Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես փողոցի մարդ եմ»

Օգոստոս 07,2013 13:43

Լեւոն Մալխասյանը՝ Երեւանի, ջազի ու արվեստագետի կերպարի մասին

Ճանաչված ջազմեն Լեւոն Մալխասյանին՝ Մալխասին, քիչ է մնացել, որ հատի 70 տարեկանի սահմանագիծը, բայց արդեն ամենուր հայտարարում է, թե 70 տարեկան է ու ամեն ինչին նայում է 70-ի բարձունքից: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ Երեւանում ապրում է 69 տարի, բայց չի եղել էնպես, որ իրար հետեւից 69 օր բացակայի սիրելի քաղաքից, չնայած 35-40 երկիր է «մտել  ջազով»:  Նա համարում է, որ մարդը երջանիկ է իր իրականացած երազանքներով: Իր պարագայում մի քանիսն արդեն իրականացել են: Նեղսրտում է, որ իրեն «ջազի պապա» կամ «ջազի պապիկ» են անվանում. «Ինձանից առաջ եղել են ավագ սերնդի ջազմեններ՝ Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան, Մարտին Վարդազարյան, Ստեփան Շաքարյան, Մելիք Մավիսակալյան… Ո՞նց կարելի է էդ մարդկանց մոռանալ:  Ուղղակի, բոլոր էդ անունները, որ տվեցի, ունեին մեծ նվագախմբեր, իսկ ես  առաջինն էի, որ եռյակ (Արթուր Աբրահամյան՝ կոնտրաբաս, Արմեն Թութունջյան՝ թմբկահար, Լեւոն Մալխասյան՝ դաշնակահար) հիմնեցի Երեւան քաղաքում՝  Բրյուսովում: Մեզանից հետո սնկի պես սկսեցին աճել փոքր խմբերը»:

Լեւոն Մալխասյանը պատմում է, որ միշտ ցանկացել է լինել ԱՄՆ-ում, «մոտիկից շփվել» ջազի հետ, ու Հենրիկ Իգիթյանի շնորհիվ 90-ականների սկզբին մեկնել է այդ երկիր: «Բախտս այնքանով բերեց, որ ընկա ոչ թե մեր հայկական Լոսը, այլ Նյու Յորք եւ Վաշինգտոն: Շատ ջազ ակումբներ մտա, տեսա՝ ոնց են աշխատում, լսեցի աստղերին, որտեղ հնարավոր էր, սեւերի հետ նվագեցի……երազանքս իրականացավ»,-պատմում է Մալխասը: Ապա շարունակում է. «Երազում էի Երեւան քաղաքում մեգա աստեղերով միջազգային փառատոն կազմակերպել: Դա ինձ հաջողվեց չորս անգամ՝ 1998, 2000, 2006, 2008 թվականներին: Ես եւ իմ ընկերները համարյա բոլոր աստղերին կարողացանք բերել Երեւան: Մյուս երազանքս էր՝ ունենալ սեփական ջազ-ակումբ, որի մասին երազում էի 30 տարի: Ու այժմ իմ երկու լավ բարեկամների շնորհիվ գործում է «Մալխաս» ջազ-ակումբը: Նրանք էլ էին երազում ջազ- ակումբի մասին: Ջահել տղաներ են, կենտրոնում մեծացած, նրանք տրամադրեցին իրենց տունը՝ Պուշկինի փողոցում: Ու 8 տարի է՝ պահում ենք այս ակումբը: Ուրիշ երազանք էլ ունեմ, չեմ ասի……Ձուկը ջրում, ի՞նչ խոսեմ…»:

Մեր երեւանցի զրուցակիցը չի սիրում, երբ Երեւանի մասին տհաճ բաներ են ասում, մայրաքաղաքը համարում է իր երեխան, չնայած ամեն անգամ շեշտում է՝ «երկու պադյեզդ երեւանցի ենք մնացել»:

«Ըստ իս, Երեւանը թերություններ չունի, ես Երեւանին վերաբերվում եմ որպես իմ երեխայի, իսկ ո՞վ իր երեխայի մեջ թերություն  կտեսնի, հասկացանք, լա՛վ, զիբիլ, տրանսպորտ… խնդիրներ, բայց հո մենակ դա՞ չի……Ես միշտ եմ իդեալականացրել Երեւանը……Ես սիրում եմ Երեւանը, նվիրված եմ իմ քաղաքին: Անգամ ամենաանլույս շրջանում, իննսունականներին ես չթողեցի Երեւանը: Բազմաթիվ տիտղոսներ ու երկրի բարձրագույն պետական պարգեւներ ունեմ, բայց ինձ համար ամենաառանձնահատուկը Երեւանի պատվավոր քաղաքացի լինելն է: Դրա համար էլ, երբ վերջերս Սանկտ Պետերբուրգում կազմակերպված Երեւանի օրերին  հարցրին՝ քեզ ո՞նց հայտարարենք, ասացի ասեք՝ Երեւանի պատվավոր քաղաքացի»,- ժպտում է ջազմենը, որն իրեն «երեւանյան հիվանդ» է համարում, բայց «ո՛չ բժշկական»:

Կա՞ ջազի սերունդ, թե՞ ուղղակի մոդայիկ է, դրա համար են մարդիկ այսօր ջազ-ակումբ գնում:

«Ջազը երբեք  մոդայիկ չի եղել, առավել եւս՝ Երեւանում: Ջազն ունի իր ավանդույթները: Քիչ առաջ մարդկանց անուններ տվեցի, որոնց գործի շարունակողն եմ 60-ականների սկզբից: Ջազը մոդայիկ ժանր չէ, ջազի թարգմանություններից մեկը կյանքն է՝ life, կյանքը ո՞նց կարող է մոդայիկ լինել»,-պատասխանում է Լեւոն Մալխասյանը:

Իսկ ինչպե՞ս  է վերաբերվում այն որակումներին, որ այսինչը պալատական արվեստագետ է, այնինչը՝ ժողովրդական: «Ես կողմնակից եմ արվեստի մեջ լինելուն:  Մարդ, որ ծնվում է, Աստված իրեն խրամատ է տալիս, ասում է՝ էս է քո խրամատը: Եթե դու քո խրամատից սկսում ես աջուձախ շեղվել, դա լավ բան չի: Ես 50 տարի ջազ եմ նվագում, ոչ մի պաշտոնի չեմ համաձայնվել……ջահել ժամանակ շատ են առաջարկել՝ է՛լ բարձր, է՛լ միջին պաշտոններ, հրաժարվել եմ, որ մնամ երաժշտության մեջ ու ազատ լինեմ: Մի քանիսին ասում էի՝ ես առավոտ վեցին եմ քնում, որովհետեւ  մինչեւ էդ ժամը նվագում եմ, ձեր ժողովներին գալ չեմ կարող… …Հետո ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի եւ ինչքան լուրջ զբաղվի, էդքան լավ: Ինչ վերաբերում է պալատականին կամ ժողովրդականին, ես ինձ միշտ համարել եմ փողոցային մարդ, 16 տարեկանից դուրս եմ եկել տնից, մինչեւ հիմա տուն չեմ հասել… նկատի ունեմ՝ 16 տարեկանից սկսեցի նվագել…»:

Լեւոն Մալխասյանն իրեն համարում է հանրահայտ Օսկար Պիտերսոնի սանը. «Իմ նվագի վրա նա  մեծ ազդեցություն է ունեցել:  Ես հատուկ երաժշտական կրթություն չունեմ, բայց Օսկար Պիտերսոնի բոլոր CD-ները ունեմ, դրանցով եմ դաստիարակվել,  նա ինձ համար եւ Չայկովսկու դպրոցն է, եւ Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարան, եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիա եւ Մոսկվայի Գնեսիններ……Ամեն ինչ՝ իրար հետ, ինձ համար էդ մարդն է մինչեւ էսօր»:

Սիրված ջազմենից տեղեկացանք, որ վերջերս նրան իր ամառանոցում ընդունել է  Ռայմոնդ Պաուլսը, որը համաձայնել է երկու համերգ ունենալ Երեւանում՝  հոկտեմբերի 11-ին եւ 12-ին: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ  սեպտեմբերի 23-29-ը Երեւանում կայանալիք Հայկական երաժշտական շաբաթին, որտեղ ներգրավված է նաեւ Լեւոն Մալխասյանը:

Ջազի վարպետը այն հրաշալի նախագիծ անվանեց՝ առանձնացնելով  Մարիա Մերաբովային ու նրա դաշնակահար ամուսնուն. «Մենք այդ համերգը պատկերացնում ենք jam session-ի ձեւով՝ մասնակցությամբ իմ, Հյուսնունց Արմենի,  Վահագն Հայրապետյանի եւ այլն:  Jam session -ները ավանդական են ամբողջ աշխարհում, կարծում եմ՝ շատ լավ կանցնի էդ համերգը, Մերաբովան էլ հետաքրքիր երգչուհի է»: Մալխասը փաստեց, որ Երեւանը միշտ էլ ունեցել է ջազային  հետաքրքիր բանակ, թե 60-ականներին, թե դրանից հետո. «Ջազային ժանրը պահանջված է Երեւանում,  դահլիճները միշտ լեփ-լեցուն են: Ընդ որում՝ լեփ-լեցուն էին 60-ականներին, 70-ականներին, 80-ականներին եւ  հիմա:  Մեր ազգին բնորոշ պահանջ է՝ ջազ նվագելը»:

Բազմաթիվ քաղաքապետեր տեսած ջազմենն առանձնացնում է Գրիգոր Հասրաթյանին: Ասում է՝  նա  զգում էր քաղաքի պուլսը, բացի այդ, բոլոր հետաքրքիր սրահները Հասրաթյանի օրոք են բացվել, օրինակ՝ Հենրիկ Իգիթյանի հիմնադրած Ժամանակակից արվեստի թանգարանը, որը լրիվ հակասում էր ժամանակի գաղափարախոսությանը ու մեկտեղում «դիսիդենտ» նկարիչներին:  «Ջազն էլ բարեհամբույր չէին ընդունում այդ տարիներին, բայց դիսիդենտ չենք եղել՝ Մոսկվայի, Լենինգրադի պես: 60-70-ականներին մեր հոնորարը գիտե՞ք որն էր, որ թույլ տային նվագել, բայց վայ էն թույլ տալուն… 67-68 թվականներին, երբ ռայկոմի մի քարտուղարի ասացի, թե ուզում եմ քաղաքային ջազ-փառատոն անել,  ասաց՝ ի՜նչ,  դուռը փակիր մյուս կողմից…»:

Խոսելով հայկական ջազի առանձնահատկություններից, վարպետն ասաց.  «Պարտադիր չէ՝ թառն ու դուդուկը դնել սաքսոֆոնի կողքին ու ասել հայկական ջազ է… Օրինակ, ես երբ նվագում եմ այլ երկրներում, 10 րոպե հետո, եթե անգամ ամերիկյան գործ եմ նվագում, մարդիկ  ասում են՝ էս մարդն Արեւելքից է, դա՛ է հայկական ջազը»:

Լեւոն Մալխասյանը զրույցի վերջում իր երկու երազանքի մասին եւս խոսեց, ցանկանում է հիմնադրել ջազային դպրոց-ստուդիա եւ մինչեւ տարվա վերջ ստեղծել հայկական ջազի անթոլոգիա՝ նվիրված հայկական ջազի 75-ամյակին:  Ուզում է ներգրավել բոլոր ժամանակների ու տարբեր սերնդի ջազմեններին  ու  կատակում է. «Թատերականի պրոֆեսորներից մեկը մի առիթով ասաց՝ Մալխաս, եթե էդ անթոլոգիան դու չանես, ոչ ոք չի անի, կեսը փախել են, մյուս կեսը՝  մահացել, էնպես որ քո վրա է»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Ռայմոնդ Պաուլսը եւ Լեւոն Մալխասյանը (աջից)

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031