Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը չի կատարում պայմանագրով կնքված պարտավորությունը

Օգոստոս 07,2013 13:48

Untitled-2Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի եւ  քաղաքացի Գրիգոր Գասպարյանի միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝  2. 4.2 կետով Երեւանի քաղաքապետարանը պարտավորվել է մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 1-ը   Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցվող շենքի 18 բնակարանի նկատմամբ անհատույց օտարելու մասին պայմանագիր չկնքելու կամ նշված բնակարանը պայամագրի 2. 4 կետի 2. 4.1 ենթակետում նշված ժամկետում չհանձնելու դեպքում վճարել Գրիգորի եւ նրա ընտանիքի մյուս անդամների` Նվարդի, Հասմիկի եւ Հայկի, ժամանակավոր կացարանում բնակվելու վարձավճարի գումարը, որը կգոյանա  2012 թվականի նոյեմբերի 1-ից հետո:

«2011 թվականն էր, երբ քաղաքապետարանի  աշխատակազմի անշարժ գույքի վարչությունից եկան եւ հորդորեցին դուրս գալ մեր վթարային շենքից, քանի որ շենքը կարող էր նաեւ փուլ գալ: Ասացին, որ իրենք կվճարեն 70. 000 դրամ ամսական վարձավճար` ժամանակավոր կացարանում ապրելու դեպքում՝ մինչ կկառուցեն նոր շենքը: Առաջին  երկու ամսվա վարձավճարը տվեցին, իսկ դրանից հետո վարձավճար այլեւս չեն տրամադրել»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Գրիգորը:

Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը, ըստ պայմանագրի, պարտավորվում էր 2012 թվականի նոյեմբերի մեկից հետո իր վրա վերցնել Գրիգորի ժամանակավոր կացարանի վարձավճարի մարումն այն պարգայում, եթե մինչ այդ  նորակառույց շենքի նոր բնակարանը Գրիգորին հատկացված չէր լինի: Փաստացի, Գրիգորին բնակարանի բանալին հանձնվել է 2013 թվականի ապրիլի վերջին: Ասել է թե` քաղաքապետարանը 6 ամսվա վարձավճար պետք է տրամադրի Գրիգորին, որպեսզի նա կարողանա մարել կուտակված պարտքը, որն էլ քաղաքապետարանը չի ցանկանում կատարել: Պատճառները տարբեր են, որի հետ կապված՝ «Առավոտը» փորձեց կապ հաստատել Արսեն Ամյանի հետ, սակայն ապարդյուն, քանի որ հանդիպումն այդպես էլ չկայացավ: Արդյունքում՝ Գրիգորի վրա կուտակվել է 420. 000 հազար դրամի վարձավճարի պարտք: Այդ փաստով Գրիգոր Գասպարյանը 3 անգամ դիմում է գրել Երեւանի քաղաքապետարանին: «Հարգելի պրն Ամյան, համաձայն մեր միջեւ 09.12. 2011 թվականին կնքված պայմանագրի 2.4.2 ենթակետի, այս 2012 թվականի նոյեմբերի մեկից հետո հաշված՝ քաղաքապետարանը պարտավորություն ունի իմ ընտանիքին ամենամսյա վարձավճար հատկացնել: Խնդրում եմ տեղեկացնել՝ երբ եւ որտեղ կարող եմ այն ստանալ»,-քաղաքապետարանին ուղղված դիմումի մեջ նշում է Գրիգորը:

Քաղաքապետարանը պատասխանել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 25.10. 2000 թվականի հ. 682 որոշման համաձայն՝ քանդման ենթակա շենքերում բնակվող ընտանիքներին բնակարաններ հատկացնում են ՀՀ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների հաշվին կառուցվող բնակելի շենքից: Ձեր ընտանիքին առաջարկվել է պատրաստի բնակարան, սակայն Ձեր ընտանիքը հրաժարվել է պատրաստի բնակարանից` գերադասելով կառուցվող նորակառույցը` համաձայնելով բնակվել վարձով՝ մինչեւ շենքի շահագործումը, ինչի պարագայում, ցավոք, Ձեր խնդրանքը հնարավոր չէ բավարարել»:

Այն, որ քաղաքապետարանը պատասխան գրության մեջ Գրիգորին նշում է, թե նա համաձայնել է բնակվել վարձով եւ ստանալ նորակառույց շենքից նոր բնակարան, ապա այդ կապակցությամբ «Առավոտը» հարկ է համարում տեղեկացնել, որ եղել է քաղաքապետարանի կողմից առաջարկ, որպեսզի Գրիգորի ընտանիքը բնակվի Քանաքեռում կառուցված մի շենքում, սակայն Գրիգորին չի համաձայնել եւ ցանկացել է բնակարանը ստանալ նորակառույց շենքում: Միայն դրանից հետո է, որ  քաղաքապետարանը Գրիգորի ընտանիքի հետ կնքել է պայմանագիր, ինչով էլ պարտավորվում է 2012 թվականի նոյեմբերի մեկից հետո վճարել վարձած բնակարանի ամսավարձը, եթե մինչ այդ չկարողանան ավարտին հասցնել եւ շահագործման հանձնել նորակառույց շենքի բնակարանը: Դրանից հետո Գրիգորը երկրորդ անգամ է դիմում գրել քաղաքապետարանին՝ նույն բովանդակությամբ, սակայն այդ անգամ քաղաքապետարանը պատասխանել է. «Խնդրի քննարկման համար գրություն է ուղարկվել աշխատակազմի ֆինանսական վարչություն՝ եզրակացություն ստանալու համար»:

Ֆինանսական վարչությունը եզրակացություն անելուց հետո պատասխանել է. «Շինարարների փողոցի հատվածի 15 շենքի 1-ին մուտքի բնակիչների անվտանգությունն ապահովելու  նպատակով՝ դեռեւս 2011 թվականին նշված շենքի 1-ին մուտքի 11 ընտանիքներին,  ըստ նախահաշվի, այլ բնակարանների վարձակալության գումար է տրամադրվել երկու ամսվա համար: Նշված շենքի 1-ին մուտքի բնակիչների մեծ մասին իրենց իսկ ցանկությամբ հատկացվել են պատրաստի բնակարաններ, իսկ չորս ընտանիք, այդ թվում նաեւ Դուք, ցանկություն եք հայտնել եւ կնքել եք պայմանագիր բնակարան ստանալու նոր կառուցվող շենքից»: Ուշագրավ է՝ քաղաքապետարանը նշում է, որ հատկացրել է երկու ամսվա վարձ, որը կազմել է 70. 000 դրամ ամսական, իսկ ընդհանուր՝ 140. 000 դրամ, սակայն պայմանագրով ստանձնած պարտականությունը չի ցանկանում մինչեւ վերջ կատարել: Երրորդ անգամ էլ դիմելով քաղաքապետարան՝ Գրիգորը կրկին մերժում է ստացել: Ի դեպ, մերժելու  հետ կապված՝ Գրիգորը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի կարողանա վերադարձնել 420. 000 դրամը, որը վճարել է քաղաքապետարանի փոխարեն:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

 Նկարներում.

1.Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքացի Գրիգորի միջեւ կնքված պայմանագրից մի հատվածն է:

2. Քաղաքապետարանի մերժումը՝ Գրիգորին ամենամսյա վարձավճար տրամադրելու վերաբերյալ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031