Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հուլիսի 1-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Իսկ դրան նախորդել էր այն, որ Ֆրանսիայի Նիս քաղաքի նախկին, ներկայումս՝ Ստրասբուրգի հոգևոր հովիվ տեր Վաչե քահանա Հայրապետյանի պատճառով Վեհափառ հայրապետը՝ սրբազանին հրապարակավ շատ կոպիտ նկատողություն էր արել: Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը Ֆրանսիայում գործող «Այբ FM» հայկական ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել էր, որ ի սկզբանե կաթողիկոսը միշտ թերագնահատել է իր գործելաոճը եւ հոգեւոր պարտականությունների կատարումը:
Այժմ Ֆրանսիայի թեմի առաջնորդի տեղի համար նոյեմբերին սպասվում են ընտրություններ ու մի քանի թեկնածու է գծագրվել:
Թեմական ընտրություններով զբաղվող մարմինն առաջարկել է Բելգիայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ հայր Զատիկ վարդապետ Ավետիքյանին մասնակցել ընտրություններին: Մյուս թեկնածուններն են Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Նիսի հոգեւոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանը եւ Հարավային Ֆրանսիայի առաջնորդական փոխանորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:
Aravot.am-ի տեղեկություններով, Վեհափառ Հայրապետի թեկնածուն եւ Մայր Աթոռի ֆավորիտը Վիգեն սրբազանն է, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ թեմականի կողմից առաջադրված Տաթեւ սրբազանը Մայր աթոռից ստացված զանգի արդյունքում հանի իր թեկնածությունը, քանի որ, ամենայն հավանականությամբ, անցնող թեկնածու էր: Ինչ վերաբերում է Զատիկ վարդապետին, նա առաջարկվել էր ընդամենը մեկ հոգու կողմից, իսկ մյուս անդամները դեմ են եղել:
Կարդացեք նաև
Այսպիսով, Տաթեւ սրբազանի թեկնածությունը հանվել է՝ Մայր աթոռի զանգով, Զատիկ վարդապետի թեկնածությունը կտրականապես մերժվել է Ֆրանսիայում հոգեւոր ծառայության ժամանակ հոգեւորականին ոչ հարիր, ոչ ժուժկալ ու աշխարհիկ անցյալի պատճառով, Մեսրոպ վարդապետը տարիքային խնդիր ունի՝ 33 տարեկան է, մինչդեռ հոգեւոր առաջնորդ լինելու համար տարիքային պարտադիր ցենզը 35-ն է:
Փաստորեն, Ֆրանսիայի թեմի հոգեւոր առաջնորդի տեղի համար «պայքարելու» են Վիգեն սրբազանն ու հայր Գրիգորը: Իսկ իրականում, ոչ մի «պայքար» էլ չի լինելու, քանի որ հայր Գրիգորի թեկնածությունը ձեւական է, ընտրության իմիտացիա ստեղծելու նպատակով:
Մայր Աթոռի մեկնաբանությունները՝ առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ