Երեկ մետրո «Երիտասարդական» կայարանին հարակից տարածքում, Աբովյան փողոցի վրա գտնվող «Արմենո» կոշիկի խանութի հարեւանությամբ տեղակայված կանգառներից մեկում` երեկոյան ժամը 9-ի սահմաններում, ավտոմեքենայի անիվի տակից մոտ 4-5 սանտիմետրանոց քարը դուրս պրծավ եւ հարվածեց կանգառում կանգնած մի աղջկա թեւին: Բարեբախտաբար, հարվածից աղջիկը լուրջ վնասվածք չստացավ, բայց քարի սուր ծայրը նրա մաշկը վնասեց:
Կանգառում հավաքված քաղաքացիները աղջկան առաջին բուժօգնություն ցույց տվեցին` մաքրելով նրա թեւի արյունը:
Երեկ, նշյալ հասցեում փողոցով մեկ այդպիսի բազմաթիվ քարեր էին թափված, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջացել էին փողոցի լայնքով փորված շինարարական աշխատանքների հետեւանքով: Փոսը լցված էր, սակայն հարթեցման աշխատանքներն արված չէին, ոչ էլ գոնե քարերն էին մաքրված:
Մեծ-մեծ քարերն ավտոմեքենաների անիվների հետ շպրտվում էին այս ու այն կողմ` հասնելով փողոցի երկու կողմերի կանգառներում կանգնած մարդկանց: Երթուղային բարձրացող-իջնող մարդկանց դրանք նույնպես անհարմարություն էին պատճառում: Ամեն երկրորդ ուղեւորն իջնելիս, չնկատելով ոտքի տակի քարը, քանի որ մութ էր, ոտքը ոլորում էր: Ավտոմեքենաներով ու մարդկանցով բանուկ այդ փողոցում քարերից մեկն էլ հարվածեց կանգառասրահին, սակայն այնտեղ այդ պահին մարդ չկար: Կանգառներում կանգնած մարդիկ ստիպված պայուսակներով կամ ձեռքներին եղած իրերով էին պաշտպանվում փողոցի քարերից:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ