Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Տարոն Մարգարյանը կեղծում է՝ հայտարարելով, թե ինքը գիծ չունի» (Տեսանյութ)

Օգոստոս 07,2013 16:16

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ գծատեր լինել-չլինելու հարցը վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է: Aravot.am-ը Երեւանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց՝ այն, որ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, թե ինքը գիծ չունի, նրա ո՞ր որակների մասին է խոսում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ յոթ տարի առաջ այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե իր որդին՝ Տ. Մարգարյանը գծատեր է: Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ստելը երբեք չի կարող քաղաքական գործչի օգտին լինել: Երբ նախընտրական շրջանում բարձրացվեց Տարոն Մարգարյանի եկամուտների, հայտարարագրված միլիոնների մասին, ակնարկներ հնչեցին, որ Անդրանիկ Մարգարյանի փայն է դա եղել: Բայց պարզվում է, որ Անդրանիկ Մարգարյանը գործարար չի եղել, Տարոնն է գործարար եղել: Ու այդպես էլ հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե ով է աշխատել այդ 6-7 միլիոնը. Տարո՞նը, ով հերքում է, որ բիզնեսով է զբաղվել թաղապետ լինելու տարիներին, Անդրանիկ Մարգարյա՞նը, որը հերքում է, որ վարչապետ է եղել և բիզնեսով է զբաղվել, բայց հաստատում է, որ իր տղան բիզնեսով է զբաղվում: Հասարակության համար ամեն ինչ պարզ է, որ պաշտոնյան ակնհայտ ստում է»:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը պարզաբանելով իր եւ հոր պնդումների միջեւ հակասությունը՝ NEWS.am-ին ասել էր. «Այո, ես հիմա էլ եմ կրկնում, որ գծատեր չեմ: Ինչ վերաբերում է հորս ասածին, ապա այն եւս ճիշտ է: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրս այդ մասին ասել է 7 տարի առաջ, մինչդեռ ինձ ուղղվող հարցը այսօրվա մասին է, ինչին ես հստակ պատասխանել եմ»:

Անդրադառնալով Տ. Մարգարյանի այն հայտարարությանը, թե ինքը ժամանակին հրաժարվել է «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ից և այլևս գծեր չունի՝ Ս. Սաֆարյանը հակադարձեց. «Այդ դեպքում Ավանի ընտրությունների ժամանակ այդ գծերը սպասարկող 32 և 15 երթուղայինները ի՞նչ գործ ունեին ընտրողներին ընտրատեղամաս տեղափոխելու հարցում: Քաղաքապետարանի իմացությամբ դադարեցվել էր հանրությանը ծառայություններ մատուցելը այդ երթուղիներով: Տարոնի ասածը հերքող այնքան ապացույցներ կան: Տարոն Մարգարյանը պիտի ապացուցի, որ այդ հարյուր տասնքանի միլիոն դրամի կապիտալ ունեցող ընկերության օտարումը, Արտակ Բունիաթյանին փոխանցելը արտացոլված է իր եկամուտների հայտարարագրում: Եթե անգամ փոխանցել է, ինչո՞ւ էին երթուղային գծերից հանվել միկրոավտոբուսները, երբ ծառայում էին դեկտեմբերի երկուսին ընտրողներին ընտրատեղամաս փոխադրելու համար: Սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի ընտանիքը կապ ունի ուղևորափոխադրում իրականացնող այդ երկու ընկերությունների հետ: Այնտեղ էին նաև «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող այլ միկրոավտոբուսներ, որոնք նույնպես գծերից հանվել էին, կարծում եմ՝ քաղաքապետի իմացությամբ: Մի՞թե Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, որը դիսպետչերներ է նշանակել, իբր թե երրորդ դիսպետչեր կա, որ հսկում է, թե միկրոավտոբուսը երթուղու մեջ է կամ ոչ, դեկտեմբերի 2-ին նրանք ի՞նչ են ներկայացրել: Չորս գծեր սպասարկող միկրոավտոբուսներ հանվել են գծերից: Ապացույցներն այնքան շատ են, որ Տարոն Մարգարյանը ստում է, որ ինքը գծատեր չէ»:

Պարոն Սաֆարյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է հետևություններ անի. «Հանրապետական կուսակցության ղեկավարությունը և առաջին հերթին գործող նախագահը ինքը պիտի հետևություններ անեն, թե ինչ է սա նշանակում և բացատրություններ տան: Եթե իրավապահները չեն ցանկանում մատը մատին խփել և արձագանքել այս խնդրին, ապա գոնե քաղաքական ղեկավարությունը պիտի արձագանքի, այլապես հասարակության համար պարզ է և ակնհայտ, որ Տարոնը թաքցնում է իրականությունը, ստում է և կեղծում՝ հայտարարելով, թե ինքը գիծ չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031