Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ակտիվիստն՝ ի պատասխան Տարոն Մարգարյանի. «Էական չէ` քանի հոգի է պահանջը ներկայացնում»

Օգոստոս 07,2013 17:27

«Վերջին շրջանում Տարոն Մարգարյանը սկսում է գրավել Գալուստ Սահակյանի տեղը` իր անբովանդակ արտահայտություններով: Առայժմ, որպես քաղաքապետի պաշտոնակատար, ոչ որպես քաղաքապետ Տարոն Մարգարյան, կուզեի ասել, թե էական չէ ` քանի հոգի է պահանջը ներկայացնում, էականն այն է` որքանով է քաղաքականորեն եւ իրավականորեն հիմնավոր ներկայացված այդ պահանջը»,- Aravot.am-ին ասաց «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստ Սեւակ Մամյանը` անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին արած պնդմանը, թե ինքը չի պատրաստվում կատարել «3-4 հոգու» ցանկությունները:

Սեւակ Մամյանը պաշտոնյաների պաշտոնանկությունների պահանջը համարում է ժողովրդական պահանջ, բայց. «Նույնիսկ եթե Հայաստանի մեկ քաղաքացի ներկայացնում է պահանջ, ապա պետական , տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները պարտավոր են քննել այդ հարցը: Այստեղ քանակը կարեւոր չէ, իսկ մեր պահանջների հիմնավորումը` թե իրավական, թե էթիկական, թե բարոյական դաշտում ամբողջովին ներկայացված է»:

Նստացույցի մասնակից Վահագն Մինասյանն էլ շարունակեց. «Պատուհանից նայել եւ տեսնել 3-4 հոգու եւ դրանից հետեւություն անել, որ սա 3-4 հոգու պայքար է, անմեղսունակության արդյունք եմ համարում: Ռեժիմին բնորոշ երեւույթ է: Ամեն կերպ քարոզչամեքենան փորձելու է աշխատել, իրենց արտահայտությունների մեջ փորձելու են արժեզրկել այս ամենը: Այսինքն` պաշտպանվողական բնույթի արտահայտություն է, հակված են զիջման չգնալու»;

Նրա խոսքերով, նստացույցի 13-րդ օրն է, եւ իշխանությունները փորձում են մի քանի օր էլ ձգձգել` նստացույցի մասնակիցներին «շարքից դուրս բերելու նպատակով». «Բայց այդպես չի լինի: Եթե նույնիսկ ես ու Առաքելյան Գոռն էլ առողջական խնդիրներ ունենանք եւ կարիք լինի ստացիոնար բուժման, մեզ հաստատ փոխարինողներ իրենց իսկ կամքով կլինեն, ուրիշ քաղաքացիներ կգան ու պայքարը կշարունակեն, մինչեւ մենք առողջանանք ու հետ գանք: Մինչեւ վերջ տանելու ենք պայքարը»:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ, ով երեկ միացել էր նստացույցի մասնակիցներին եւ քաղաքապետարանի պայմանական գրավմանը, մեզ հետ զրույցում ասաց, ավելի լավ կլինի Տարոն Մարգարյանը դիմի արդարադատության նախարարին` այդ հարցով խորհրդատվություն ստանալու համար. «Նա ընդունել է Սահմանադրությանը հակասող որոշում, եւ այն պաշտոնյաները, որոնք կատարել են Տարոն Մարգարյանի ընդունած Սահմանադրությանը հակասող որոշումը, պետք է հեռացվեն աշխատանքից: Դա թելադրում է հենց օրենսդրությունը: Տարոն Մարգարյանը գուցե դրա մասին չգիտի կամ փորձում է շրջանցել այդ հարցը ու կարող է այդ հարցով արդարադատության նախարարի մոտ կոնսուլտացիա ստանա: Քաղաքացիների համար ակնհայտ է, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում, եւ այդ խախտումը կատարող անձինք պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվեն: Դա նաեւ ամրագրված է օրենքով: Այստեղ պատասխանատվության կանչելու խնդիրը շատ լուրջ է, եւ դա հանրային եւ սահմանադրական պահանջ է, ոչ թե երեք հոգու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ani says:

    Մեր երկրում պետական ծառայության համակարգը դարձել է գործիք քաղաքացիների դեմ, այն քաղաքացիների, որոնք կերակրում են այդ պետական ծառայողին: Հաճախ պետք է հիշեցնել այդ ծույլ ու ոչ արհեստավարժ ծառայողներին (թող ներեն ինձ այն պետական ծառայողները, որոնք չեն մտնում այդ խմբի մեջ), որ մեր վճարած հարկերից են իրենք ստանում իրենց աշխատավարձները և ուրեմն գոնե թող բարի լինեն հարգալից լինել իրենց կերակրողների նկատմամբ:
    Վերջերս դժբախտություն ունեցա շփվել մաքսային մարմինների հետ: Իմ մի դիմումի մերժումը, առանց մերժման հիմքերի նշումով ստանալուց հետո որոշեցի զանգահարել այդ մերժման նամակը պատրաստող աշխատակցին և ճշտել, թե ինչ հիմքերով են մերժել իմ դիմումը: Եվ ոմն Լիլիթ սովետական գաստրոնոմի գործակատարին վայել տոնով ու մակարդակով ինձ պատասխանեց. ՛՛Ընկերուհի ջան, լավ էլ գիտեք ինչի ենք մերժել, ինչ եք Ձեզ միամիտի տեղ դրել՛՛: Որքան էլ մեծ էր զայրույթս ու վրդովմունքս, բայց ես հասկանում էի, որ անզոր եմ իմ քրտինքը լափող այդ պորտաբույծ պետական ծառայողին կարգի հրավիրել, եթե նույնիսկ հազար հոգանոց միտինգ հրավիրեի մաքսային կոմիտեի մուտքի մոտ: Պետական ծառայողի համար սահմանված էթիկայի կանոնները նույնքան ձևական են և չեն գործում, որքան մեր սահմանադրությունը և մնացած իրավական ակտերը

    • Հարգելի Անի, համոզված եմ, որ պայքարողը հասնում է արդյունքի: Հնարավոր է՝ փոքր, հնարավոր է՝ ուշ կամ նույնիսկ ուշացած (ցավոք), բայց արդյունք լինում է: Դեմ եմ Ձեր այն համոզմանը, որ անզոր ենք: Առավել ևս այսօր՝ համացանցի օրոք: Եթե բոլորն ասեին, որ միևնույնն է արդյունք չի լինի, ո՛չ ոք չէր պայքարի: Սակայն բոլոր պայքարողները հավատում են իրենց հաղթանակին. առանց հավատի պայքարն անիմաստ է: Եկեք հավատանք, որ յուրաքանչյուրս մեր չափով կարող ենք հաղթանակ տանել արդարության հասնելու գործում և քայլեր ձեռնարկենք դրա համար: )

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031