Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատնից հետո աշխատանք փնտրելու եւ գոյատեւելու համար երեխաները չունեն մասնագիտություն

Օգոստոս 07,2013 14:35

Հայաստանի մանկատներում այսօր կան 1200-1300 որբ երեխաներ

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը եւ իրավաբան Մարիաննա Եղիազարյանը քննարկում էին այն հարցը, թե ինչ ճանապարհ են անցնում եւ ինչ ճակատագիր են ունենում Հայաստանի մանկատների սաներն այն ավարտելուց հետո: Ըստ վերջին հետազոտության տվյալների՝ Հայաստանի մանկատներում այսօր կան 1200-1300 սաներ, տարեկան նրանցից 250-300 հոգի է դուրս գալիս: Մի մասին որդեգրում են կա՛մ կազմավորված ընտանիքներ, կա՛մ էլ միայնակ մայրեր, իսկ մյուս մասն էլ դուրս է գալիս արդեն չափահաս տարիքում՝ աշխատելու եւ իր հետագա կյանքը կառուցելու նպատակով: Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ երեխաների համար մանկատնից դուրս գալու խնդիրն ամենադժվարն է:
Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը կարծում է, որ մանկատան երեխաները այնտեղից դուրս գալու շեմին աչքի են ընկնում բարձր տագնապայնությամբ եւ վախի զգացումով, մշտապես մտածում են, որ իրենք կարող են մենակ մնալ, վախ կա, որ կմատնվեն անհաջողության: Միեւնույն ժամանակ սաներն առանձնանում են կյանքի հանդեպ իրենց ունեցած յուրահատուկ դրսեւորմամբ: Մանկատունն ավարտած երեխաների մոտ ձգտումներն ավելի ուժեղ են, նրանք ավելի շատ են ցանկանում կրթվել:
Իրավաբան Մարիաննա Եղիազարյանն էլ պնդում է, որ մանկատնից դուրս գալիս երեխաները բախվում են այն դժվար խնդրին, որ իրենք չունեն մասնագիտություն, որի միջոցով կկարողանային վաստակել իրենց ապրուստը. «18-20 տարեկան երեխան գտնվում է պետական հովանավորության ներքո: Սակայն հայտնվելով մանկատնից դուրս, նա գտնվում է ոչ ստաբիլ վիճակում, չունի որեւէ հիմնական կրթություն կամ մասնագիտություն, որի միջոցով կկարողանա ձեռք բերել համապատասխան գումար»: Եթե երեխան Երեւանում ստանում է պետական հաշվառում, ինչը շատ հազվադեպ է լինում, ապա աշխատանք գտնելու հնարավորությունը մի փոքր մեծանում է: Մինչդեռ մարզերում հաշվառում ստացած երիտասարդների մոտ այդ հնարավորությունն իսպառ վերանում է:
Ահարոն Ադիբեկյանը հայտնեց, որ այս խնդրի լուծման նպատակով վերջերս մշակվել է սոցիալական պաշտպանության օրենք, որը հնարավորություն կտա մանկատան սաներին գոնե մինչեւ 30 տարեկան լինել պետության հովանավորության ներքո: Այս դեպքում նրանք կկարողանան ստանալ լիարժեք կրթություն, ձեռք բերել մասնագիտություն եւ գտնել մասնագիտությանը համապատասխան աշխատանք՝ ապրուստի միջոց վաստակելու համար: Օրենքը դեռեւս ընդունված չէ:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031