների մասնակիցները մասնավոր ոլորտը չեն ներկայացնում, այդուհանդերձ վստահ ենք, որ այս գիտելիքները նրանց անհրաժեշտ կլինեն իրենց ամենօրյա աշխատանքում, քանի որ նրանք նույնպես ամեն օր գործ են ունենում մեծ թվով այցելուների հետ», ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
«Հանրային սպասարկման որակը աշխարհի բոլոր երկրներում է խնդիր, ոչ միայն Հայաստանում: Համագործակցելով մասնավոր ընկերության հետ՝ մենք կկարողանանք հանրային ծառայություններ մատուցողներին տալ սպասարկման այնպիսի հմտություններ, որոնք ոչ մենք կարող էինք ինքնուրույն տալ, ոչ էլ, առավել ևս, պետությունը: Շնորհակալ ենք Orange-ին նախագծին մասնակցելու իրենց պատրաստակամության համար: Կարծում եմ՝ սա լավ սկիզբ է, որն ավելի երկարաժամկետ համագործակցության մեկնարկը կլինի», ասաց Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարել Հոֆստրան:
Դասընթացների ավարտին անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցները գոհ են մնացել դասընթացավարների ու մեթոդիկայի որակից՝ համարելով, որ ընտրված թեմաներն իսկապես անհրաժեշտ են իրենց աշխատանքում:
Օրանժ Արմենիա