Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան խաղաքարտը՝ Կրեմլի միակ «զենքը»

Օգոստոս 07,2013 11:51

Ինչպես երեւում է, ԵՄ Ասոցացման համաձայնագրի դեմ Հայաստանում հակափաստարկներ ներկայացնելու հարցում չգտնելով որեւէ ծանրակշիռ պատճառաբանություն, երկար մտորելուց հետո Կրեմլը, վերջապես, գտել է Հայաստանի քաղաքացիների համար ամենացավոտ թեման:

Ամենօրյա ռեժիմով ռուսաստանյան գործակալություններում երկարաշունչ հոդվածներով հանդես են գալիս ռուսական կողմնորոշումը ներկայացնող փորձագետներ: Նրանք բոլորը միահամուռ ուժերով լծվել են Լեռնային Ղարաբաղը ԵՄ-ից փրկելու սուրբ գործին․․․

Regnum-ին տված հարցազրույցում չեխ փորձագետ Էրիկա Լերներն անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման խնդրին, նախ նշել է, թե պետք է հաշվի առնել, որ ԵՄ Ասոցացման համաձայնգրի նախաստորագրումից հետո ընկած ժամանակահատվածում ԵՄ-ն ուշադրությամբ հետեւելու է այդ սկզբունքներին Հայաստանի համապատասխանությանը: Կարծես՝ Հայաստանի հասարակությունը կտուժի՞, եթե եվրոպական ու օրենսդրությունն ու չափորոշիչները կիրառվեն մեր կյանքում ու դրանց իրականացումը վերահսկվի ԵՄ-ի կողմից․․

Ապա` որպես «լուրջ» վերլուծաբան՝ Լերները նկատում է․ «Լուրջ վերլուծաբանի համար կասկած չկա, որ «եւ-եւ» բանաձեւն անհնար է առաջին հերթին ԵՄ-ի պահանջների պատճառով»: Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը չգնալու համար որպես ծանրակշիռ խնդիր փորձագետը ներկայացնում է վերջերս ռուսաստանյան շահեր սպասարկող քաղաքական գործիչների եւ փորձագետների կողմից հրապարակ նետված հարցադրումը՝ իսկ ի՞նչ է սպասվում ԼՂ-ին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո․․․ Պատկերը, ինչ խոսք, սահմռկեցուցիչ է: «Ղարաբաղի տարածքը ձեւականորեն կարող է ընդգրկվել ԵՄ-ի ու Ադրբեջանի ասոցացման բանակցային գործընթացում: Եվրոպացիները չեն պաշտպանի Հայաստանի՝ որպես Ղարաբաղի պրոտեկտորի կարգավիճակը․․․ ԵՄ-ն տնտեսական, քաղաքական եւ բոլոր այլ հնարավոր տարբերակներով Ղարաբաղն անջատելու է Հայաստանից: Կարծում եմ, որ անջատման մեխանիզմները հայտնի կդառնան համաձայնագրի նախաստորագրումից հետո», նշում է փորձագետը:

Նույն ոգով դարձյալ Regnum-ում  Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը բացատրում է, թե ինչ պահանջներ է ներկայացնելու Ադրբեջանը Եվրոպային․«Եթե դուք երկար տարիներ ասում եք, թե մեզ պետք է ցանկացած գազ՝ բացի ռուսականից, եւ հիմա ուրիշ չկա շուկայում՝ Իրանում չկա, Եգիպտոսում չկա, բոլոր այս նախագծերը պայթում են, ինչպես օճառի պղպջակներ, չկա թուրքմենական գազը, այդ դեպքում վաղ, թե ուշ Ադրբեջանը կասի՝ մենք ձեզ գազ, իհարկե, կտանք, բայց առաջ կքաշենք մեր պահանջները»: Եվ իհարկե ռուս փորձագետը գիտի, թե ինչ պահանջ է ներկայացնելու Ադրբեջանը եվրոպացիներին՝ առաջընթաց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Ինչպիսի՜ հանկարծակի հոգատարություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Մոսկվայի կողմից: ՌԴ ԱԳ նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսում խոսում է «Ադրբեջանի գրավյալ» տարածքների մասին, իսկ այժմ ռուսական փորձագիտական շրջանակները փորձում են փրկել Ղարաբաղը՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետեւանքով Ադրբեջանի կողմից պահանջ ներկայացնելու վտանգից:

Փաստացի Ղարաբաղյան խաղաքարտը այսօր դարձել է Կրեմլի միակ «զենքը», որպեսզի «ամրացնեն» Հայաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու պատճառները:

Ի դեպ, զենքի մասին․․․ Երեկ ադրբեջանական գործակալությունները հայտնեցին ուշագրավ մի տեղեկություն: Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը լուրջ առաջընթացներ է գրանցում: Բանը հասել է արդեն հրթիռներին․․․ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երեկ ընդունել է «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնասովի գլխավորած ռուսական պատվիրակությանը: Պաշտոնական հաղորդագրությունը տարածում էր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության մամլո ծառայությանը՝ տեղեկացնելով, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները եւ փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող այլ հարցեր:

Այսքանից հետո Ղարաբաղը ԵՄ-ից փրկողներին արժե հարց ուղղել՝ արդյոք այսօր չի՞ հասունացել մեկ այլ հրամայական՝ փրկել Լեռնային Ղարաբաղը ռուս-ադրբեջանական ռազմական դաշինքից, ինչպես նաեւ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցի հարաբերությունների նպատակահարմարության հարցը բարձրացնել։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031