Սեպտեմբերի 7-ից Երեւանում մեծ էկրան կբարձրանա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» նոր գեղարվեստական ֆիլմը։
Ինչպես նախորդ 14 ֆիլմերում, այստեղ նույնպես Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը բացի բեմադրող ռեժիսորներից, նաև սցենարի հեղինակներն ու պրոդյուսերներն են։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին ֆիլմի հեղինակները, նկարը երիտասարդ զույգի դրամատիկ սիրո եւ կյանքի արժեւորման պատմություն է: Գլխավոր հերոսներին մարմնավորել են երիտասարդ դերասաններ Մագդալենա Մնացականյանը եւ Նարեկ Ներսիսյանը, ֆիլմում նկարահանվել են նաեւ ճանաչված դերասաններ՝ Կարեն Ջանիբեկյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը, Արմեն Աբելյանը, Նարինե Գրիգորյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը և այլք։
Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» Ֆիլմարտադրությունում։ Աջակցել են Հայաստանի ազգային Կինոկենտրոնը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Հարավկովկասյան երկաթուղին, ինչպես նաեւ այլ տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններ՝ Harmony Fields-ը ընկերությունը՝ (Ճապոնիա), Center for Bio-Ethical Reform (ԱՄՆ), Deutsche Grammophon (Գերմանիա), APM (Կորեա) եւ այլ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ