ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպում ունեցավ ՀՖՖ մրցավարական կազմի հետ, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից:
ՀՖՖ նախագահը մրցավարական կազմին հանգամանորեն ներկայացրեց ՀՖՖ փորձագիտական կոմիտեի, ՀՖՖ նախագահի ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները` կապված ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքների հետ:
ՀՖՖ նախագահը մեկ անգամ եւս խստորեն դատապարտեց մրցավարների կողմից նման վարքագծի դրսեւորումը՝ նշելով, որ դրանք երբեք չեն կարող մնալ չբացահայտված եւ անպատժելի:
ՀՖՖ նախագահը հորդորեց չխաղալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայկական ֆուտբոլի հեղինակության հետ եւ օգտվելով միջազգային մրցավարությունում ընդգրկվածության հանգամանքից, մտածել մասնագիտական վերելքի, ձեռքբերումների եւ ապագայի մասին: