Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերլիազորների» գործով դատարան էր եկել ձյուդոյի մարզիչը

Օգոստոս 07,2013 17:36

IMG_0739 IMG_0738 IMG_0740Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ավարտեց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերլիազորներ Խաչատուր Բարխուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում գողության կասկածանքով բերման ենթարկված Ռոբերտ Հովսեփյանին խոշտանգումների ենթարկելու համար:

Հայտարարվեց դատական վիճաբանությունների փուլ եւ դատարան ներկայացած նոր մեղադրողը՝ Գեւորգ Երեմյանը (մեղադրանքը նախկինում պաշտպանում էր Ջոն Ֆարխոյանը), խնդրեց 10 օր ժամանակ՝ մեղադրական ճառին պատրաստվելու համար: Մեղադրողը ստացավ նաեւ փորձագետի թիվ 2237 եզրակացությունը, համաձայն որի՝ պետք է պարզվեին այդ գործով ոստիկանության բաժնում բերման ենթարկվելու արդյունքում խոշտանգված, տուժող ճանաչված Ռոբերտ Հովսեփյանի առողջության հետ կապված հարցերը: Մասնավորապես՝ Հովսեփյանի ականջի թմբկաթաղանթի վնասվածության ժամկետը: Ըստ փորձագիտական եզրակացության, տուժողի զննման ժամանակ թմբկաթաղանթի շրջանում արյան հետքեր չեն եղել, նրա ականջի թմբկաթաղանթի վնասվածքի վաղեմության ժամկետը հնարավոր չի եղել որոշել:

Դատավորը հրապարակեց փորձագիտական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ տուժողը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել դեպքից 3 օր անց եւ նրան տրվել է քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվության ուղեգիր: Քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից Հովսեփյանը խորհրդատվության է ենթարկվել դեպքից շուրջ 15 օր հետո եւ նրա կողմից տրված խորհրդատվության թերթիկում վնասվածքի՝ թմբկաթաղանթի թափածակման վաղեմության մասին գրառումներ չեն կատարվել, այսինքն՝ չի որոշվել թափածակման վաղեմությունը: «Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ այլ բժշկական փաստաթղթերի բացակայության պատճառով, առաջնային փորձաքննության ընթացքում, ինչպես նաեւ ներկայիս փորձաքննությամբ ձախ թմբկաթաղանթի թափածակման վաղեմությունը որոշել հնարավոր չէ: Եթե երկու ձեռքի ափերով նույն ուժով միաժամանակ ականջախեցիների շրջանում հասցվեն հերմետիկ հարվածներ, կարող են առաջանալ թմբկաթաղանթների երկկողմանի պատռվածքներ, թափածակումներ, իսկ ափերից որեւիցե մեկի ոչ հերմետիկության դեպքում վնասվում է միայն մեկ ականջի թմբկաթաղանթը»,- արձանագրել էին երեք փորձագետները, մասնավորապես՝ ԱՆ ԴԲԳԳԿ կենդանի անձանց բաժնի վարիչի գլխավորությամբ:

Այսօր դատարան էր ներկայացել ձյուդոյի ֆեդերացիայի քարտուղար, Խաչիկ Բարխուդարյանի մարզիչ Դավիթ Խիթարյանը: Մեզ հետ զրույցի ժամանակ նա ասաց, որ նախկին մրցանակակից, ճանաչված մարզիկ Խաչիկ Բարխուդարյանը ակնհայտ սուտ ցուցմունքի վրա է կալանավորվել, ինչը անհանգստացնում է նաեւ ձյուդոյի ֆեդերացիային: Նա ասաց, որ դիմել են հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին, իսկ մեր հարցին էլ, թե որեւէ պատասխան ստացվե՞լ է նրանցից, Դ. Խիթարյանն ասաց, որ իրենց պատասխանել է միայն ոստիկանապետը եւ այդ նամակը, որքան տեղյակ է, կցվել է Հատուկ ծառայությունում հարուցված գործին:

Մարզիչը շեշտեց, որ անհիմն է նրան կալանքի տակ պահելը. «Մենք լսեցինք դատաբժշկական փորձագետների եզրակացությունը, որը չի հաստատվում: Եվ եթե անարդարացի որոշում կկայացվի նրա նկատմամբ՝ կդիմենք այլ միջոցների»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031