Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» տեղեկատվական կայքը, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ,1987թ. ծնված Կարեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. հոկտեմբերի լույս 8-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում նույն գյուղի անչափահաս բնակչուհի, 17-ամյա Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ դրանով վերջինիս սպանելու՝ բռնություն գործադրելու սպառնալիքով աղջկա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Նույն գյուղի բնակիչ,1984թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի կեսին, գիշերվա ժամը 2-ին Հաղարծին գյուղում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ դրանով վերջինիս սպանելու՝ բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Երկու երիտասարդները նախկինում դատված չեն, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որ կատարվել են անչափահասի նկատմամբ»): Սույն հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:
Այս քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացել է օգոստոսի 6-ին: Ամբաստանյալներն ունեն նոր պաշտպաններ, որոնք դատարանից ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար:
Կարդացեք նաև
Նշենք, որ նախաքննության ընթացքում երկու երիտասարդներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն համարել:
Դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է դատավարությունն անցկացնել դռնփակ կարգով: Դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 20-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ