«Նախախորհրդարանի» վերջին հանրահավաքում «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը խոսելով իշխանության բուրգի մասին՝ ասաց. «Եթե կիրառեն ուժ, ապա այդ ուժին կստանան բիրտ ուժ»: Մինչդեռ սրանից 4 ամիս առաջ՝ մարտի 20-ին, Բաց քաղաքացիական խորհրդի նիստում նա կտրականապես դեմ էր ուժ կիրառելուն: Նա ասում էր. «Մենք բախումների կողմնակից չենք, այդ մարտավարությանը համաձայն չենք: Առաջարկն այն է, որ պետք է արհամարհել դրանք: Եթե երդումը կեղծ է, այդ երդումով Սերժ Սարգսյանը չի դառնում հայ ժողովրդի նախագահ: Պետք է արհամարհել եւ վերջ»: «Առավոտը» պարոն Սեֆիլյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է փոխվել այս ամիսների ընթացքում, որ Դուք Ձեր մոտեցումները փոխել եք, ինչո՞ւ այն ժամանակ դա խորհուրդ չէիք տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա ինքներդ հայտարարում եք, որ եթե կիրառեն ուժ, կստանան բիրտ ուժ: Նա պատասխանեց. «Ես միշտ դեմ եմ եղել եւ այսուհետ եւս դեմ եմ լինելու ցնցումների, ուժի կիրառման միջոցով փոփոխության հասնելու քայլերին: Իմ խոսքերն իրար չեն հակասում»:
«Առավոտ» օրաթերթ