«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Aravot.am-ի հարցին՝ օրերս հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների կողմից ադրբեջանցի հովվին սպանելու դեպքի առիթով Հայաստանի արտգործնախարարության հնչեցրած ցավակցական հայտարարությունը վաղ չէ՞ր արդյոք, պատասխանեց. «Չեմ կարծում, որ մենք շտապեցինք, որովհետեւ արձագանքը, ըստ էության, մեկ կամ մեկ ու կես օր հետո էր: Ուրիշ բան, որ ռուսական կողմը առաջին հարցումներին տվեց անորոշ պատասխան, ասելով, որ հովիվը զինված էր եւ առաջինն ինքն է կրակել, բայց չներկայացվեց զենքը: Առայսօր ես սպասում եմ, որ ռուսական կողմը ներկայացնի զենքը, իսկ քանի դեռ չկա զենքը, ուրեմն այդ պնդումները անհիմն են: Եթե այդ մարդը սպանվել է, բնականաբար զենքը պետք է լինի հայկական տարածքում, նա չէր կարող չէ զենքը հետ տանել: Մենք չենք շտապել, պարզապես մերոնք պետք է հստակ պահանջեին ռուսական կողմի արձագանքը, որը չարեցին»:
Հաջորդ հարցին էլ` հայ-թուրքական հարաբերություններում լարվածություն կմտցնի՞ այս դեպքը, Պապյանը նշեց. «Իհարկե լարվածություն կլինի, որովհետեւ մարդ է սպանվել, թուրքական նացիոնալիզմը սա կօգտագործի, բայց ես կարծում եմ, սա նաեւ այլ երկրների է ձեռնտու, որովհետեւ հայերի մեջ հերթական անգամ վախ է արթնացնելու, եւ ես վստահ եմ, որ լիքը մարդ կասի, որ թուրքերի հետ հարաբերությունները վատանում են: Էլ ի՞նչ եվրոպական ընտրություն, որովհետեւ, եթե եվրոպական ընտրություն կատարենք, ռուսները մեզ չպաշտպանեն, թուրքերը մեզ կուտեն: Այս մտայնությունը ներշնչվում է ժողովրդին: Ւսկ ո՞վ է շահագրգռված ցանկացած միջադեպի կամ հանցագործության համար: Այ սա մտածելու տեղիք է տալիս»:
Դիտարկմանն էլ` շեշտվում էր, որ սպանվածը ադրբեջանցի է, դա հատո՞ւկ էր արվում, Պապյանը ասաց. «Ադրբեջանցին շատ վերացական հասկացություն է, ես չգիտեմ ինչ բան է ադրբեջանցին: Մինչեւ վերջերս ադրբեջանցին դա նույն թուրքն էր, պարզապես շիա թուրքն էր, որն ապրում էր այդ տարածքում: Հիմա եթե նա շիա թուրք է, բայց ինչքան հասկացա՝ Ադրբեջանից է գաղթել ժամանակին, դա է շեշտվում ու այստեղ հակահայկականություն բորբոքելու խնդիր կա, այսինքն` թուրքերին մեր դեմ բորբոքելու, ադրբեջանցիներին հերթական անգամ բորբոքելու: Խնդիր կա, հայերին դնելու ծանր դրության առջեւ»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի Առավոտ. վերնագիրը խեղաթյուրում է Արա Պապյանի խոսքը. համոզված եմ միտումնավոր չեք արել
Հարգելի Եվա
Արա Պապյանի տեղ ես շատ կբարկանայի կոնտեքստից դուրս ձեր վերնագրի համար:
Շնորհակալություն ուղղման համար