Այս տարվա մայիսի 20-ին ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը մեր հասարակության տարբեր շերտերում դժգոհությունների տեղիք տվեց, մասնավորապես, օրենքում առկա «գենդեր, գենդերային» հասկացությանը տրված սահմանումը` «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Ոչ գենդերային հավասարության մասին օրենքին» խումբ, որտեղ կարծիքներ են հնչում, թե այս օրենքը ազգային դավաճանություն է: Խմբի անդամները ստորագրահավաք են կազմակերպել օրենքի դեմ: Խմբում նույնիսկ տեղադրում են այնպիսի տեսանյութեր, որով փորձում են ցույց տալ, որ Հայաստանում նույնասեռականություն է քարոզվում, եւ որ այս օրենքը պարտադրված է Եվրամիությունից ու այն պետք է անպայման գործարկվի:
Նշենք, որ օրենքն արդեն լրամշակվում է, որին մասնակցում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Aravot.am-ն այսօր փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն կարծիքներին, ըստ որի «գենդերային հավասարության» այս օրենքը պարտադրված է Եվրամիությունից: «Լավ էլի, լավ էլի, մեզ ոչ ոք, ոչ մի բան չի կարող պարտադրի այս տիպի բաներում, կարող է ուրիշ բաներում պարտադրեն, բայց այս տիպի բաները կուզենք կընդունենք, կուզենք` չենք ընդունի: Եթե նրանց նայենք, օրինակ Եվրոպայի շատ երկրներում` ի¯նչ նման օրենք, այնտեղ նույնիսկ միասեռական ամուսնությունը թույլ տալուց հետո, թույլ են տալիս միասեռ ընտանիքում երեխա որդեգրել: Այդ այլանդակությունները մենք ո՞նց կարող ենք ընդունենք: Եվրամիություն է, թող գնան իրենք իրենց պարտադրեն, նրանք նման մշակութային բաներ չեն կարող մեզ պարտադրել»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին էլ, ի վերջո օրենքն ի՞նչ է տալու մեր հասարակությանը եւ արդյոք բոլոր դռները բացվելու են կանանց համար, պարոն Բերիկյանն ասաց. «Մենք փորձում ենք մոնիթորինգի մեխանիզմ մտցնել, որեւէ նոր բան չենք պարտադրելու: Օրինակ` տեղական ինքնակառավարման մարմիններում ուղղակի աշխատեցնելու ենք այլ օրենքները: Հասարակությունը տեսնելու է, որ տարբեր սեռերին հնարավորինս հավասար հնարավորություններ են ընձեռնվում, ոչ թե աղջիկների 80%-ը գնա ԲՈՒՀ-ում սովորի, հետո տունը նստի, աշխատելու հնարավորություն չունենա, եւ այլն եւ այլն: Այս արտագաղթի պայմաններում իգական սեռի մեր մտավոր պոտենցիալը կորցնում ենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի