Վերջին օրերին Ռուսաստանում նոր թափ ստացած ապօրինի ներգաղթի օպերացիան թեեւ ռուսական որոշ լրատվամիջոցներ պայմանավորում են Մոսկվայի քաղաքապետի ընտրություններով եւ Օլիմպիադայից առաջ մայրաքաղաքը միգրանտներից «մաքրելով» եւ նույնիսկ պատճառաբանում են, թե իբր Ռուսաստանում ակտիվացել են էթնիկ հանցավոր խմբերը, սակայն մասնագետները չեն բացառում, որ այս երեւույթը քաղաքական ենթատեքստ էլ ունի:
Ներգաղթի օպերացիայի արդյունքում օրերս 2-3 հազար ապօրինի միգրանտներ են ձերբակալվել, որոնց մեծ մասի ճակատագիրն անհայտ է: Ռուս իրավապաշտպանները նշում են, որ զանգվածային այդ ձերբակալություններն անօրինական են, եւ այդ ներգաղթյալների հետ անմարդկային են վերաբերվում: Ձերբակալվածների մեջ կան վիետնամցիներ, ԱՊՀ որոշ երկրների քաղաքացիներ, ինչպես նաեւ հայեր, ադրբեջանցիներ:
Արդյոք վերջին օրերին սկսված արշավը Ռուսաստանի հերթական քա՞յլը չէ՝ միգրանտներին «օգտագործելով» սպառնալ այն երկրներին, որոնք փորձում են Ռուսաստանի ազդեցությունից կամաց-կամաց դուրս գալ: «Առավոտի» այս հարցին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն ասաց, որ պատճառները միաժամանակ կարող են մի քանիսը լինել, բայց մասնագետի կարծիքով՝ կա 2 հիմնական պատճառ. «Առաջինը՝ միգրանտների հարցը շատ երկրներում ամենասուր հարցերից է: Եթե գնաք արեւմտյան երկրների խոշոր քաղաքները, ապա կտեսնեք՝ գոնե փողոցներում ճնշող մեծամասնությունը միգրանտներ են, որը չափազանց լուրջ խնդիր է եւ գնալով դառնում է համար 1 հիմնահարցը: Այդ երկրների բնակչությունը իշխանություններից պահանջում է ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը, սակայն արեւմտյան երկրներում գործում են օրենքները: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1963 թվականին արված լրացումը՝ արձանագրություն N 4, բավականին խիստ պահանջներ է դնում ներգաղթյալների արտաքսման վերաբերյալ, եւ բավական բարդ դատական գործընթացներ են պահանջվում, իսկ օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումն արգելվում է: Այս պատճառով իշխանությունների հնարավոր նման ցանկությունները սահմանափակված են: Մենք գիտենք, որ Ռուսաստանը այնքան էլ օրինական երկիր չէ, ինչպես Հայաստանը, եւ նման գործընթացները հնարավոր են, չնայած նրան, որ անօրինական են»: Երկրորդ պատճառը, ըստ պարոն Դանիելյանի, կապված է ներքաղաքական իրավիճակի հետ. Ռուսաստանի իշխանությունների վարկը բավականին ցածր է, եւ նման քայլերով ցանկանում են բարելավել իրենց ռեյտինգը. «Նրանք խաղադրույքը դնում են ազգայնական շրջանակների եւ ամբոխի վրա: Պատահական չէ, որ ռուս վերլուծաբանները Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների հետ են պայմանավորում հատկապես Մոսկվայում լայն թափ հավաքած այդ երեւույթը: Մնացած պատճառները, իմ կարծիքով, առաջնային չեն»:
Իսկ խնդրի ոչ առաջնային պատճառներից Ստեփան Դանիելյանը նշեց այն, որ հնարավոր է՝ Ռուսաստանը ցանկանում է առաջին հերթին Հայաստանին ու Ադրբեջանին ցույց տալ, թե ինչ կարող է պատահել, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատանան. «Դա կարող է լինել այդ գործընթացների արտաքին քաղաքական կոմպոնենտը: Սակայն անկախ ամեն ինչից՝ մենք պետք է պատրաստ լինենք, որ նման դեպքերը շատանալու են, եւ այդտեղ կան նաեւ օբյեկտիվ պատճառներ՝ առաջին հերթին դա կովկասցիների եւ ռուսաստանցիների մշակութաբանական տարբերություններն են»:
Կարդացեք նաև
Այդ դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի մեր կառավարությունը՝ «Առավոտի» այս հարցին էլ պարոն Դանիելյանը պատասխանեց. «Նախ մենք պետք է այնպիսի կառավարություն ունենանք, որին կարողանանք համարել մերը: Սա շատ կարեւոր հարց է: Երբ քաղաքացիներն են ընտրում երկրի իշխանություններին, ապա կառավարությունը՝ ուզի, թե չուզի, կպաշտպանի քաղաքացիների իրավունքները թե՛ արտերկրում, թե՛ հենց երկրի ներսում: Իսկ երբ քաղաքացիները չեն ձեւավորում իշխանություններին, ապա հատկապես Հայաստանի նման փոքր եւ խոցելի երկրներում նրանց ձեւավորում են տարածաշրջանում ազդեցություն ունեցող հզոր երկրները: Մի օրինակ՝ վերջին շրջանում գազի գնի թանկացումը, որը ըստ մամուլի նյութերի, Ռուսաստանն ու Հայաստանը գաղտնի են պահել մինչ նախագահական ընտրությունների ավարտը, ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները երբեք իրավունքի տեսակետից որեւէ պահանջներ Ռուսաստանին չեն կարող ներկայացնել: Նրանք իրենց իշխանության համար պարտական են Ռուսաստանին, այլ ոչ թե սեփական քաղաքացիներին: Սա ընդամենը մի փոքրիկ օրինակ էր»:
Իսկ եթե իշխանության համար մեր կառավարությունը պարտական է Ռուսաստանին, այդ դեպքում «քանի՞ գլխանի է» միանալու ԵՄ Ասոցացման համաձայնագրին եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտուն, այլ ոչ թե Ռուսաստանի հետ Մաքսային միությանը՝ մեր այս հարցին մասնագետն այսպես պատասխանեց. «Ես ասացի, որ իշխանության համար պարտական են ազդեցություն ունեցող ուժերին՝ միաժամանակ: Եթե ուշադրություն դարձնեք ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմին (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա- Ն. Բ.), ապա կտեսնեք, թե ովքեր են լուծում պատերազմի եւ խաղաղության հարցերը մեր տարածաշրջանում: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանությունը կազմավորվում է այդ երեքի համաձանությամբ: Դա կոլեկտիվ կառավարում է: Դա հենց այս իշխանության «եւ-եւ» բանաձեւն է: «Կամ-կամը» իրականում կարդինալ փոփոխություն է նշանակում, առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական: Նման փոփոխությունները կատարվում են այն ժամանակ, երբ կամ կողմերից մեկը թուլանում է, կամ գոյություն ունի հանրային կամք, որի առկայությունը ցանկացած գործընթաց կարող է լեգիտիմացնել: Այս պարագայում, կարծում եմ, Ռուսաստանը իրեն «գցված» է համարում: Եթե իշխանության կազմավորման ընթացքում իշխող խմբավորումը «խնդրանքներով» հանդես չգար, ապա Ռուսաստանը իրեն իրավունք չէր վերապահի հանուն «արդարության» պահանջներ ներկայացնել Հայաստանի իշխանություններին: Դա չի նշանակում, որ արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունների դեպքում ճնշումներ չէին լինի: Օրինակ՝ Վրաստանում Սաակաշվիլին որեւէ պարտավորություններ Ռուսաստանի հանդեպ չուներ: Նա այս իմաստով ազնիվ էր խաղում, ոչ ոքի չէր խաբում: Ժամանակն է եկել, որ Հայաստանում հայտնվի նոր քաղաքական գործոն՝ հանրությունը, որի առկայության դեպքում մենք շատ կարեւոր հարցեր կկարողանանք լուծել, որոնք այս պահին անլուծելի են թվում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ