Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյայի ցուցմունքը՝ իր փեսացուի սպանության գործով

Օգոստոս 06,2013 20:21

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարտին Սարոյանը հրապարակեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ դստեր` Մանյայի նախաքննական ցուցմունքը:

Հիշեցնենք, որ Մանյայի փեսացուին՝ 27-ամյա Կարեն Եսայանին, դաժանաբար սպանել էին նրանց նշանադրության օրը: Մանյան նախաքննական մարմնին տեղեկացրել էր, որ Կարեն Եսայանին ծանոթ է դպրոցական տարիներից, իր դասընկերն է եղել, նրան վերջին անգամ տեսել է 2012 թվականի մարտի 27-ին, երբ նա իր ծնողների հետ եկել է իրենց տուն: Դրանից հետ, ըստ Մանյա Ղուկասյանի, իրենք դարձյալ, նույնիսկ հեռախոսով չեն շփվել: Մանյա Ղուկասյանը նախաքննական մարմնին նաև հայտնել է, որ Կարեն Եսայանի սպանության մեջ ամբաստանվող Հարություն Սարգսյանին ընդհանրապես չի ճանաչել ու երբեք նրան չի տեսել:

Քննիչի այն հարցին, թե Մանյա Ղուկասյանի աշխատավայրը քանի՞ մետր հեռավորության վրա է գտնվում իրենց տնից, ինչո՞վ է գնում աշխատանքի, ամեն օր է գնո՞ւմ է, և վերջին ժամանակաշրջանում, այսինքն 2012 թվականի մարտ-ապրիլ ամիսներին որևէ արտասովոր երևույթ նկատե՞լ է, թե՞ ոչ, Մանյան պատասխանել է. «Աշխատանքիս վայրը գտնվում է 250 մետր հեռավորության վրա, մշտապես աշխատանքի գնում ու վերադառնում եմ ոտքով, արտասովոր այն եմ համարում, որ այն բանից հետո, երբ ծնողներս համաձայնեցին իմ ձեռքը տալ Կարեն Եսայանին, այսինքն 2012 թվականի մարտի 27-ից հետո, համարյա ամեն օր աշխատանքի գնալուց ժամը 11.00-ի սահմաններում և տուն վերադառնալուց` ժամը 15.00-ի սահմաններում իմ ճանապարհի տարբեր հատվածներում նկատել եմ կանգնած «Մերսեդես» մակնիշի արծաթագույն մեքենա, որի վրա դրված էր արտասահմանյան BM 52 55 համարանիշը: Ես ուշադրություն եմ դարձել այդ ավտոմեքենային ու միշտ մտածել եմ Կարենն է, քանի որ Կարենն էլ ուներ նույն գույնի ու մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենայի ներսը ես չեմ տեսել ու չեմ գիտակցել, թե ով է եղել, քանի որ ապակիները շատ ուժեղ մգացված էին: Նույն ժամանակահատվածում իմ երթուղու ճանապարհին պարբերաբար տեսել եմ նաև սև գույնի «Մերսեդես» մակնիշի` «Կատաֆալկա» ավտոմեքենա, դրա պետհամարանիշները չեմ հիշում, քանի որ ինձ չէր հետաքրքում, բայց մեքենան տպավորվել է նրանով, որ ամեն պահի «Կատաֆալկա» չես տեսնի, իսկ տվյալ դեպքում համարյա ամեն օր ես այդ ավտոմեքենան տեսնում էի: Ցանկանում եմ նշել, որ չի պատահել այդպիսի դեմք, որ արծաթագույն «Մերսեդեսն» ու «Կատաֆալկա» մերսեդեսը միաժամանակ կանգնած լինեին իմ անցնող ճանապարհին: Հնարավոր է արծաթագույն «Մերսեդես»-ը ժամը 11-ի կողմերը լիներ, իսկ ժամը 15-ի սահմաններում «Կատաֆալկա»-ն, կամ հակառակ: Թե ինչու են այդ ավտոմեքենաները կանգնել իմ ճանապարհին ամեն օր, տեղյակ չեմ, թող Աստված էս անիրավ մանյակի դատաստանը տեսնի, ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Դատարանը հրապարակեց նաև Վարդան Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը, որը գրեթե նույնությամբ հուլիսի 16-ին անձամբ դատարանին պատմել էր Վարդան Ղուկասյանը: Նա գրել էր, որ Հարություն Սարգսյանի հորը` Սամվել Սարգսյանին չի ճանաչել, սակայն վերջինիս 2012 թվականի փետրվարի վերջերին կամ մարտի սկզբներին եկել է իր մոտ`քաղաքապետարան, ներկայացել է որպես Անիի նախկին ոստիկանապետ ու խնդրել է իր աղջկա ձեռքը: Երբ Ղուկասյանը հարցրել է` ո՞ր աղջկա ձեռքն է խնդրում, նախկին ոստիկանապետը չի էլ իմացել, թե աղջիկներից ում է եկել ուզելու, հետևաբար և, ըստ Վարդան Ղուկասյանի, ինքը վրդովվել ու նրան կաբինետից դուրս է վռնդել: Ղուկասյանը նախաքննական մարմնին նաև ասել է, որ Կարեն Եսայանի սպանության գործով իրեն ոչինչ հայտնի չէ, միայն գիտի, որ այդ գործով կալանավորված է Հարություն Սարգսյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031