«Իշխանությունները, կարծում եմ, հասկանում են, որ նման ընթացքով այլեւս դժվար է պահել իշխանությունը: Պատահական չէ, որ իշխանության ներսում որոշ խժդժություններ են սկսվել՝ ներթիմային սադրանքների տեսքով, որում ներգրավված են նաեւ ոչ իշխանական որոշ լրատվամիջոցներ: Դա նույնպես քաղաքական կարեւոր ցուցիչ է՝ ներսում իշխանափոխության վտանգի գիտակցման առումով: Նրանց ինֆորմացիան իրավիճակի մասին շատ ավելի ամբողջական է, որովհետեւ նրանք հենց խոհանոցում են եւ գիտեն, թե ինչ է կատարվում»,- Aravot.am-ի հետ զրույցում իր երկու առաջարկությունների անհրաժեշտությունն այսպես բացատրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նա 2 առաջարկ է ներկայացրել ոչ իշխանական ուժերին եւ իշխանությանը: Վերջինիս առաջարկվում է երկրում ստեղծված իրավիճակից միասնական լուծումներ գտնել եւ զիջումների գնալ՝ ընդհուպ մինչեւ համապետական ընտրություններ, իսկ եթե դա չլինի, ոչ իշխանական ուժերին առաջարկվում է միասնական օրակարգ ձեւավորել եւ հասնել իշխանափոխության:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ «Այդ քաղաքական օրակարգը պետք է ինքնանպատակ չլինի, պետք է համոզիչ եւ հասկանալի լինի ժողովրդին, թե ինչու է անհրաժեշտ իշխանափոխություն: Ժողովրդին շատ ենք հիասթափեցրել: Պետք է ժողովուրդը տեսնի եւ վերահսկի այդ գործընթացը, այլապես ինքնանպատակ իշխանափոխությունը կարող է ավելի ծանր հետեւանքներ ունենալ: Լուծումներ կան եւ շատ պարզ են, դրանք մեր մեջ են: Ինձ համար անընդունելի է, երբ սկսում ենք մեր ծանր վիճակի համար մեղադրել այլ երկրների՝ Արեւելք, Արեւմուտք, Ռուսաստան…դրսում ենք փորձում մեղավորներ փնտրել: Նրանք մեղավոր չեն: Մենք եւ միայն մենք ենք մեղավոր, որ այս վիճակում ենք, մենք ենք մեղավոր, որ բազմաշերտ վասալային կախվածության մեջ ենք այսօր տարբեր պետություններից: Մենք ենք մեղավոր, որ ապականել ենք մեր պետությունը կոռուպցիայով եւ գրեթե պետական բյուջեին չզիջող ստվերային տնտեսությամբ»:
Մեր հարցին՝ եթե լինի երկխոսություն իշխանության հետ, արդեն կա՞ն որոշակի առաջարկներ, թե ինչ է պահանջվում՝ որոշակի պորտֆելնե՞ր տալ ընդդիմությանը՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Խոսքը համակարգային փոփոխություններին է վերաբերում: Եթե այս համակարգում որեւէ մեկը փոխարինվի ուրիշ մեկով, ոչինչ չի փոխվելու: Այսօր ընդդիմությունը որեւէ գործիք չունի մասնակցելու պետության կառավարման գործընթացներին: Նորմալ պետություններում կա մի պարզ մոտեցում՝ վերահսկիչ ֆունկցիաները տրվում են ընդդիմությանը: Բայց, կարծում եմ, տեսել եք, թե ինչ ագրեսիվություն է իշխանությունը դրսեւորում, երբ ընդդիմությունը բարձրացնում է այդ հարցը: Հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունը փորձում է նույնիսկ ճիշտ քայլ կատարել, ժողովուրդը դիմադրում է: Իր իսկ տառապանքի փորձով չի հավատում, որ այս իշխանությունը կարող է ի շահ ժողովրդի ինչ-որ բան անել: Իսկ դա իշխանությունների նկատմամբ հավատի կորստի թերեւս ամենավերջին սահմանն է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ժողովուրդն ընդդիմությանն էլ չի հավատում, եւ եթե այսօր իշխանափոխություն էլ լինի, ընդդիմության ներսում կա՞ն մարդիկ, որ կարող են փոխարինել այս իշխանություններին՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես այստեղ ընդդիմության հարց չեմ դնում: Իշխանության մեջ էլ կան պրոֆեսիոնալ, բանիմաց կադրեր, ովքեր նորմալ համակարգի պայմաններում կարող են բոլորովին այլ կերպ իրենց ունակությունները դրսեւորել: Մեր աչքի առջեւ են քաղաքացիական հասարակության հրաշալի ներկայացուցիչներ: Բանիմաց եւ մտավոր բարձր կարողություններով մարդիկ շատ կան: Ուղղակի համակարգը նրանց առջեւ փակել է ինքնաիրացման համար անհրաժեշտ կենսատարածքը»:
Մենք հետաքրքրվեցինք՝ «Ժառանգությունը» մշտապես ՀԱԿ-ին քննադատում էր՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության համար, բայց Դուք էլ հիմա Ձեր առաջարկով նույն տանիքի տակ եք հրավիրում ԲՀԿ-ին, չե՞ք դառնա քննադատության թիրախ՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Դա այդպես չէ: Եթե հիշում եք, երբ նոր-նոր էր ձեւավորվում նախընտրական միասնական շտաբը, ես պնդում էի, որ եթե ուզում ենք համոզիչ եւ վստահելի լինի այդ կառույցը քաղաքական ուժերի եւ ժողովրդի համար, պետք է առաջին դեմքերը բացահայտ լինեն դրա նախաձեռնողները: Մեր կուսակցությունների կենսագրություններին եւ ստեղծման մեթոդոլոգիային մենք ծանոթ ենք: Ասել է թե առաջին պլանում պետք է լինեն կուսակցությունների առանցքային դերակատարները: Համոզված եմ, որ եթե ՀԱԿ-ի, Ժառանգության, Բարգավաճի, ՀՅԴ-ի առաջնորդները միասին հավաքվեն, ժողովրդի համար համոզիչ քաղաքական օրակարգ ձեւավորեն՝ պետությունն այս վիճակից փրկելու համար, շատ կարճ ժամանակում երկրում իրավիճակ կփոխվի»:
Մեր հարցին՝ պատրաս՞տ են ոչ իշխանական ուժերը դրան՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Նախ, դա չպետք է լինի ինչ-որ մեկի նախաձեռնությունը, որ նրա շուրջը հավաքվեն: Դա պետք է լինի բոլորի միասնական նախաձեռնությունը: Բոլորը համակարծիք են, որ պետության վիճակը ծանր է, գնում ենք գահավիժում, վտանգված է մեր պետականության վաղվա օրը: Եթե անձնական-կուսակցական հավակնություններ չենք մտապահել այդ ձեւակերպումների տակ, կարծում եմ որեւէ մեկի համար պետք է քննարկման առարկա չլինի՝ արժե՞ միասնական ուժերով վիճակ փոխել, թե՞ ոչ: Իհարկե, կարող են լինել նաեւ այլ առաջարկություններ: Բայց մի բան, կարծում եմ, հստակ է՝ այլեւս այսպես շարունակել չափազանց վտանգավոր է: Մենք կարող ենք շատ թանկ բան կորցնել՝ մեր պետականությունը: Եթե հավանաբար չենք կարողանում այս պարզ իրողությունը գիտակցել, ուրեմն մենք արժանի ենք նրան, որտեղ այսօր հայտնվել ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Խորը ցավում եմ, որ ,,Ժառանգությունն,, էլ օր-օրի նմանվում է մյուսներին, թեպետ դեռ չի բարգավաճել, կամ դեռ չի հասել օեկ-ին, այսինքն հհկ-ի՝ փորոտիքին:
Որպես ընդդիմություն պետք է հանդես գա ազգաբնակչության գերակշիռ մասը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից՝ պահանջելով իրենց կուսակցության ղեկավար կազմերից,առանց խաղեր տալու ու միասնաբար առաջնորդելու ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ օտար զավթիչների…Իսկ թե ո՞վ կլինի մեր ,,Էռնեստո Չե Գեվարն,, ու ,,Ֆիդել Կաստրոն,,՝ դա այդքան էլ որոշիչ հանգամանք չէ…
Մաքսիմ, ողջունում եմ՝ համոզմունքներիդ մեջ տեղաշարժ տեսնելով:Հուսով եմ փոփոխություններն առաջիկայում ավելի ակնառու կլինեն:
Առաջնոդը շատ որոշիչ է, առաջնորդին պետք է հարգել, սիրել և, ամենակարևորը, հավատալ: Կաստրոն ու Չե Գեվարան այդպիսին էին: