Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այժմ նաեւ «Orchestra +» նախագիծը

Օգոստոս 07,2013 13:40

Կարեն Դուրգարյանը՝ մեր օպերայի ու միջազգային կապերի մասին

Վերջերս ինչպես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի հռչակավոր Մարիինյան թատրոնի այս խաղաշրջանը օգոստոսի 10-11-ին փակվում է Վերդիի «Տրավիատայով»: Սանկտ Պետերբուրգում ներկայացումը կղեկավարի Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, իսկ Հայաստանում ղեկավարել է  Յուրի Դավթյանը:

Կարեն Դուրգարյանը վերջին տարիներին ցանկալի հյուր է Մարիինյան թատրոնում: Համագործակցությունը սկսվել է 2010թ., երբ այդ թատրոնում խորեոգրաֆ Վյաչեսլավ Խոմյակովը եւ բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանը իրականացրին Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

Արվեստագետների շրջանում վերջին տարիներին խոսակցությունների առիթ են դարձել Դուրգարյանի հաճախակի հյուրախաղային շրջագայությունները: Սկսած 2000-ականների սկզբից, դրանք իսկապես հաճախակի են. 2001թ. հայ դիրիժորը Իտալիայում  հանդես է եկել Հայդնի սիմֆոնիաների մեկնաբանմամբ, ապա Կալյարիի թատրոնում՝ Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերային ներկայացման բեմադրական աշխատանքներում արվեստագետը հանդիսացել է մեծանուն դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկու ասիստենտը: Իսկ «Օպրիչնիկի» առաջնախաղային երկու ներկայացումները ղեկավարել են Ռոժդեստվենսկին եւ Դուրգարյանը: Այնուհետեւ մեր դիրիժորը տարբեր օպերաներ վարելու նպատակով հրավիրվել է եվրոպական ճանաչված թատրոններ, այդ թվում՝ «Կոլիզեյ», «Լա Ֆենիչի», Տուրինի, Լիսաբոնի թատրոններ եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում Կարեն Դուրգարյանը խոսելով Մարիինյան թատրոնի հետ իր ակտիվ համագործակցության եւ դրանում աշխարհահռչակ Վալերի Գերգիեւի դերի մասին՝ ասաց. «Օգտագործելով հյուրախաղերի առիթը, մշտապես բանակցություններ եմ վարել Գերգիեւի հետ: Գուցե ասածս անհամեստություն է, բայց արդյունքը հունիսի 1-ին մեր թատրոնի 15 մեներգիչների գալա համերգն էր Մարիինյանում: Թեեւ ավելորդ է, բայց նշեմ, որ դա լուրջ, ներկայանալի հայտ էր, ինչին հետեւեց մեր թատրոնի առաջնակարգ մենակատարներ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի եւ Հովհաննես Այվազյանի բեմելն այդ թատրոնում: Երեւանի օպերային թատրոնը պաշտոնական հրավեր է ստացել 2014թ. մասնակցելու  Գերգիեւի հիմնադրած ու ավանդաբար անցկացվող հեղինակավոր «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին, ինչպես նաեւ կներկայացնենք Խաչատրյանի «Գայանե» բալետը եւ մեկ հայկական օպերա: Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործական կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն հյուրախաղերը, էլ չեմ ասում շփումն ու բեմ բարձրանալը հռչակավոր մշակութային օջախներում, այս դեպքում՝ Մարիինյանում»: Հավելեց նաեւ, որ Մարիինյանի հաջորդ թատերաշրջանում ինքն ունի հրավեր՝ ղեկավարելու Վերդիի «Բոհեմ», «Պարահանդես-դիմակահանդես» եւ Պուչինիի «Տոսկա» ներկայացումները: Հետաքրքրությանը, թե մեր թատրոնում ինչ պրեմիերաներ ու նախագծեր են նախատեսված, դիրիժորը պատասխանեց. «Այս պահին ստույգ կարող եմ ասել՝ Բիզեի «Կարմենը» եւ Ադանի «Ժիզելը», ցանկություն ունենք իրականացնել Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան… Ինչպես անցած, այնպես էլ եկող թատերաշրջանում կկազմակերպենք գալա համերգներ՝  նաեւ արտերկրից հրավիրված արվեստագետների մասնակցությամբ»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ թատրոնի ներկայացումներին զուգահեռ ընթացող «Համերգ ճեմասրահում» կամերային երեկոներին կգումարվի նոր՝ «Orchestra +» նախագիծը: «Այդ նախագիծը երիտասարդներին օպերային թատրոն բերելու նպատակ ունի, հետեւաբար, Արեւմուտքի օրինակով, կհրավիրենք նաեւ երաժիշտներ, այդ թվում՝ երգիչներ, որոնք կներկայացնեն հանրամատչելի երաժշտություն, օրինակ՝ արդեն ստացել ենք շվեյցարական «Autentic Light Orchestra» ջազ-ֆոլկ խմբի համաձայնությունը: Ի դեպ, նրանք խոստացել են իրենց ծրագրում ընդգրկել նաեւ հայկական երգեր: Կարճ ասած՝ սպասվում է բուռն թատերաշրջան՝ մինչեւ հունվար շաբաթական երեք ներկայացումներով եւ համերգային ծրագրերով: Իսկ նոր տարուց հետո դրանց թիվը հնարավոր է եւ ավելանա»,- հայտնեց հայ դիրիժորը: Նա նշեց նաեւ, որ Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի հետ բանակցելու  արդյունքում որոշված է օպերային ստուդիայում իրականացնել ներկայացում, ինչպես նաեւ թատրոնում որոշ գալա համերգների ժամանակ ընդգրկել նաեւ կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Կարեն Դուրգարյանը՝ Ելենա Օբրազցովայի հետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031