Aravot.am-ը երեկ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանից, որն այս պահին փոխարինում է արձակուրդում գտնվող ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, ուսման վարձերի հետ կապված մեկնաբանություն խնդրեց: Պրոռեկտորը Գրիգորյանը չցանկացավ հեռախոսով մեկնաբանություն անել, եւ նշեց, որ պատրաստ է ցանկացած հարցի մասին խոսել այսօր երես առ երես կայանալիք հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ նա մեր հասարակությունը հիվանդ էր անվանել , իսկ ուսման վարձերի մասին հարցը որակել սպառողական հոգեբանությանը բնորոշ:
Ինչպես եւ սպասում էինք, առավոտյան 9:34-ին պրոռեկտորը զանգեց եւ ասաց, որ չեղյալ է հայտարարվում մեր հանդիպումը, քանի որ իբր առանց իր գիտության հրապարակել ենք հեռախոսային զրույցը: Պնդեցի, որ լսի ձայնագրությունը, որտեղ պարզ ներկայացել եմ անուն-ազգանունով, լրատվամիջոցով եւ ասել, թե մեկնաբանություն եմ խնդրում, այնպես որ, մեր զրույցը ամենեւին էլ մասնավոր չէր: Ալեքսանդր Գրիգորյանը չցանկացավ լսել ու ասաց, որ իր ցանկացած հանդիպում հնարավոր կլինի միայն ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հետ համաձայնեցնելուց հետո, եւ այդ քայլին է դիմում Aravot.am-ի հրապարակումից հետո:
Փաստենք, որ ի տարբերություն ԵՊՀ պրոռեկտորի, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «մատչելի» է, հասանելի՝ քաղաքային եւ բջջային հեռախոսներով, նա միշտ պատրաստակամությամբ է մեկնաբանություններ է տալիս ԶԼՄ-ներին, այդ թվում՝ Aravot.am-ին հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ՝ անկախ թեմայի սրությունից:
Կարդացեք նաև
ԶԼՄ-ներին մեկնաբանություններ անելուց չեն խուսափում այլ ռեկտորներ եւս, որոնց թվում են Արշալույս Թարվերդյանը, Արա Ավետիսյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Արմեն Մազմանյանը, Արամ Իսաբեկյանը, ոչ մայրաքաղաքային բուհերի որոշ ռեկտորները նույնպես: Նրանք հարցի մեջ թշնամանք չեն փնտրում եւ նախատրամադրված չեն, թե լրագրողը հարց է ուղղել՝ անպայման իրենց «գլխին սարքելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ