Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են պահանջում Վարդենիսում նստացույց անող ազատամարտիկները

Օգոստոս 06,2013 17:18

Օգոստոսի 5-ից ազատամարտիկները նստացույց են սկսել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գործկոմի դիմացի այգում: Aravot.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ, ազատամարտիկների խորհրդի անդամ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ Վարդենիսում նստացույցի են մասնակցում օրվա ընթացքում շուրջ 20-30 ազատամարտիկներ, իսկ երեկ նրանց թիվը հասել էր 100–ի: Վարդենիսում նստացույց անող ազատամարտիկների պահանջները նույնն են, ինչ ամբողջ հանրապետությունով մեկ պայքարող ազատամարտիկներինը: Նրանք ևս պահանջում են, որ «Կամավոր ազատամարտիկի մասին օրենք» դրվի շրջանառության մեջ, որ լուծվեն իրենց սոցիալական խնդիրները, առավել բարդ վիրահատությունները ազատամարտիկների համար լինեն անվճար, կոմունալ ծախսերի գանձման դեպքում ազատամարտիկներին հատկացնեն հիսուն տոկոս զեղչ, զեղչվի նաև նրանց երեխաների ուսման վարձը:

Վ. Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե չի կարելի խաբել ազատամարտիկներին, պետք է անպայման հարցերը լուծել: Հետաքրքրվեցինք՝ Վարդենիսում ազատամարտիկներն իրենց խաբվա՞ծ են զգում: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեք ամիս պայքարը գնում է, համենայն դեպս մինչև հիմա կոնկրետ քայլեր չեն արվել: Ելույթ ունեցան, կոչ արեցին, որ ազատամարտիկներին բոլոր բնագավառներում նորմալ ընդունեն և այլն, բայց կոնկրետ գործնական ոչինչ դեռ չկա»:
Մեր այն հարցին՝ այդ վերաբերմունքն ինչպե՞ս են գնահատում ազատամարտիկները, Վ. Ավետիսյանը պատասխանեց. «Սա շատ վատ վերաբերմունք է: Մենք հասկանում ենք, որ եթե չպայքարենք, մի երկու անօգուտ թեթև հարց են լուծելու, որը ոչինչ չի տա ազատամարտիկների ընտանիքների վիճակի բարելավման առումով»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այդ վերաբերմունքի պատճառը: Մեր զրուցակիցն ասաց. «Պատճառն այն է, որ կառավարության մեջ անհայրենասեր մարդիկ են»: Պահեստազորի գնդապետը տեղեկացրեց, որ սկզբում Վարդենիսի ազատամարտիկները հուսախաբված ու կաշկանդված էին, բայց այժմ հույս ունեն, որ պայքարով կլուծեն իրենց խնդիրները:
Պարոն Ավետիսյանը նշեց, որ Վարդենիսում ազատամարտիկների մեծամասնությունը աշխատանք չունի, զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, կան առողջական խնդիրներ ունեցող ազատամարտիկներ, ովքեր Երևան բժշկական ստուգման ու վիրահատության գալու համար գումար չունեն, նստած սպասում էին, թե երբ են մեռնելու:
Վ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ նստացույցը դեռ հինգ օր էլ կշարունակվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031