Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը դատարանին խնդրել է իրեն այլեւս չանհանգստացնել

Օգոստոս 06,2013 18:32

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Դատը սկսվելուն պես, դատավոր Մարտին Սարոյանը տեղեկացրեց, որ ցրիչները այցելել են դատակոչված վկա Հովհաննես Եգանյանի բնակարան, որի դուռը փակ են գտել, իսկ դռան հետեւից մի կին նախազգուշացրել է` մեզ այս թեմայով այլեւս չանհանգստացնեք:

Վարդան Ղուկասյանն էլ, ըստ դատավորի, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում` բուժման մեջ: Գյումրու նախկին քաղաքագլուխը գրություն է հղել դատարանին` նշելով, որ թեեւ հուլիսի 16-ին ինքը ցուցմունք է տվել դատարանին ու այլեւս ավելացնելու ոչինչ չունի, սակայն, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, դատարանը որոշել է իրեն նորից հրավիրել դատարան:

«Կոնկրետ գործի վերաբերյալ տվել եմ ցուցմունքներ, ավելացնելու ոչինչ չունեմ, ու ձեր հնչեցնող հարցերին իմ պատասխանը կլինի միայն սա` ոչնչից տեղյակ չեմ: Խնդրում եմ ինձ չհրավիրել հարցաքննության, քանի որ նախորդ դատական նիստն ու մամուլում տեղ գտած հրապարակումները բացասաբար են անդրադարձել իմ վրա»,- գրել էր նախկին քաղաքապետը: Այս կապակցությամբ սպանության մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ եթե պարզի Վարդան Ղուկասյանը հիվանդանոցում չի գտնվում, ապա միջնորդություն կներկայացնի նրան բերման ենթարկելու: «Հարգելի դատարան, Վարդան Ղուկասյանը հրաժարվում է ցուցմունք տալ, գրել է, որ թե ունակ չէ, բայց ինչի՞ց ելնելով ունակ չէ , իսկ Մանյային պարզապես չեն թողնում ներկայանալ դատարան», -ասաց Լուսինե Սահակյանը: Նա նաեւ ասաց, թե առաջին անգամ է լսում, որ դատարանը հիմք ընդունի հարեւանների վկայություններն առ այն, որ Մանյան տվյալ հասցեում չի գտնվում: Ըստ Լուսինե Սահակյանի, մի ժամանակ ասում էին, որ Մանյա Ղուկասյանը հիվանդանոցում է, բայց, քանի որ դա հին պատմություն է, այլեւս չանցնող, հիմա էլ նոր պատճառաբանություն մեջ գցեցին:

Լուսինե Սահակյանը առարկեց, որ դատարանը հրապարակի Վարդան Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը` նշելով, որ դատարանը դրա իրավունքը չունի: Այդուհանդերձ դատարան չներկայացած մի քանի վկաների, այդ թվում Մանյայի նախաքննական ցուցմունքը դատարանը հրապարակեց: Լուսինե Սահակյանը թեեւ առարկում էր` պնդելով, որ իր պաշտպանյալին զրկում են հարցեր տալու հնարավորությունից, մինչդեռ նա ապօրինաբար է գտնվում անազատության մեջ, այդուհանդերձ ասաց, որ ուզում է հնարավորինս շուտ ավարտվի դատական այս պրոցեսը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ հույս չունեն, թե դատավոր Սարոյանը օրինական քննություն կանցկացնի: Իսկ այստեղ դատական պրոցեսն ավարտելով` գոնե իրենք կկարողանան բողոքարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը այլ ատյաններում ու կփորձեն արդարություն փնտրել այլ դատավորների մոտ: Ըստ Լուսինե Սահակյանի, դատավոր Մարտին Սարոյանը անգամ ի վիճակի չէ բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին, ուր մնաց օրինական քննություն անցկացնի: Նա նաեւ նշեց, որ այս պահին էլ դատավորը ապօրինություն է անում `հրապարակելով նախաքննական ցուցմունքները: Այդուհանդերձ դատարանը հրապարկեց դատարան չներկայացածների ցուցմունքները:

Այս թեմային կանդրադառնանք քիչ անց:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բաբկեն says:

    Թե Վարդան Ղուկասյանը դրան դև էր ասել, ես էլ ասում եմ ՝վհուկ: Դե թող իմ վրա էլ գործ հարուցել տա: Իմ կարծիքը չկտրեք, էդ իրան՝էդ փաստաբան կոչվածին ամեն ինչ կարելի է ասել դատարանում, որակավորումներ տալ, մեզ մի հատ էլեկտրոնային պատասխան դրա նմանին չի կարելի? բա ուր է խոսքի և մտքի ազատությունը, թող իրա մարդու դարդը քաշի, էս ինչու էլ խունջիկ չի գալիս էդ դատապարտյալի հետ? էն քանի ժամանակը չէր ամաչում էկրաններից, խունջիկ էր գալիս դրա հետ, ժպիտը դեմքին հաճույք ստանում դրա կողքը նստելուց անգամ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031