Օգոստոսն է, ձմերուկի սեզոնը, սակայն Նոյեմբերյան քաղաքի վաճառքի կետերում ձմերուկը վաճառվում է կիլոգրամը 160 դրամով: Այստեղ իրացվում է մոտ 25 կմ հեռավորությունից, Վրաստանից ներկրված ձմերուկ: Վրաստանից ձմերուկ ներկրող եւ այն Նոյեմբերյանի խանութներին հանձնող առեւտրականներից տեղեկացանք, որ Հայաստանում այս տարի ձմերուկի լավ բերք չկա, դրա ցանքերը արեւից խանձվել են: Նրանք հայտնեցին, որ իրենք ձմերուկը Վրաստանում գնում են կիլոգրամը 29 թեթրիով: Մեկ լարին այժմ համարժեք է 255 դրամին, 29 թեթրին ՝ 74 դրամին:
Հայ-վրացական սահմանը հատելով, մոտ 25 կմ տեղափոխվելով՝ ձմերուկը ավելի քան կրկնակի թանկանում է: Իհարկե, Նոյեմբերյանում վաճառվող ձմերուկի թանկ գնի մեջ ներառված են նաեւ այն Վրաստանից ներկրողի եւ Նոյեմբերյանում վերավաճառողի հասույթները: Սակայն, իրական մրցակցության դեպքում ձմերուկն այդքան թանկ կլինե՞ր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ