Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Երևանի քաղաքապետարանում քուչի կատեգորիաներով կառավարում է իրականացվում» (Տեսանյութ)

Օգոստոս 07,2013 13:22

«Պարտավոր են երևանցիներին փոխհատուցել»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշմանը:

Այնուհետև Ս. Սաֆարյանը շեշտեց, որ Տ. Մարգարյաննն իրավունք չուներ թանկացնելու տրոլեյբուսի ուղեվարձը ու մանրամասնեց. «Ոչ մեկի կոմպետենցիան էլ չէ տրոլեյբուսի վարձի սահմանումը: Դա օրենքի բաց է, բայց դա չի նշանակում, որ Տարոն Մարգարյանն իրավունք ուներ այդ բացը լրացնել: Երևանի քաղաքապետի լիազորությունների մեջ թվարկված չէ տրոլեյբուսի գնի սահմանումը: Երևանի քաղաքապետարանում օրենք չի աշխատում, այնտեղ քուչի կատեգորիաներով կառավարում է իրականացվում»:

Շարունակելով՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Ո՞վ է թույլ տվել 137 երթուղիների համար ակտ ընդունել այն դեպքում, երբ քեզ 48-ն են դիմել: Իսկ եթե դա նորմատիվ ակտ է, ապա քաղաքապետն իրավունք չուներ նորմատիվ ակտ ընդունելու: Փաստորեն, ինքն ընդունել է ձևով անհատական, բայց բնույթով նորմատիվ ակտ և տարածել է բոլորի վրա»:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ վիճակը վատ է, քանի որ բազում խախտումներ է թույլ տվել քաղաքապետը և իրենք ներկայացրել են ինը էջանոց հայցադիմում: Պարոն Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2-3 հայց են ներկայացնելու, որոնցում վիճարկում են քաղաքապետի անգրագետ և իրավունքի հետ կապ չունեցող որոշումները: Ըստ Ս. Սաֆարյանի՝ իրենք դիմել են նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը իրենց միանալու հարցով, այնուհետև կազմակերպվելու է նաև քաղաքացիների ստորագրահավաք, որից հետո դիմելու են դատարան:

Ակտիվիստ Անի Կաղինյանն էլ նկատեց, թե այն, որ քաղաքապետը ժամանակավոր կասեցրել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը, սա դեռ հաղթանակ չէ, քանի որ մոտակա ամիսներին նույն իրավիճակն է լինելու քաղաքում:

Անի Կաղինյանը նշեց, որ թեև իր համար անընդունելի է իր ընկերների՝ քաղաքապետարանի առաջ նստացույց անող երեք ակտիվիստների պայքարի ձևը՝ ուղղված Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկությանը, բայց ամեն հարցում աջակցում է նրանց:

Անի Կաղինյանը տեղեկացրեց. «Երկու օր առաջ նստացույցի մասնակիցներից Սուրենի առողջական վիճակը վատացել է և շտապօգնությամբ արևահարություն ախտորոշմամբ նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա ջերմությունը 41-ից չէր իջնում, նա այսօր ևս գնացել է հիվանդանոց հետազոտությունների: Գոռ Առաքելյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, երեկոյան քթից արյունահոսություն է եղել: Մեր երիտասարդներն անարժանապատիվ իրավիճակներում կորցնում են իրենց առողջությունը»:

Ստյոպա Սաֆարյանի «ուղեղում չի տեղավորվում այս ամենը» և նա նշում է. «Ուղեղումս չի տեղավորվում այն, որ հասուն մարդիկ կարող են իրենց նման բան թույլ տալ: Ֆիզիկապես ստեղծում են ամենաայլանդակ իրավիճակը: Ինչքան մարդատյաց պիտի լինես, որ քեզ նման բան թույլ տաս: Այնքան մարդ չեն սիրում, որ կարող են ոչ միայն տարիքին ոչ վայել արարքների գնալ, այլև թույլ չտալ փոքրիկ անձրևանոց տեղադրել՝ իմանալով, որ այդ երիտասարդներն այնտեղ են գիշերում: Քանի՞ թրեյնինգ պիտի իրականացնեն մեր ոստիկանների համար, որ հասկանան այդ հարցը: Անձրևանոցի խնդիրը նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից է գալիս: Մարդու իրավունքների պաշտպանը այն ժամանակ էլ հայտարարություն արեց, որ մեկ վրանի իրավունք բողոքողը ունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031