Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ակտիվիստների մեջ նաեւ իմ տղան էր, որի համար ես շատ հպարտ եմ»

Օգոստոս 07,2013 10:45

Հատված Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ հարցազրույցից:

– Պարոն Բաբայան, տրանսպորտի սակագների թանկացման դեմ ուղղված ակցիաներն ի վերջո տվեցին իրենց արդյունքը։ Կարելի՞ է ասել, որ արդեն ունենք ձեւավորված քաղաքացիական հասարակություն, Ձեզ համար որքանո՞վ էր սպասելի, որ քաղաքացիական անհնազանդությունը նման հաղթանակ կարձանագրի։

– Ձեւավորված՝ դեռ շուտ է ասել, բայց, կարծում եմ, ամենամեծ հաղթանակը հենց նա է, որ սկսել է ձեւավորվել քաղաքացիական հասարակություն, եւ ձեւավորում են դա երիտասարդները։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ եկել է մի սերունդ, որն իր մեջ չի կրում այն վախը, որը տարիներ շարունակ ուներ մեր սերունդը, երբ ամեն մի հասարակական նախաձեռնություն միանգամից վերեւից ճնշվում էր։ Դրա համար սա շատ մեծ հաղթանակ էր եւ հաղթանակ ոչ թե քաղաքապետի, պետության կամ բյուրոկրատիայի հանդեպ, այլ ներքին հաղթանակ, ինչը նշանակում է, որ ներքին վախն արդեն հաղթահարված է։ Եկել է եւ ձեւավորվում է մի հասարակություն, որն իրեն զգում է այս երկրի տերը։ Իսկապես շատ ուրախ եմ այդ ամեն ինչի համար եւ մեծ հույսեր եմ կապում։ Այստեղ փոքրիկ ու անձնական մի հաղթանակ էլ ես եմ տոնում, որովհետեւ ակտիվիստների մեջ նաեւ իմ տղան էր, որի համար ես շատ հպարտ եմ։ Սա իմ համար շատ կարեւոր էր, որովհետեւ տղաս 18 տարեկան է՝ ձեւավորման տարիքում, եւ ես շատ ուրախ եմ, որ նա այդպես է ձեւավորվում։ Իսկ ինչքան ակտիվորեն ձեւավորվի քաղաքացիական հասարակությունը, այդքան ավելի լավ կլինի, հետո՝ պետք չի այդ ֆունկցիաները դնել կուսակցությունների վրա, նրանք ունեն շատ սահմանափակ ֆունկցիաներ, եւ իրենցից ավելին պահանջել չի էլ կարելի։ Վերջիվերջո, կուսակցությունները չեն երկրի առաջընթացն ապահովողները, այլ ինքը՝ հասարակությունը, իսկ ինչքանով այդ հասարակությունը ձեւավորված է, ինչքանով իրեն երկրի տերն է զգում, այդքանով երկրի ապագան ավելի լավ է երեւում։

Որոշումը քաղաքապետի կողմից դեռ կասեցված է, ի՞նչ եք կարծում՝ ի վերջո այն չեղյալ կհամարվի՞, թե՞ ուղեվարձի վերանայման վտանգը դեռ կա։

– Կարծում եմ, որ շատ ճիշտ ուղղություն ստացան այս ակցիաները, որոնք սկսվեցին 150 դրամի դեմ պայքարից, իսկ հետո տեղափոխվեցին ուրիշ դաշտ, երբ ասեցին՝ բերեք հիմնավորումները, թե ինչու կազմակերպված չէր լայն քննարկում, մրցույթ, սա շատ ավելի կարեւոր է, որովհետեւ եթե իսկապես լիներ քննարկում եւ տրամաբանություն ու հիմնավորում այս ամեն ինչի մեջ, կարող է ոչ թե 150, այլ 120 դրամ դառնար կամ ընդհանրապես 70 դրամ։ Կարեւորն այն է, որ հասարակությունը եւ երիտասարդներն այլեւս չեն ընդունում իրենց թելադրվող եւ իրենց վզին փաթաթված որոշումները։ Ես այսուհետ ուզում եմ իմանալ, թե իմ քաղաքում կամ իմ երկրում որոշումներն ինչպես են կայանում։ Սա շատ ավելի կարեւոր է, քան եթե մենք սահմանափակվենք միայն այդ 150 դրամի պատմությունով։ Ասենք, դարձրին 100 դրամ, ու մեր երկրում ոչինչ չփոխվեց, արդյոք դա հաղթանա՞կ է, կարծում եմ՝ ոչ, իսկ երբ փոխվում է մոտեցումն այս ամեն ինչի հանդեպ, երբ ես հասկանում եմ, որ ես եմ այս երկրի տերը, որ ի վերջո դատարանները, ոստիկանությունը, անվտանգությունը, կառավարությունը, Ազգային ժողովը, սրանք բոլորն այն կառույցներն են, որոնք ապրում են իմ վճարած հարկերով, եւ ես իրավունք ունեմ նրանցից պատասխան պահանջել իրենց կայացրած որոշումների վերաբերյալ։ Սա արդեն ես համարում եմ հաղթանակ, երբ մենք սկսում ենք դառնալ մեր երկրի տերը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031