Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնունքը՝ որտեղ կուզի, բայց հարսանյաց հանդեսը կատարվի Մայր Հայաստանում»

Օգոստոս 07,2013 13:57

Արագածոտնի փոխմարզպետի շրջայցը տարածաշրջանի  բժշկական կենտրոններ

Օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի առաջարկով եւ ՀՀԿ-ի Արագածոտնի կանանց հանձնախմբի համատեղ աջակցությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Սիլվա Թադեւոսյանը եւ ՀՀԿ Արագածոտնի մարզային գրասենյակի կոորդինատոր Շուշանիկ Շուխյանը շրջայց կատարելով Արագածոտն մարզի Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ, Թալին բժշկական կենտրոններ՝ ծաղիկներ, հուշանվերներ, շնորհավորական բացիկներ նվիրեցին տարածաշրջանի հիվանդանոցներում այդ օրը ծննդաբերած մայրերին:

Փոխմարզպետի փոխանցմամբ՝ օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ աշխարհում այլեւս պատերազմ չլինի, հնչի մանկան ճիչը եւ ազդարարի մի նոր  կյանքի սկիզբը. «Մենք չենք ուզում, որ ծնունդը ասոցացվի պատերազմի հետ, այլ ցանկանում ենք, որ կապվի մեր կանանց նկատմամբ ուշադրությամբ, քանի որ նրանք այսօր հերոս են դառնում»,- ասաց Մովսիսյանը՝ հավելելով, որ շնորհավորական բացիկը պատրաստելիս մեծ ուշադրություն են դարձրել բարեմաղթանքին. «Թող շատ հայ մանուկներ ծնվեն Հայոց աշխարհում, կնունքը՝ որտեղ կուզի, բայց հարսանյաց հանդեսը կատարվի Մայր Հայաստանում»,- մեջբերեց նա:

Ծննդատներում փոխմարզպետին ու նրան ուղեկցող խմբին տեսնելով՝ մայրերն անակնկալի եկան՝ հատկապես, երբ տեսան փոխմարզպետին՝ ծաղիկներով եւ նվերներով իրենց «պալատում». «Սա ինձ համար կրկնակի ուրախություն է: Մեզ համար անակնկալ էր»,- ասաց նոր ծննդաբերած կանանցից մեկը՝ հույս հայտնելով, որ մարզպետարանի հոգատար վերաբերմունքը հետագայում էլ շարունակական կլինի:

Ապարանի ծննդատանը լույս աշխարհ էին եկել 1 աղջիկ, 3 տղա, Աշտարակում՝ 1 տղա, 3 աղջիկ, Թալինում՝ 2 աղջիկ, 4 տղա, իսկ Ծաղկահովտում՝ 2 աղջիկ, որից մեկն ազգությամբ եզդի էր: Փոքրիկին հասցրել էին անվանակոչել Խանում՝ տատիկի պատվին:

Շրջայցի ժամանակ Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանից պարզեցինք, որ հիվանդանոցը վերանորոգվել է եւ գույքով, սարքավորումներով  հագեցվել 2010 թվականին: Տնօրենը վստահեցրեց, որ իրենց բուժհիմնարկում «հրաշալի բժիշկ-մասնագետներ» են աշխատում. «Ես ինքս էլ, լինելով վիրաբույժ, պատրաստում եմ կադրեր: Այսօր իմ աշակերտները հրաշալի, առանց վախենալու կեսարյան հատում են անում, իհարկե՝ իմ վերահսկողությամբ եւ անմիջական ներկայությամբ»,- ասաց Շմավոնյանը:

Ըստ նրա՝ Ապարանի հիվանդանոցը թե՛ շենքային, թե՛ տեխնիկական պայմաններով եւ թե՛ մասնագետների առումով պատրաստ է որակյալ բուժօգնություն տրամադրել:

Բժիշկ Շմավոնյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իր ղեկավարած բուժհաստատությունը վստահություն ունենա տարածաշրջանում. «Եթե մարզպետը, գյուղապետը, նրանց ընտանիքները օգտվեն քո հիվանդանոցից, ապա ինքնաբերաբար մյուսների մոտ վստահություն է ձեւավորվում»,- համոզված է  տնօրենը՝ գիտակցելով, որ իր եւ բուժանձնակազմի գլխավոր պարտականություններից մեկն էլ հիվանդի նկատմամբ լավ վերաբերմունքն է. «Չունես վերաբերմունք, հիվանդ չես ունենա. սա էլ է բիզնես: Եվ ամենակարեւորը, որ մեր հիվանդանոցում իմ ու քո հիվանդ չկա: Հավասար նայում ենք բոլոր հիվանդներին: Նրանք բոլորը բոլորիս հիվանդներն են, տարբերություն չկա: Հիվանդանոցը սրբավայրի նման մի վայր է»:

Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում առաջնային  խնդիրներից մեկը շենքի հիվանդանոցի վերանորոգման հարցն է: Ազատ Ղուկասյանն ընդամենը յոթ ամիս է, ինչ նշանակվել է այս բուժհիմնարկի տնօրեն: Այդ ընթացքում վերանորոգել է 4 հիվանդասենյակ եւ դիահերձարանը. «Իմ հնարավորությունների չափով արել եմ՝ որքան կարողացել եմ, անգամ ներդնելով սեփական միջոցներից, քանի որ խայտառակ պատկեր էր: Մասնագետների խնդիր չունենք, մեր միակ առաջնային խնդիրը շենքի վերանորոգումն ու պայմանների բարելավումն է»,- ասաց տնօրենը: Պակաս վատ վիճակում չէր Աշտարակի բժշկական կենտրոնը, սակայն  ի տարբերություն Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնի՝ այս բուժհաստատությանը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց բուժկենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, խոստացել է աջակցել ՀՀ նախագահը:

 ՔՐԻՍՏԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031