Դավիթ Սարգսյանի «Ես եւ մերոնք» փաստագրական ակնարկը ներկայացնում է դատախազական համակարգի երախտավորներից մեկի՝ Յուրի Ղազարյանի կյանքի ուղին, նրա աշխատանքային բարդ ու պատասխանատու գործունեությունը: Թվում է՝ չոր ու ցամաք մի պատում պիտի լիներ, ինչպես հաճախ հանդիպում ենք շատ ու շատ նմանօրինակ բովանդակությամբ գրքերում: Բայց հուրախություն մեզ՝ այս դեպքում իմ եւ իմ ծանոթ ընթերցողների, կարդացինք այն միայն բարձրարվեստ գրականությանը հատուկ ոգեւորությամբ ու հետաքրքրությամբ: Իսկ գրավիչը՝ յուրաքանչյուր պատումի՝ գրքում զետեղված փաստի (որոնք բոլորը իրական են) նկարագրություն. արտահայտված է ոչ թե սովորական գրող-արձակագրի, այլ իսկական թատերագրի՝ այն է՝ գեղարվեստական կերպարներ ստեղծելու նրբազգաց ու նրբաճաշակ վարպետի գրչով:
Այսպես՝ հենց գլխավոր հերոս Յուրի Ղազարյան իրավաբանի, մարդու կերպարն այնքան կենդանի, հյութեղ, կերպարին բնորոշ նուրբ հումորով համեմված, որ անհնար է առանց հիացմունքի կարդալ: Ի վերջո, որքան էլ հետաքրքիր ու հարուստ լինի մարդու անցած ուղին, միայն իրական փաստերը նկարագրելը բավարար չեն արժեքավոր գիրք ստեղծելու համար:
Դավիթ Սարգսյանի հմուտ գրչի շնորհիվ այն դարձել է ոչ միայն հետաքրքրաշարժ տեսարանների, դեպքերի ու դեմքերի նկարագրություն, այլեւ, չեմ վախենում ասել, գեղարվեստական բարձրարվեստ մի ստեղծագործություն՝ այսօրվա մարդու համար չափազանց ուսանելի մի դասագիրք մեր իրավական ու իրավաբանական այնքան ապականված դաշտը փոքր-ինչ մաքրելու, մարդ-քաղաքացու ոտնահարված իրավունքը պաշտպանելու մի փորձ: Գրքի հեղինակին ավելի քան հաջողվել է թափանցել նույնիսկ ամենաբարդ ու խրթին երեւույթների խորքը եւ դուրս բերել ընթերցողի մտքին ու սրտին մատչելի լեզվով հասցնելու, հենց իր՝ գրքի հեղինակի եւ գլխավոր հերոս Յուրի Ղազարյանի հիմնական ասելիքը՝ ազնվաբար եւ արժանապատիվ ապրելու կամք, սեփական խղճով առաջնորդվելու մղում, ցանկացած ասպարեզում, ցանկացած իրավիճակում գործող անհատի առաջնահերթ հրամայականը ամենահզոր զենքն է անհատին եւ ազգին հարատեւ կյանք ապահովելու համար:
Գրքի ամենամեծ խորհուրդը՝ ակամա հիշում եմ բանաստեղծ Համո Սահյանի հորդորը՝ «Խղճիդ հետ զրույց արա գիշերը քնելուց առաջ,
Կարդացեք նաև
Հուզմունքով ծառին նայիր կացինդ սրելուց առաջ…»:
«Ես եւ մերոնք» գիրքը երկրորդն է, որը պատմում է Յուրի Ղազարյանի մասին: Մի քանի տարի առաջ նրա աշխատանքային գործունեությանն էր անդրադարձել ճանաչված լրագրող Նորիկ Պետրոսյանը իր «Քննիչի կյանքից. խոհեր եւ ապրումներ (հուշերի եւ հույզերի խճանկար)» գրքում: Երկրորդ գիրքը՝ «Ես եւ մերոնք» ակնարկը նվիրված է Յուրի Ղազարյանի ծննդյան 75-ամյակին: Ո՞րն է պատճառը, որ կարճ ժամանակահատվածում տարբեր հեղինակներ անդրադառնում են նույն անձնավորությանը եւ այն էլ մի համակարգի նախկին աշխատակցի, համակարգ, որի գործունեության եւ աշխատակիցների նկատմամբ հասարակությունը բոլոր ժամանակներում ավելի շատ քննադատաբար է տրամադրվում, քան դրվատանքով, հաճախ լռության մատնում եւ անտարբերություն դրսեւորում հիշատակության արժանի անձանց եւ փաստերի հանդեպ: Տվյալ պարագայում գաղտնիքը հավանաբար գրքի հերոսի ինքնատիպ անհատականություն լինելու եւ տարբեր քրեական գործերի բացահայտման ընթացքում նույնքան ինքնատիպ, ոչ ստանդարտ մոտեցումներ եւ լուծումներ կիրառելու մեջ է: Ըստ երեւույթին նշանակություն ունի նաեւ գրքի հերոսի արվեստասեր լինելը, մտավորականների այն միջավայրը, որով շրջապատված է եղել նա իր աշխատանքային եւ ընկերական կյանքում: Պակաս կարեւոր չէ նաեւ այն իրողությունը, որ Յուրի Ղազարյանն անդավաճան է մնացել իր աշխարհայացքային չափորոշիչներին, առաջնորդվել դրանցով բոլոր պարագաներում: Այն է. հանցագործը պետք է պատժվի, սակայն չպետք է ոտնահարվի նրա մարդկային արժանապատվությունը, ընդհակառակը. անհրաժեշտ է օգնել նրան եւ հնարավորություն տալ չընկճվելու ինքնակործանման ճահճի մեջ, վերհանել հանցագործությունը ծնող պատճառները եւ հնարավորինս մարդկային վերաբերմունք դրսեւորել օրենքի եւ հասարակական կարգի հանդեպ ոտնձգություն կատարած անձի նկատմամբ, թափանցել նրա մտածողության եւ հոգեբանության խորքը եւ ճիշտ գնահատել դատապարտյալի գործողությունների եւ բնավորության վտանգավորության աստիճանը, հասարակությունից մեկուսացման անհրաժեշտությունը, դարձի գալու հավանականության չափը……
Գրքի հերոսը պատրաստ է երբեմն անձամբ շրջանցել որոշ պարտադիր պայմաններ, չխուսափել իրեն հասցեագրված քննադատությունից, միաժամանակ չմեղանչել օրենքի եւ իր խղճի առջեւ, միայն թե ճակատագրական վճիռ կայացնելուց առաջ համակողմանի քննել ոչ միայն բուն հանցանքը, այլեւ տվյալ անձի բնավորությունն իր հոգեբանությամբ եւ մտածողությամբ: Այդպես Թալինի շրջանի դատախազ Յուրի Ղազարյանը կարողացավ մեղմել ճապոնական «Կամացու» մակնիշի թանկարժեք էքսկավատորը դիտավորությամբ այրած միլիցիոների եւ կոմերիտմիության կազմակերպության քարտուղարի պատիժը, ում նպատակը եղել էր իրենց սակավաջուր գյուղից խմելու ջրի խողովակաշարը Թալինի պանրագործարան հասցնելու ծրագրի խափանումը… Դատախազը դեմ չգնաց ոչ օրենքին, ոչ խղճին, ոչ ճշմարտությանը: Արժեքներ, որոնք նրա համար վեր են ամեն ինչից: Սեւան-Հրազդան տարածաշրջանի դատախազությունում աշխատանքային մկրտություն անցնելու ընթացքում, որպես շնորհակալություն անաչառ քննություն կատարելու եւ իրական հանցագործներին հայտնաբերելու համար, տեղացիներից նվեր ստացած մի քանի կիլոգրամ իշխան ձուկը գիշերով, պատահական բեռնատարի թափքում տեղավորված հասցրեց Երեւանում բնակվող բազմանդամ ընտանիքին, թեեւ օրեր անց Շահումյանի դատախազը, ով մասնակցել էր ձուկ ուտելուն, պիտի հայտարարեր՝ «Քննիչ չդարձած՝ արդեն իշխան են ուտում» եւ այլն: Իսկ երիտասարդ քննիչին մտահոգել էր ոչ միայն ձուկը փչացումից փրկելու, այլեւ իր հարազատներին օգտակար լինելու հանգամանքը: Յուրի Ղազարյանի ակտիվ բնավորությունը եւ հանրօգուտ գործունեություն ծավալելու քաղաքացիական մղումը նրան հանգիստ չեն տալիս նաեւ կենսաթոշակային տարիքի սահմանագիծը հատելուց հետո: Նրա հիմնադրած Երաժշտասերների «Քնար» հասարակական կազմակերպությունն այսօր իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն անհաշտ պայքարն է մշակութային աղավաղումների դեմ:
ԺԱՍՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ