«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նոր առաջարկություն է արել ոչ իշխանական բոլոր ուժերին: Ըստ նրա, երբեք համակարգային իշխանափոխությունն այնքան հրատապ չի եղել, ինչքան այսօր է: Ռուբեն Հակոբյանն առաջարկում է համակարգային արմատական փոփոխությունների հասնելու 2 տարբերակ:
ա. Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, (նրանց կարող են միանալ նաեւ ոչ խորհրդարանական քաղաքական եւ քաղաքացիական միավորները), ձեւավորում են համակարգային արմատական փոփոխությունների միասնական քաղաքական օրակարգ եւ այն ներկայացնում են իշխանություններին` համատեղ այն իրականացնելու համար: Պետք է նկատի ունենալ, որ որեւէ արմատական փոփոխություն չի կարող իրական լինել, եթե այն իր մեջ չի ներառում նախագահական, խորհրդարանական եւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: Եթե իշխանությունները չեն ընդունում ստեղծված ծանր իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ոչ իշխանական ուժերի այս առաջարկությունը (իսկ Հայաստանին նետված ներքին եւ արտաքին մարտահրավերների վտանգավորությունը մեզանից պահանջում է բացառիկ միասնություն), ապա ոչ իշխանական ուժերը պարտավոր են`
բ. մի կողմ թողնել միմյանց նկատմամբ ունեցած անհանդուրժողականությունն ու վերապահումները եւ միասնաբար Հայաստանում իրականացնել համակարգային իշխանափոխություն: Միասնական քաղաքական օրակարգը եւ դրա իրականացման գործընթացը հասարակության համար պետք է լինի համոզիչ, թափանցիկ եւ դրանով իսկ` վերահսկելի: Համոզված եմ, որ եթե խորհրդարանական ոչ իշխանական ուժերը անկեղծորեն իրենց առաջնորդներով եւ հիմնական թիմակազմերով կողք-կողքի կանգնեն (կարծում եմ նրանց կմիանան նաեւ ոչ խորհրդարանական ուժերը), ապա իշխանափոխությունը Հայաստանում կդառնա անխուսափելի եւ առաջիկա ամիսների հարց:
Այս առաջարկների առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հակոբյանն ասաց. «Ճիշտ կլինի, որ իշխանական եւ ոչ իշխանական ուժերը միասին հավաքվեն եւ քննարկեն իրավիճակից դուրս գալու ելքերը: Որեւէ լուծում պետք է համարժեք լինի ստեղծված իրավիճակին: Իշխանությունը պետք է ընդունի մի պարզ իրողություն ՝ չափազանց ծանր է վիճակը: Ճշմարտությունն այն է, որ այս բոլոր ախտերը կուտակվել են անցած 23 տարիների ընթացքում եւ դրան գումարած ներկայիս՝ բավականին ագրեսիվ արտաքին մարտահրավերները: Իշխանությունը պետք է պատրաստ լինի ոչ իշխանական ուժերի հետ անկեղծ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելուն եւ լուրջ զիջումների՝ ընդհուպ մինչեւ համապետական ընտրություններ: Քանի որ շատ անվստահելի է դարձել քաղաքական դաշտը, այդ միասնական օրակարգի ձեւավորումը պետք է լինի հրապարակային: Հասարակությունը պետք է տեսնի քննարկումը եւ հասկանա՝ ով է ավելի անկեղծ եւ ով է պատրաստ այս ծանր իրավիճակում լուծումներ առաջարկել եւ իրականացնել: Ես չգիտեմ՝ կանի՞ դա իշխանությունը: Իշխանությունը նախագահական ընտրություններից հետո բացարձակ պատրաստ չէր որեւէ զիջումների: Եթե պետք է իշխանությունը հերթական անգամ գա եւ ասի՝ ընդդիմություն, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով եմ տալիս, գնացեք ձեր համար գործ արեք, հասկանալի է, որ դա ձեռ առնելու նման մի բան է եւ քաղաքական իրավիճակի համարժեքության հետ բացարձակ կապ չունի: Պետք է հասկանան, որ այս համատարած թալանը, կոռուպցիան, իշխանության նկատմամբ հասարակության մեծամասնության բացարձակ անվստահությունը, հասարակության մեծամասնության մոտ տիրող բարոյահոգեբանական ընկճված վիճակը, որ կա, դրանք սահմանադրական բարեփոխումներով չէ, որ լուծվելու են: Լուրջ քայլեր են պետք: Շատ կուզենայի, որ այս իշխանությունը ունենար այդ իմաստությունը»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ նմանատիպ առաջարկություններ արդեն եղել են, եւ իշխանությունը կատեգորիկ մերժել է դրանք, ինչո՞ւ պետք է հիմա ընդունեն դրանք, երբ ընտրական գործընթացներ էլ չկան եւ ունեն արդեն իրենք իրենց տեղերը՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ այս իշխանություններին, գիտեմ, թե նրանք ինչի կարող են գնալ եւ ինչին չգնալ, բայց բոլոր դեպքերում, եթե կա թեկուզ 1 տոկոսի հավանականություն, ես, որպես քաղաքական մարդ, պարտավոր եմ տեսնել այդ տարբերակը, ինչը միակն է եւ ճշգրիտն է, որը կարող է երկիրն առանց ցնցումների դուրս բերել այս վիճակից: Եթե Սերժ Սարգսյանը գնա այդ քայլին, չեմ կարծում, որ ներսում իրեն կարող են խանգարել: Եթե ինքը որոշի, չեմ կարծում, որ չուզենալով հանդերձ՝ կկարողանան իրեն հակառակվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իշխանությունը չունի այդ իմաստությունը՝ նույնիսկ մեկ տոկոսի հավանականությամբ: Մի անգամից անցեք պլան Բ-ին: Մեզ պետք են մաքուր մարդիք, որոնք որևէ ձևով կապ (նույնիսկ խնամիական) չունեն ՀՀԿի հետ: