«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում պարզաբանեց այս օրերին վճարովի ավտոկայանատեղիի շուրջ սկսված աղմուկը: «Կանխամտածված ապատեղեկատվություն է, որ «Փարկինգ Սիթի Սերվիսի» կատարած գործունեությունը անօրինական է, մեր ընկերության կատարած գործողությունները ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ»,-ասաց Վազգեն Հարությունյանը՝ մեկ անգամ եւս ներկայացնելով վճարովի ավտոկայանատեղերի նոր համակարգը, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի մեքենան վճարովի կայանատեղիում կայանելիս պետք է տուրք վճարի: «Փարկինգ Սիթի Սերվիսը», քաղաքապետարանի կողմից անցկացված մրցույթում հաղթելով, ստանձնել է Երեւանում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, փողոցների համապատասխան կահավորման, ինչպես նաեւ տեսախցիկների միջոցով վճարովի ավտոկայանատեղերում հսկողության պահպանման աշխատանքները:
«Այսօր յուրաքանչյուր տեղ կանգնելու համար 100-200 դրամ վճարում եք, օրվա վերջում ստացվում էր, որ 600-700 դրամ դուք վճարում էիք կատարում: Ներկա պահին առաջարկում ենք ամսական 2000 դրամ վճարել: Բացի դրանից, որ կայանատեղում չկա կարմիր ներկանշում, դա անվճար է եւ այնտեղ կարող եք կայանել ինչքան կամենաք»,-ասաց տնօրենը:
Կայանելու համար չվճարելու ժամանակ սահմանված տուգանքների մասին ընկերության տնօրենն ասաց, որ իրենց իրավասության մեջ չէ տուգանելու գործընթացը: «Մենք բավարար ապացույցները ներկայացնում ենք քաղաքապետարան, իսկ ինչ օրենքով է տուգանելու քաղաքապետարանը վարորդներին, դիմեք իրենց»,- ասաց նա:
Վազգեն Հարությունյանը նշեց նաեւ, որ ավտոկայանատեղիների վճարը չտալու դեպքում գանձվում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով. «Բոլոր վճարները համարվում են տեղական տուրք եւ տեղական տուրքերը գործում են ընթացիկ տարվա համար. դա ամրագրված է օրենքով: Տուրքը, ըստ օրենքի, ենթակա չէ կիսելու: Տուրքի նկատմամբ կարելի է իրականացնել վերահաշվարկ: Քաղաքապետարանի մամուլի ծանուցմամբ նշված է, որ տրանսպորտի միջոցի սեփականատերերը կարող են դիմել քաղաքապետարան տուրքի վերահաշվարկման համար»:
Վ. Հարությունյանը խոսեց նաեւ ընկերության կատարած եւ կատարելիք ներդրումներից. «Մինչեւ 2014 թ.-ի ավարտը մենք պատրաստվում ենք անել 10 մլն դոլարի ներդրում, որից 2.5 մլն դոլարն արդեն դրված է, 2.5 մլն դոլարը կներդնենք մինչեւ 2013թ. ավարտը եւ 5 մլն եւս 2014թ.-ին»:
Հարցին, թե ի՞նչ է լինելու թեւկապավոր հսկիչների հետ, Վ. Հարությունյանն ասաց. «2013 թ. Հունվարի 1-ի ավագանու որոշումը ուժի մեջ մտնելուց հետո «պարկովշիկները» ոչ մի գործունեություն չեն իրականացնելու, քանի որ բոլորն անօրինական են: Նրանք օրինական աշխատող չէին, որ մենք իրենց մասին մտածենք: Մարդիկ փողոցներում դրամաշորթությամբ են զբաղված, մենք պետք է խոչընդոտե՞նք, թե՞ մտածենք էդ մարդկանց մասին»:
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ