Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է սկսվի նոր սիրախաղ՝ ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ

Օգոստոս 07,2013 21:49

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Բարեւ Երեւան» խմբակցությունը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ առ ոչինչ եւ անվավեր ճանաչելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ուղեվարձի թանկացման որոշումները:

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ ԲՀԿ խմբակցությունը նույնպես կքննարկի եւ կմիանա հայցադիմումին:

Aravot.am-ը պարոն Սաֆարյանից հետաքրքրվեց՝ ավագանու ընտրություններից առաջ «Բարեւ Երեւանը» քարոզարշավի մի հատվածը տարավ ԲՀԿ-ի դեմ՝ ասելով, որ իշխանությունից ոչնչով չեն տարբերվում, որ երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են նաեւ իրենք: Իսկ հիմա «Բարեւ Երեւանը» համագործակցում է այդ ուժի հետ՝ իշխանության դեմ, ինչպե՞ս հասկանանք դա:

Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Մենք հաշվի ենք առնում, թե քաղաքական ուժերն ինչ դիրքորոշումներ են հայտնում տարբեր խնդիրների շուրջ: Հավատացնում եմ ձեզ, եթե տրանսպորտի թանկացման հետ կապված լինեին ՀՀԿ խմբակցության անդամներ, ովքեր դեմ արտահայտվեին Երեւանի քաղաքապետի ոչ իրավաչափ որոշումներին, ապա մեզ ոչինչ չէր կաշկանդի անգամ նրանց հետ համագործակցել՝ հասարակության խնդիրը լուծելու համար: Ինչքան խորը կստացվի եւ ինչքան ռազմավարական կլինի մեր եւ ԲՀԿ-ի համագործակցությունը Երեւանի ավագանու կազմում՝ ժամանակը ցույց կտա: Առաջիկայում մենք ունենք շատ մարտահրավերներ եւ վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված, նաեւ հողհատկացումների հետ կապված: Եթե ԲՀԿ-ն հայտնի այնպիսի դիրքորոշումներ, որոնք թույլ տան մեզ համագործակցել, ապա մենք դա անելու ենք: Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում քարոզարշավին, իհարկե, մենք չէինք կարող անտեսել այն մեթոդները քարոզարշավի կամ քվեներ բերելու, որոնք օրինական չեն: Մենք չէինք կարող լռություն պահպանել եւ քաղաքական որոշակի կեցվածքի հետ կապված անհամաձայնություններ չհնչեցնել: Դա նորմալ է, քաղաքական ուժերը պարտադիր չէ, որ միմյանց սիրեն: Քաղաքական ուժերը միմյանց սիրելու համար չեն: Քաղաքականությունը շահերի համադրման եւ կոմպրոմիսներ ձեռք բերելու վայր է: Եթե ԲՀԿ-ի դիրքորոշումները համընկնեն «Բարեւ Երեւանի» եւ «Ժառանգության» դիրքորոշումների հետ, ապա մենք դա կանենք»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ՀԱԿ «սիրախաղն» ավարտվեց ՀԱԿ-ի մասնատմամբ, հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն հիմա էլ այդպիսի պլաններ ունի «Ժառանգությանը» տապալելու՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Մենք միշտ նայում ենք հետեւյալին՝ ով է կանգնած խնդրի կողքը: Եթե նրանք կանգնած են այդ խնդրի կողքը, մենք որեւէ մեկին չենք պահանջում կանգնել մեր կողքը: Մենք կոչ ենք անում ուղղակի կանգնել մարդու, քաղաքացու խնդրի կողքը: Մեր համագործակցությունը դրա շուրջ է լինելու: Մենք որեւէ հեռահար նպատակներ չունենք հռչակելու այդ համագործակցության համար, առավել եւս՝ ժամանակն էլ ցույց է տվել, որ մենք գաղափարական նույնություններ էլ չունենք: Դա ե՛ւ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, ե՛ւ դրանից առաջ ընկած ժամանակահատվածը: Հետևաբար` առայժմ մենք ունենք համագործակցության այն փոքրիկ դիապազոնը, որտեղ Երեւանի խնդիրների համար ուղղակի դիրքորոշումների ընդհանրություններ են ձեւավորվում ԲՀԿ-ի եւ «Բարեւ Երեւանի» միջեւ: Դրանից դուրս ես առայժմ այլ բան չեմ տեսնում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031