Այսօր Երեւան ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցությունը հայցադիմում հանձնեց Վարչական դատարան, որով պահանջում է առ ոչինչ ճանաչել Երեւանի քաղաքապետի թիվ 36-60 Ա որոշումը, իսկ նույն թվականի թիվ 36-61 Ա որոշումը ճանաչել անվավեր:
Ավագանու անդամ Անահիտ Բախշյանի խոսքերով՝ «Հիմքերը ներկայացված են, իսկ տրոլեյբուսի թանկացումը որեւէ օրենքով տրված չէր քաղաքապետին: Վիճարկվող որոշումներում նշված է, որ 48 երթուղի է դիմել՝ թանկացնելու ուղեվարձը, իսկ քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Երեւանում փաստացի առկա է 42 ավտոբուսային եւ 95 միկրոավտոբուսային երթուղի: Այսինքն, քաղաքապետն իր որոշումը տարածել է նաեւ այն երթուղիների վրա, որոնք սպասարկող կազմակերպությունները նման առաջարկությամբ հանդես չեն եկել»:
Ըստ տիկին Բախշյանի, Տարոն Մարգարյանն ի սկզբանե ուղեվարձի թանկացման որոշումը կայացրել է անօրինական. «Մեր նպատակը դա է, որ դատարանի վճռով հիմնավորենք, թե քաղաքապետը որոշումը կայացրել է ոչ օրինական հիմքերով»:
Կարդացեք նաև
Տիկին Բախշյանը նաեւ նշեց, որ նկատի ունենալով շատ հանգամանքներ՝ դատարանից իրենց սպասելիքները մեծ չեն. «Բայց այնքան, որքան իրենցից մեծ չեն մեր սպասելիքները, այնքան էլ մեր ուժերի նկատմամբ մեծանում է շարունակական պայքարի վճռականությունը: Հետո կա այլ ատյան, ի վերջո կա Սահմանադրական դատարան»:
Տիկին Բախշյանը նաեւ նշեց, որ կան նաեւ Սահմանադրության խախտման մասին փաստեր եւ եթե գործը ՍԴ հասնի՝ բավականին լուրջ հիմքեր կան, որ ի վերջո երկիրը դառնա իրավական:
Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ՝ Տարոն Մարգարյանը թույլ է տվել անթիվ-անհամար խախտումներ. «Կարծում եմ, վարչական դատարանի համար այնքան էլ հեշտ չի լինի շրջանցել այդքան ակնառու խախտումները: Ի սկզբանե քաղաքապետի կողմից ստորագրված երկու որոշումներն էլ ոչ իրավաչափ են եղել: Պարադոքսալ է, բայց պարզվում է, որ տրոլեյբուսների սակագնի բարձրացման լիազորություններ քաղաքապետը չունի: Մյուս պարադոքսը կայանում է նրանում, որ, ըստ էության, քաղաքապետը խախտել է գործող օրենսդրության մի շարք դրույթներ: Չափազանց լուրջ խախտումներ է թույլ տվել, պարտականություններ է սահմանել Երեւանի քաղաքացիների համար: Ակտի հրապարակման հետ կապված նույնպես կան խախտումներ: Երեւանի քաղաքապետը շփոթում է երկու հասկացություն՝ ինտերնետում հրապարակելը պաշտոնական հրապարակում չէ: Այն որոշումները, որ ընդունել է Տարոն Մարգարյանը, պետք է ուժի մեջ մտնեին ոչ թե ստորագրման պահին կամ հաջորդ օրը, այլ հրապարակումից հետո 10-րդ օրը: Այսինքն, իրականության մեջ հենց միայն այն պաստը ցույց է տալիս, որ հուլիսի 20-ից մինչեւ 24-ը ներառյալ, 5 օր շարունակ իրականացվել է անօրինական դրամահավաքություն»:
Նշենք, որ հայցադիմումը բաղկացած է 9 էջից: Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ լուրջ իրավաբաններ են աշխատել հայցադիմումի վրա, աշխատել են ներկայացնել այն սեղմ, բայց քանի որ խախտումներն այնքան շատ էին՝ այն 9 էջ է կազմել:
Չնայած ԲՀԿ խմբակցությունը նույնպես հայտարարել էր, որ Տարոն Մարգարյանի՝ ուղեվարձի թանկացման որոշումների դեմ է, սակայն «Բարեւ Երեւանի» հայցադիմումին առայժմ չի միացել: Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ԲՀԿ-ից ասել են, թե պետք է նիստ հրավիրեն եւ քննարկեն. «Երբ հայցն ընդունվի վարույթ, նրանք կարող են միանալ, ինչպես նաեւ կարող են միանալ քաղաքացիներ՝ որպես երրորդ կողմ»:
Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ «Բարեւ Երեւանի» իրավաբան Արթուր Գասպարյանը հայցադիմումը հանձնեցին դատարան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ