Էներգետիկ ոլորտում համագործակցությունը կարող է դրվել նոր հիմքերի վրա
Աշխատանքային այցով Թեհրան ժամանած Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին ներկա է գտնվել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը, ապա մասնակցել է նաեւ Իրանի նախագահի անունից ի պատիվ երդմնակալության արարողության մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը:
Աշխատանքային այցի շրջանակներում Ս. Սարգսյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է եւ վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին: Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռուհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը»: Նրանք անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:
Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց մասնակցել Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, մինչդեռ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն Ադրբեջան եկել էր հենց Իլհամ Ալիեւի անունով: Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը Ադրբեջանը ներկայացրել է խորհրդարանի՝ Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը: Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը նշել է, որ Թեհրանի ու Բաքվի միջեւ համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի բարձրացմանն ու ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության առաջին դեմքի մակարդակով մասնակցությունը Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, անշուշտ, դրական քայլ է: Վերջին շրջանում Հայաստանը հայտնվել է յուրօրինակ իրավիճակում: Ռուսաստանը, կարծես, ավելի ու ավելի է փորձեր անում մերձենալու Ադրբեջանին եւ Թուրքիային: Թուրքական Haber Turk թերթը հայտնել էր, որ օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ կապված Սիրիայում ու Եգիպտոսում տիրող իրավիճակի հետ: Մոտ 50 րոպե տեւած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Պուտինը քննարկել են նաեւ ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների հարցը: Թուրքական լրատվամիջոցն այս հեռախոսազրույցը որակել է որպես անակնկալ:
Իսկ ռուսաստանյան գործակալությունները երեկ հայտնում էին, որ Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ նրանք պայմանավորվել են աշնանը Մոսկվայում անցկացնել ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը: Ըստ Կրեմլի մամլո ծառայության՝ Պուտինն ու Էրդողանը նաեւ պայմանավորվել են շփումները շարունակել սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթնաժողովում:
Հայ-իրանական հարաբերություններն այս առումով առավել քան կարեւոր են թե՛ երկու երկրների, թե՛ տարածաշրջանի համար: Նախ` էներգետիկ համակարգում համագործակցության առումով հայ-իրանական հարաբերությունները կարող են դրվել նոր հիմքերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը վերջին ամիսներին նկատելիորեն փոխվել է, եւ Մոսկվան բոլոր մակարդակներում ոչ հաճելի անակնկալներ է սկսել մատուցել:
Իրանա-ադրբեջանական խնդրահարույց հարաբերությունները եւս կարող են խթան լինել հայ-իրանական հարաբերությունների համար: Դեռ տարիներ առաջ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին ուշագրավ հայտարարություն էր արել՝ խոսելով ազատագրված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայման թեմայի շուրջ. «Իրանը Ղարաբաղի հետ ընդհանուր սահման ունի, ուստի մենք մեր դիտարկումներն ու նկատառումներն անպայման ունեցել ենք եւ ունենք խաղաղարար ուժերի կազմի վերաբերյալ»:
Ինչեւէ, Իրանի նախագահական ընտրություններից հետո նաեւ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխություն է նկատվում: Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին, մեկնաբանելով կիրակի տեղի ունեցած Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցել, ընդ որում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերով: Երկու շաբաթ առաջ Իրանի գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չբացառեց ԱՄՆ-ի հետ երկխոսելու հնարավորությունը, սակայն նա նաեւ զգուշավորության կոչ էր արել Միացյալ Նահանգների իշխանությունների հետ հարաբերություններում:
Այսպիսով, բարենպաստ իրավիճակ է՝ Հայաստան-Իրան հարաբերություններն էլ ավելի գրավիչ ու ավելի խորքային դարձնելու համար։ Բացի այդ, Հայաստանը կարող է ստանձնել նաեւ հարեւան երկրի եւ միջազգային հանրության հետ փոխհարաբերություններում նաեւ ազդեցություն ունեցող կողմի դերը՝ փորձելով նպաստել Իրանի եւ երրորդ երկրների միջեւ համագործակցությանը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ