Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ հասկանում են` սա տանում է պեդոֆիլիայի, սա տանում է զոոֆիլիայի». «գենդերային» օրենքի հասարակության ընկալումը սխալ է (Տեսանյութ)

Օգոստոս 07,2013 15:14

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի այն կետը, որը դժգոհությունների առիթ է տվել, փոփոխության կենթարկեն. օրենքի լրամշակման աշխատանքներին միացել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց փոփոխված տարբերակը, որը հնարավոր է եւ ընդունվի: Խնդրահարույց հատվածը` «գենդեր» հասկացության բացատրությունը` «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք», քննարկումներից հետո գուցե հանվի. «Գենդեր, գենդերային` կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակարգ, սոցիալապես ամրագրված վարք, որն արտահայտում է հասարակության բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու արժանապատվությունը: Տարբերակների վրա աշխատում ենք, մեր կարծիքը կուղարկենք կառավարություն»:

Մանրամասն` տեսանյութում

Ասուլիսին ներկա էր նաեւ Կանանց աջակցման կենտրոնի ղեկավար Մարո Մաթոսյանը, որն առաջարկեց ոչ թե օրենքում փոփոխություն անել, այլ հասարակությանը դաստիարակել ու բացատրել օրենքի եւ գենդերի իմաստը. «Հասարակությունը կարիք ունի լուրջ դաստիարակության, սովետական շրջաններում այս հարցերից տեղյակ չեն, գուցե պետք չէ բառ փոխել, պետք է դաստիարակել, որպեսզի հետ քայլ չգնանք: Մարդիկ հասկանում են, սա տանում է պեդոֆիլիայի, սա տանում է զոոֆիլիայի, արգելում է մեր ավանդական ընտանիքները: Ես զբաղվում եմ ընտանեկան բռնության հարցերով եւ տեսնում եմ ինչ է կատարվում ընտանիքներում»:

Փոխնախարարի խոսքերով` օրենքը բացարձակապես կապ չունի սեռափոխման հետ. «Սա նշանակում է տարբեր սեռեր: Օրինակ` երկրագնդի վրա պետություն կա՝ աղջիկներն են գնում տղամարդ ուզելու, սոցիալական այնպիսի մշակութային տարբերություններ կան, որոնք եւս ազդեցություն ունեն: Քանի որ տարբեր ընկալումներ կան, ձեւակերպումները կփոխենք, այդ տերմինները կփոխենք կամ կհանենք»:

Մարո Մաթոսյանն էլ ներկայացրեց իր տարբերակը` թե ինչ է իրենից ներկայացնում այս օրենքը` «Օրենքը քարոզում է, որ իրենց միջեւ հավասարություն լինի, տղամարդը չասի` դու սա պիտի անես, նա պիտի անես»:

Տիկին Մաթոսյանի դիտարկմանն ի պատասխան, պարոն Բերիկյանն ասաց, որ կան ազգային ավանդույթներ` օրինակ` եկեղեցում կնոջն ասում են` հնազա՞նդ ես, տղամարդուն` տե՞ր ես հասկացություններն այս օրենքի տակ չեն մտնում, բայց օրինակ` երբ հայտարարություններ են տրվում` պահանջվում են մինչեւ 30 տարեկան, 180 բոյով, նեղ կոնքերով աղջիկներ, չպիտի լինեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031