Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում բուժհաստատություններում անցկացվող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Ի դեպ, քաղաքապետարանի հայտարարած հերթական ակցիային, ավանդույթի համաձայն, մասնակցում են ոչ միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության, այլև հանրապետական նշանակության մի շարք բուժհաստատություններ:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել ակցիային մասնակցության պատրաստակամության ու աջակցության համար, և ընդգծել, որ արդեն ավանդական դարձած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական. <<Բուժհաստատություններում մեկնարկած անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում երևանցիներին հնարավորություն է տրվել շուրջ մեկ ամիս անցնել անվճար բուժհետազոտություն, ստանալ խորհրդատվություն, հարկ եղած դեպքում` նաև վիրահատվել անվճար: Մեր հիմնական նպատակն այն է, որ հատկապես սոցիալապես անապահով մեր համաքաղաքացիները նմանատիպ ակցիաների շրջանակում հնարավորություն ունենան ստանալ անհրաժեշտ որակյալ բուժօգնություն: Լիահույս եմ, որ հնարավորին շատ քաղաքացիներ կկարողանան օգտվել այս հնարավորությունից, ինչը թույլ կտա որոշակիորեն հոգ տանել նաև նրանց առողջական խնդիրների լուծման համար>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին նմանատիպ կարևոր նախաձեռնությունների համար և ընդգծել, որ անվճար բուժօգնության ակցիաների անցկացումն իսկապես սպասված է բնակիչների կողմից: Նրանք մեկ անգամ ևս վստահեցրել են, որ լիարժեք կիրականացնեն քաղաքացիների սպասարկումը:
Հաշվի առնելով, որ հանդիպմանը ներկա գտնվող բուժհաստատությունների ղեկավարների մեծ մասն ընդգրկված է նաև Երևանի քաղաքապետարանին կից բուժհաստատությունների տնօրենների խորհրդի կազմում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է մշակել ու առաջիկայում ներկայացնել նաև մայրաքաղաքի առողջապահական ոլորտի բարեփոխումների հետ կապված իրենց մոտեցումներն ու առաջարկները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ոչ մի կին ղեկավար բազմամարդ սեղանի շուրջ …. տխուր պատկեր…