Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն Սուրիկ Խաչատրյանին պատգամավորի թեկնածու չի առաջադրի

Օգոստոս 07,2013 16:30

«Ազատություն» ռադիոկայանԻշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է օգոստոսի 10-ից հետո որոշել թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի իր թեկնածուին։ ԹԵկնածու իշխող կուսակցությունն անշուշտ առաջադրելու է, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Սյունիքի մարզի մի մասն ընդգրկող այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին, թեկնածուների առաջադրումը երկուշաբթի օրվանից՝ օգոստոսի 5-ից սկսված է և կավարտվի օգոստոսի 15-ին։ Ինչպես փոխանցեցին թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, այս պահին դեռ որևէ առաջադրում չկա։

«Մենք կառաջադրենք թեկնածություն, պարզապես Գործադիր մարմնի անդամների մի մասը արձակուրդում են, տարբեր տեղերում են։ Կարծում եմ՝ ամսի 10-ից հետո կհավաքվենք, կորոշենք» ,- ասաց Գալուստ Սահակյանը։

Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրության անհրաժեշտություն առաջացավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ սկանդալային իրադարձությունների հետևանքով, երբ Խաչատրյանը իր տան մոտ մահացու ելքով փոխհրաձգությունից հետո հրաժարական տվեց, և թիվ 38 ընտրատարածքից ընտրված 36-ամյա պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց մարզպետի պաշտոնում։ Մամուլում համառորեն շրջանառվում են լուրեր, որ նորանշանակ մարզպետի հորեղբորորդուն՝ Առնոլդ Հակոբյանին է Հանրապետականը մտադիր այս ընտրատարածքից պատգամավոր առաջադրել։ ՀՀԿ փոխնախագահը ոչ հերքեց, ոչ հաստատեց այս լուրերը։

«Թեկնածուների պակաս չունենք, պարզապես չենք ցանկանում այդ ուղղությամբ վերլուծել, որպեսզի որոշակի լարվածություն չառաջանա ։ Շատ թեկնածուներ ունենք, շատ»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Որպես պատգամավորության հավանական թեկնածուներ շրջանառվում են նաև Կապանի նախկին քաղաքապետ,Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանի, ՀՀԿ նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանի, նույնիսկ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունները (Սյունիքի նախկին մարզպետը ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարն է)։ Գալուստ Սահակյանը բացառեց միայն Սուրիկ Խաչատրյանին առաջադրելու հնարավորությունը։

«Ոչ, չեմ կարծում, ինքը նույնիսկ նման խոսակցություն չի էլ վարում, մտքով էլ չի անցնում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Բացի Հանրապետական կուսակցությունից, առայժմ որևէ այլ քաղաքական ուժ չի հայտարարել թեկնածու առաջադրելու միանշանակ մտադրության մասին։ Այս պահին միայն «Ժառանգություն» կուսակցությունն է քննարկում այդ հարցը, որի վերաբերյալ կուսակցականների կարծիքները բաժանվում են։

«Առաջիկա երկու օրը վերջնական կպարզվի՝ թեկնածություն կառաջադրենք, թե՝ ոչ»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.- «Եվ մասնակցելու հետ կապված կողմ կարծիքներ կան հիմնավորված, և չմասնակցելու հետ կապված հիմնավորված կարծիքներ կան։ Չեմ անձնավորի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ վարչության անդամներից ով ինչ կարծիք ունի, ես իմ կարծիքը կարող եմ ասել, ես կարծում եմ՝ չարժե մասնակցել»։

Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի այս ընտրություններին, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց կուսակցության ղեկավար անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Հայ ազգային կոնգրեսը և ՀՅ Դաշնակցությունը թեկնածուներ առաջադրելու հարց դեռ չեն քննարկել։
Իրինա Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031