Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները տրորելով ոչնչացրել են դաժան սպանության հետքե՞րը (տեսանյութ)

Օգոստոս 07,2013 16:28

P3172334Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը թևակոխեց ապացույցների հետազոտման փուլ:

Դաժան սպանության մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հատ-հատ մեկնաբանում էր քրեական գործում տեղ գտած փաստաթղթերը` դատավոր Մարտին Սարոյանին խնդրելով ուշադրություն դարձնել նախաքննական մարմնի ապօրինությունների վրա:

Գործում տեղ գտած փաստաթղթերից շատերը, որոնք հիմնականում գրված էին այս սպանության գործով քննչական խմբի անդամ Արտյոմ Օվսյանի ձեռքով, անընթեռնելի էին: Անհասկանալի էին նաև արձանագրված ժամերը: Լուսինե Սահակյանը հրաժարվեց դրանք ընթերցել`փոխարենն առաջարկելով, որ փաստաթղթերը հրապարակի դատախազ Արմեն Մարուքյանը: Դատախազն էլ դժվարանում էր ընթերցել: Լուսինե Սահակյանն էլ իր հերթին նեղսրտեց. «Եթե չեք կարողանում ընթերցել, ասեք` այս հատվածը ընթեռնելի չէ, ոչ թե ենթադրեք, թե ինչ բառ է գրված»:

Դատախազն էլ ընթացքում իր հերթին նեղվեց փաստաբանից . «Հարգելի պաշտպան, եթե ձեր ասածը գրված չէ, ի՞նչ կարդամ»: Փաստաբանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ո՞վ է գտել դիակը, քանի որ դրանք փաստաթղթերում չկան:

Այնուհետ Լուսինե Սահակյանը, դառնալով դատախազին, հարցրեց, թե նման անընթեռնելի ու անհասկանալի փաստաթղթերով ինչպե՞ս կարող էր հսկողություն իրականացնել նախաքննական մարմինը: Այստեղ միջամտեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանը`ասելով. «Հարգելի դատարան, դատարան հրավիրեք քննիչին, թող նա ընթերցի, հո փաստաթուղթն էլ սարքելով չէ, սարքեցին, որ ես եմ սպանել, հիմա ի՞նչ են ուզում, ինձ ազատ թողեք, թող սպանողին գտնեն»:

Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ սպանվածի դեմքին եղած արյան հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ կրակոցը եղել է շատ մոտիկ տարածքից, սակայն կրակողը մեքենայի ներսում չի եղել, այլ նա կանգնած է եղել դրսում, միայն նրա ձեռքերն են եղել ներսի հատվածում: Ըստ փաստաբանի, այսպես ենթադրելու առիթ տալիս է այն, որ Կարեն Եսայանի կողքի նստատեղին արյան լղոզված հետքեր չկան, իսկ կրակողը «բռիզգի» պայմաններում չէր կարող չարյունոտվել , այսինքն՝ հանցագործի վրա պետք է լինեին Կարեն Եսայանի արյան հետքերը:

Փաստաբանի համար վիճահարույց էր նաև «մեքենայի նախկին դիրք» հասկացությունը: «Սա նշանակում է , որ ոստիկանությունը մեքենան տեղափոխել, նոր ինչ-որ զննություններ է անցկացրել»,- ասաց փաստաբանը:

Նա նաև հայտարարեց, որ ըստ լուսանկարների, բացի դեպքի վայրը տեղազննող ոստիկաններից, ով ասես եղել է: «Անհասկանալի է՝ մյուսները ի՞նչ գործ ունեին այդտեղ, վերջիվերջո կատարվել է ծանր հանցագործություն, որտեղից պիտի ոտնահետքեր վերցնեին, իսկ ահա ոստիկանները, մյուսները արդեն իսկ թողել են բազմաթիվ ոտնահետքեր, նայեք լուսանկարներին, դուք կտեսնեք բազմաթիվ մեքենաների անվադողերի հետքեր: Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա, եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները տրորում են հանցագործի ոտնահետքերը, այդտեղ հանցագործության բացահայտում չէր կարող լինել»,-ասաց փաստաբանը:

Նա ցույց տվեց նաև լուսանկարներ, որոնց մի մասը նկարվել է գիշերը, մյուսը` ցերեկը, այսինքն՝ նույն ժամանակահատվածում չեն լուսանկարել: Ավելին, Ջիվանու փողոցի 54 տան բակում կատարված լուսանկարներում կանաչ ծառեր էին, ամառային եղանակ, մինչդեռ հանցանքը կատարվել է ապրիլին, իսկ Գյումրիում այդ ամսին սովորաբար ձյուն է:

Փաստաբանը խնդրեց ուշադրություն դարձնել մեկ այլ էական փաստաթղթի վրա: 17.30-ին ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել Կարեն Եսայանի սպանված լինելու, դիակը գտնելու մասին, նա դեռ փնտրվել է որպես անհետ կորած, սակայն Հարություն Սարգսյանին հենց այդ ժամին ոստիկանություն բերման են ենթարկել սպանություն կատարելու կասկածանքով: «Ո՞ր իրավունքով, էդ ի՞նչ օպերատիվ-հետախուզական տվյալներ ուներ ոստիկանությունը , որ Կարեն Եսայանը սպանված է, և եթե նման տեղեկություն ուներ, ապա ինչո՞ւ ոստիկանությունը ինքը չի փնտրել Կարեն Եսայանի դին, այլ Վարդան Ղուկասյանի կողմնակիցներն էին փնտրում: Եվ ինչո՞ւ բերման ենթարկվեց հենց Հարություն Սարգսյանը, ոչ թե Պողոս Պողոսյանը: Եվ ինչպե՞ս հասկանալ. Հարություն Սարգսյանին ժամը 17.30 բերման են ենթարկում սպանություն կատարելու կասկածանքով, և սա այն դեպքում, երբ դիակը հայտնաբերվել է 20.15-ին: Էդ ի՞նչ գիտեին, որ Կարենը սպանված է: Եվ ինչպե՞ս է, որ իմ պաշտպանյալին բերման ենթարկելով` նրանից անմիջապես քսուքներ, հետքեր էին վերցնում, բնակարանային խուզարկություններն էին կատարում` առանց հիմքի: Մի հարց էլ` ի՞նչ իրավունք ուներ քրեական գործ հարուցել քննչական խմբի անդամ Արտյոմ Օվսյանը, երբ քննչական խումբը ունեցել է ղեկավար` Հայրապետյանն է եղել, էդ ո՞ր իրավունքով, Հայրապետյանն էլ, դատելով արձանագրված ժամերից, 5 րոպեում Երևանից հասավ Գյումրի՞, ո՞վ կհավատա սրան», – վրդովվեց Լուսինե Սահակյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031