Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը իր տեսակով այնպիսիներից է, ով կարող է զինվորին ուղարկել պատերազմի դաշտ եւ փամփուշտ չուղարկել, բայց չի հասկանում, որ վայրահաչություններով զբաղվելու ժամանակը չէ, փշի պես կանգնելու է կոկորդում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գործարար Արագած Ախոյանը՝ անդրադառնալով իր եւ իր նախկին գործընկեր Հրաչ Կապրիելյանի տարաձայնություններին: Նրանց միջեւ տարաձայնությունների վերաբերյալ գործն արդեն մի քանի տարի է դատարանում է:
Պարոն Ախոյան, ամերիկահայ գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Արցախ բանկի բաժնետեր, շվեցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը ձեր հասցեին մեղադրանքներ է հնչեցնում: Ի՞նչ խնդիր է առաջացել Ձեր եւ նրա հետ: Ինչքան գիտեմ ժամանակին գործընկերներ եք եղել եւ վատ շահույթ չի ունեցել ձեր համատեղ բիզնեսը:
Ոչ բարով մի ժամանակ գործընկերներ ենք եղել: «Իտարկո քոնստրաքշն» ընկերությունը ստեղծելու գաղափարը իմն էր: Ես եմ ոտքի կանգնեցրել, կնիք հանել: Իսկ ներդրումները եղել են երկուստեք՝ ամեն մեկը իր բաժնի մասով: Ընդամենը երկու տարվա մեջ մեր ակտիվներն ավելացան 3-4 անգամ:
Այս դեպքում, ո՞րն է պատճառը, որ անհամաձայնություններ սկսեցին:
Այ խնդիրն էլ հենց դա էր: Հաջողությունից հետո սկսեց այն ձեռագիրը, որն իրենք ունեն, այսինքն` գործընկերներից հրաժարվելու սցենարը: Պարոն Կապրիելյանը եւ իր նմաններն ունեն իրենց բնորոշ մի ձեռագիր` բիզնեսը կայացնելուց հետո իրենց գործընկերներին անպայման վերացնում են: Այսինքն` այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի գործընկերը թողնի գնա կամ հրաժարվի ունեցվածքից, որը փորձեցին անել ինձ հետ, բայց չի ստացվել:
Նրանք կարող են շանտաժի ենթարկել, փաստի առաջ կանգնեցնել: Տնօրեն գործընկերոջ հետ կարող են համաձայնության գալ, այնուհետեւ հրաժարվել եւ թողնել մենակ այդ որոշման հետ: Տարբեր տիպի բաներ: Կոնկրետ Հրաչ Կապրիելյանը իր տեսակով այնպիսիներից է, ով կարող է զինվորին ուղարկել պատերազմի դաշտ եւ փամփուշտ չուղարկել: Բայց չի հասկանում, որ վայրահաչություններով զբաղվելու ժամանակը չէ: Փշի պես կանգնել է կոկորդում: Նա բազմիցս անհեթեթ, հոգեկան անհավասարակշիռ ելույթներով է հանդես է եկել: Նրան ես չէ, որ պետք է ներկայացնեմ: Նրան ճանաչողները մեկ, երկու, երեք արդեն չորրորդ անգամ չեն ուզում շփվել: Անգամ ասում են ենթակա է բժշկական փորձաքննության, քանի որ նրա հայտարարությունները աբսուրդ են: Արդեն մի քանի տարի է նա հետ դատական գործընթացի մեջ ենք:
Ի դեպ, նա ակնարկել է, որ մոտ եք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Ավելին` նրա միջոցով է գործին «ստոպ» տրվել:
Այդտեղ իրականությանը համապատասխանող միակ հայտարարությունն այն է, որ մենք, այո, Աղվան Հովսեփյանի հետ մոտ ենք: Աղվան Հովսեփյանը շատ շատերի հետ է մտերիմ այս հանրապետությունում` պատգամավորների, արվեստագետների եւ այլն: Տեսեք ինչ աբսուրդ մեղադրանք է: Իր նկատմամբ քրեական գործ է հարուցված եւ ինքը ասում է, որ Աղվան Հովսեփյանը ինձ պահում է գործին «ստոպ» տալով: Ինչի՞ն ա ստոպ տվել: Երնեկ պարոն Հովսեփյանը ստոպ չտար: Երանի պարոն Հովսեփյանը եւ բոլոր նրանք, ովքեր դեռ հավատում են այս ստախոսին, ստոպ չտան:
Ինքը միանգամից հայտնվելու է ճաղերի հետեւում: Ես ուզում եմ իր հիշողությունը թարմացնի եւ հիշի այս վերջին 10-15 տարիներին ինչ են արել մեր պետության հետ: Պարոն Կապրելյանին հիշեցնում եմ «Արարատ» սպորտային ակումբի միջոցով փողերի այստեղ գալու եւ ուղղորդելու փաստերը, նրանց սուտ «Ֆրանկ Մյուլեր»-ային գործունեություն կատարելը եւ տարբեր արտադրամասեր ստեղծելը: Դրա տակ ոսկի, ադամանդներ արտահանելը: Ես պարոն Կապրելյանին շատ բաներ կարող եմ հիշեցնել: Վախենում եմ իրա վրա շատ ծանր նստի:
Խորհուրդ եմ տալիս լեզուն ատամների հետեւում պահի եւ սուս ու փուս ընդունի այն բոլոր ասածները, որոնք այսօր կան եւ հիմնավորված են: Իսկ այն ձեռքբերումները, որ ունի Հայաստանում, ես խորհուրդ կտամ սեփականաշնորհման նախարարությանը, այսօրվա իրավապահ մարմիններին մի հատ տեսնեն այս մարդիկ իրենց պարտավորությունները կատարե՞լ են պետության առաջ, թե՝ չէ: Օրինակ, Ձորաղբյուրի բազան, Ղարաբաղում մի քանի լուրջ օբյեկտներ, որոնք տասնյակ տարիներ անավարտ օբյեկտներ են եւ շատ ու շատ նման բաներ: Պարոն Օստապ Բենդեր` Հրաչ Կապրիելյան, Դուք չեք մարսելու այս մեկը փշի պես մնալու է ձեր կոկորդին եւ խորհուրդ եմ տալիս լեզուն մի քիչ կտրի: Ի դեպ, ես բոլորի հետ եմ մոտ: Պարոն Հովսեփյանը այն անձնավորություններից է, որի հետ ընկերություն անելուց կամ շփվելուց նման խնդրանքներով երբեք չեն դիմում: Ավելին` շնորհակալ եմ Աստծուց, որ կա նման մարդ:
Կարդացեք նաև
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am/
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում