ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Գրիշա Մելիք- Սարգսյանի, Կարինե Ղազարյանի եւ Հենրիկ Տեր-Ադամյանի մասնակցությամբ օգոստոսի 15-ին քննության կառնվի շարքային, ժամկետային զինծառայող Ռոման Հակոբյանի, նրա պաշտպան Է. Բեգլարյանի վերաքննիչ բողոքը: Նրանք բողոքարկում են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի դատավճիռը եւ խնդրում են այն պայմանականորեն չկիրառել:
Դատաքննությունը դարձյալ անցել է արագացված ընթացակարգով, եւ շարքայինն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել: ՊՆ զորամասերից մեկի ջոկի նռնակաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Հակոբյանն անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին առաջնագծի դիտակետում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի հխ 2936 համարի ինքնաձիգը սրբելու նպատակով քանդել-հավաքելու ժամանակ, անզգուշությամբ սեղմել էր ձգանին: Կրակոցի հետեւանքով դիրքի ավագ, նույն ջոկի հրամանատար, ժամկետային զինծառայող, սերժանտ Հովիկ Վանեսյանը եւ դիտորդ, նույն ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Մարտիրոսյանը ստացել էին հրազենային վնասվածքներ: Ըստ փորձագետների՝ վնասվածքները գնահատվել էին առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Արագացված դատաքննության ժամանակ տուժողները` Գեւորգ Մարտիրոսյանը, Հովիկ Վանեսյանը, ոչ միայն չեն առարկել արագացված կարգով դատաքննություն կիրառելու դեմ, այլ հայտնել են, թե ամբաստանյալից բողոք-պահանջ չունեն:
Դատարանն իրավական դիրքորոշումն արտահայտելով՝ հանգել էր նրան, որ. «Ամբաստանյալ Հակոբյանի կողմից նրա մեղավորությամբ, զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված եւ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որով էլ նա ենթակա է պատասխանատվության եւ պատժի»: Եվ ըստ դատարանի՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հնարավոր հանցագործությունները: Դատարանը գնահատելով ապացույցները, հանգել էր նաեւ նրան, որ Ռոման Հակոբյանը կատարել է միջին ծանրության հանցանք, որի համար նախատեսված ազատազրկման ձեւով պատժի առավելագույն ժամկետը չորս տարի է: Շարքայինը նախկինում դատված չի եղել, բնութագրվել է որպես հավասարակշռված բնավորության տեր, առողջական խնդիրներ չի ունեցել:
Կարդացեք նաև
Ռոման Հակոբյանի խափանման միջոցը՝ զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը թողնվել է անփոփոխ:
Դատարանը վճռել էր Ռոման Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ պատիժ նշանակել՝ կարգապահական գումարտակում պահելով 1 տարի ժամկետով:
Նշենք, որ այս գործով տուժողները քաղաքացիական հայց էլ չեն ներկայացրել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ