Հուլիսի 31-ին ակտիվիստները թույլ չտվեցին «Հ1», «Արմնյուզ» և «Շանթ» հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին նկարահանել Մաշտոցի պուրակում Հանրային ժողովը, որին ժամանել էին մասնակցելու նաև Հանրային խորհրդի որոշ ներկայացուցիչներ։ Քաղաքացիական շարժման ներկայացուցիչների հիմնական պնդումն այն էր, որ վերոնշյալ հեռուստաընկերությունների գործունեությունն ուղղորդված է, ինչը ոտնահարում է ազատ խոսքի իրավունքը: Ըստ ակտիվիստների՝ հեռուստաընկերությունները հաճախ խեղաթյուրում են փաստերն ու վարկաբեկում քաղաքացիական շարժումները:
Aravot.am-ը հեռուստաընկերություններից հետաքրքրվեց՝ արդարացի՞ են այս հիմնավորումները և ինչպե՞ս են գնահատում այն փաստը, որ այդպես էլ լրագրողներին թույլ չտրվեց լուսաբանել Հանրային ժողովը:
«Շանթ» հեռուստաընկերության լուրերի բաժնի վարիչ Աղասի Հունանյանն Aravot.am-ի հարցմանը գրավոր պատասխանեց. «Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը թե օրենքի և թե մի շարք այլ նորմերով արգելվող լկտի, գռեհիկ երևույթ է, անկախ այն բանից, թե ում կողմից և ինչ պատրվակով է արվում: Անդրադառնալով պատրվակին. հիշյալ ակցիան մեկնարկի օրից մինչև ավարտը մեր լրատվության թիվ մեկ իրադարձությունն է եղել: Այժմ էլ շատ հանգիստ կարելի է մտնել «Շանթի» պաշտոնական կայքէջ և «Հորիզոնի» թե հիմնական և թե «Կիրակնօրյա» վերլուծական թողարկումները դիտելով` համոզվել լուսաբանման անաչառության աստիճանի հարցում: Այդպիսի խնդիր չէր կարող լինել. ուղղակի մի խումբ նյարդային երիտասարդների հավանաբար չէր բավարարել իրենց` կադրում հայտնվելու աստիճանը և նրանք որոշեցին խոչընդոտել:
Ի դեպ, բավականին տեղին է հիշել հատկապես այն հանգամանքը, որ հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակում լրագրողների աշխատանքը խոչընդոտելը սուր քննադատության ենթարկվեց «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի բուն կազմակերպիչների և իրականացնողների կողմից»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մանրամասները՝ «Առավոտի» վաղվա տպագիր համարում
Իսկ միթե՞ Շանթը կողմնակալ հեռուստաընկերություն չէ: Հենց վերջերս Շանթը ցուցադրեց մի դրվագ Գուրգեն Եղիազարյան – Մկրտիչ Մինասյան բանավեճից, և եթե ես ամբողջ ասուլիսը տեսած չլինեի Գալա-ի էջում, լրիվ ուրիշ կարծիք կկազմեի Գորիսի դեպքերի մասին: Շանթը միայն ցույց տվեց ՀՀԿի տեսակետը, թաքցնելով մեր առողջ մտածող ու հայ ազգի արժանի զավակ Գուրգեն Եղիազարյանի պատասխանը իր օպոնենտին:
Կամ Շանթը չէ՞ր որ ազատեց Արմեն Դուլյանին Ֆեյսբուքում կառավարությանը անուղղակի դիպչելու համար: Շանթը աղավաղում է լուրերը և ցուցադրում ՀՀԿի պրիզմայով անցկացնելուց հետո միայն:
Համաձայն եմ այն մտքի հետ որ լրագրողներին չի կարելի խոչընդոտել, բայց արդյո՞ք Շանթը իր լրագրողին տալիս է իր գործը անելու հնարավորություն: