Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիքին սիրում է հուշարձաններ». Վիքիմեդիան հայտարարում է միջազգային լուսանկարչական մրցույթ

Օգոստոս 07,2013 17:43

 

Այս տարի Հայաստանն առաջին անգամ միանում է «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթին։ Այն ամենամյա բնույթ կրող մրցույթ է, որի մասնակիցները պատմական նշանակության հուշարձանների լուսանկարները բեռնում են Վիքիպահեստ՝ հնարավորություն տալով միլիոնավոր մարդկանց հաղորդակից լինելու իրենց երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի մշակութային ժառանգությանը։

Մի քանի նախադասություն մրցույթի պատմությունից. սկիզբ է առել 2010 թվականին Նիդերլանդներում։ Առաջին տարին դա կազմակերպել է հոլանդացի մի ուսանող, բայց տարեցտարի այն լայն թափ է ստացել և միայն նախորդ տարի մրցութի ընթացքում Վիքիմեդիա նախագիծ է ուղարկվել շուրջ 350.000 լուսանկար, և դրա շնորհիվ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենախոշոր լուսանկարչական մրցույթ։

Այս տարի մրցույթը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին, և մեկ ամիս շարունակ մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են իրենց լուսանկարները ներբեռնել Վիքիպահեստ, իսկ 10 լավագույն լուսանկարները կորոշի ժյուրին։

«Վիքիմեդիա Հայաստան» խորհրդի քարտուղար Մհեր Բեքարյանի պնդմամբ՝ մրցույթին միանալու գաղափարը դեռևս անցած տարի կար, սակայն նախագիծը բավական նախապատրաստական աշխատանք էր պահանջում, և միայն Հայաստանի Հանրապետության պետական հուշարձանների ցանկերը կարգի և ի մի բերելը աշխատատար գործ էր։ «Անցյալ տարի նախագծին միանալը իրատեսական չէր։ Այս տարի մեր խմբագիրներից Վաչագան Ղռաթյանը Իտալիայում կայացած Վիքիմեդիա հիմնադրամի համաժողովից վերադարձավ «Վիքին սիրում է հուշարձաններ» նախագծի գաղափարով ոգևորված և մեզ էլ վարակեց։ Նախագիծը իրագործելուն նպաստեց նաև այս տարի ստեղծված «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության օժանդակությունը»,— ասում է նա։

Ըստ Մ. Բեքարյանի՝ նախագիծը կօժանդակի Հայաստանի մշակութային արժեքների պրոպագանդմանը, նրանց կարիքներին ուշադրություն հրավիրելուն, լայն զանգվածների՝ հիմնականում երիտասարդության շրջանում ճանաչելի դառնալուն։ «Սիրում ենք արտասահմանցիների մոտ հպարտանալ, թե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց պարզ հարցախույզը ցույց է տալիս, որ հարևան փողոցի հուշարձանի մասին անգամ չգիտենք,— ասում է նա,— իսկ մրցույթի ընթացքում Վիքիպահեստում բեռնված նկարները, անկախ նրանից` մրցանակ կստանան, թե՝ ոչ, կարող են ազատ օգտագործվել ցանկացած Վիքի նախագծում, ցանկացած լեզվով։ Սա կօժանդակի մեր հուշարձանների ճանաչելիությանը։ Շատ հուշարձաններ ժամանակակից վանդալների ձեռքով ավերվում են, մնում շինհրապարակների ցանկապատերի ետևում և որոշ ժամանակ անց անհետանում։ Հուսանք, որ նմանատիպ գործելաոճին կխանգարի հուշարձանի լուսաբանումն ու ճանաչվածությունը»։

Չնայած, որ մրցույթին Հայաստանի «անդամակցության» մասին վերջերս է հայտարարվել` Մ. Բեքարյանը նկատել է, որ միջոցառման նկատմամբ հետաքրքրություն արդեն իսկ կա և ավելանում է` կապված մրցույթի մասսայական մեկնաբանման հետ՝ օգոստոսի 2-ի Արմենպրեսում կայացած ասուլիսը, զանազան կայքերում մեկնաբանումը և նախագծի նվիրյալների անձնական շփումով ագիտացիան լուսանկարչությամբ հետաքրքրված անձանց շրջանում։

Մրցույթով հետաքրքրվածների թվում է նաև 17-ամյա Դավիթը։ Ըստ նրա՝ միջոցառումը և´ ուսուցողական է, և´ ճանաչողական, և´ ինչո՞ւ չէ նաև բնապահպանական։  «Ընդհանրապես գրեթե բոլոր ֆոտոմրցույթներին մասնակցում եմ, սակայն այս մրցույթն իր տեսակի մեջ եզակի է։ Այն հիանալի հնարավորություն է Հայաստանի տասնյակ հազարավոր մշակութային հուշարձաններին ծանոթանալու, և այս ամենը, ինչո՞ւ չէ, նաև այլ ազգի ներկայացուցիչներին ցույց տալու համար»,— ասում է նա և հավելում, որ հույս ունի՝ իր նկարը ևս մրցանակ կստանա։

Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկելու է 2013 թվականի սեպտեմբերի 1-ին։ Իսկ Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

2010, 2011 և 2012 թվականներին առաջին հորիզոնական զբաղեցրած լուսանկարները

  •  «Վիքի սիրում է հուշարձաններ» մրցույթն առաջին ամգամ անցկացվել է Նիդերլանդներում՝ 2010 թվականին։ Այդ ժամանակ ժյուրիի կողմից հաղթող ճանաչվեց Ամստերդամի Վեյզելստրաատ 31 հասցեում գտնվող եռհարկանի շենքը։
  • 2011 թ.-ին մրցույթը դարձավ համաեվրոպական։ Մասնակցեց 17 եվրոպական երկիր։ Հաղթող ճանաչվեց Բուխարեստի մոտակայքում գտնվող Կիաժնա վանքը։
  • 2012 թ.-ին մրցույթն արդեն դարձավ միջազգային. մասնակցեց 34 երկիր, բեռնվեցին հարյուր հազարավոր լուսանկարներ։ Առաջին տեղը գրավեց Հնդկաստանի Դելի շրջանում Սաֆյաջանգի դամբարանը։
  • 2013 թ. – կարող է լինել և քո լուսանկարը ։P1 (73)2 (71)3 (74)

Դաթո Աբուլաձե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031