Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ մի հանցավոր պաշտոնյային կփոխարինի մյուսը, չարժե դրա համար նստացույց անել
«Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ էր տալիս ուժի չդիմել: Սակայն «Նախախորհրդարանի» վերջին հանրահավաքին հայտարարեց, որ եթե իշխանությունը կիրառի ուժ, կստանա բիրտ ուժ: «Առավոտի» հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանը բացատրեց, որ իր մոտեցումները չեն փոխվել, եւ ինքը մնում է իր նախկին կարծիքին: Նա բացատրեց, որ եթե ժողովուրդը համախմբված ու կազմակերպված լինի, ունենա եղածին փոխարինելու պատրաստ համազգային ծրագիր, պետական կառավարման համակարգի մոդել, իսկ հանցավոր վարչախումբը, չենթարկվելով ժողովրդի պահանջին եւ չզիջելով պետական կառավարումը, փորձի բիրտ ուժ կիրառել նրա նկատմամբ, ապա պետք է որպես պատասխան ստանա բիրտ ուժ. «Իմ այս դիրքորոշումը նորություն չէ եւ բխում է բոլոր հնարավոր ձեւերով, այդ թվում` բիրտ ուժի կիրառման միջոցով ինքնապաշտպանության դիմելու եւ իր իշխանությունը վերականգնելու ժողովրդի իրավունքից: Ավելին` դա իրեն հարգող ամեն մի ժողովրդի ոչ միայն իրավունքն է, այլեւ պարտականությունը»:
Ժիրայր Սեֆիլյանը պաշտոնական հայտ էր ներկայացրել բոլոր առողջ քաղաքական ուժերին եւ անձանց՝ երկխոսելու: Մեր հարցին՝ «Նախախորհրդարանը» իրեն դուրս էր տեսնում քաղաքական կուսակցական դաշտից, ուրեմն ինչո՞ւ եք ուզում նրանց ներքաշել այդ պայքարում եւ նույնիսկ առաջարկ եք արել՝ տեղավորել քաղաքական հոսանքներին «Նախախորհրդարանի» հարթակում, պարոն Սեֆիլյանը պատասխանեց. «Նախախորհրդարանը» մշտապես պարզաբանել է, որ երկխոսության է հրավիրում առողջ ուժերին, այսինքն` ինքնաբուխ քաղաքացիական նախաձեռնություններին, խմբերին, մաքուր կենսագրություն ունեցող ակտիվ անհատներին, այլ ոչ թե գործող համակարգի մաս կազմող քաղաքական կուսակցություններին` ի դեմս դրանց վերնախավերի, որոնք շուրջ երկու տասնամյակ զբաղվում են քաղաքական առեւտրով: Մենք առողջ ուժերի համախմբումը տեսնում ենք կուսակցական դաշտից դուրս: Միեւնույն ժամանակ` «Նախախորհրդարանը» կարեւորում է կուսակցությունների ազնիվ անդամների` որպես քաղաքացիների, բայց ոչ կուսակցականների, զանգվածային ու ակտիվ ներգրավումն ազգային-ազատագրական շարժման մեջ»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե «Նախախորհրդարանն» ի՞նչ ձեւաչափով է աջակցում այս օրերին քաղաքապետարանի առջեւ նստացույց անող ակտիվիստներին: Պարոն Սեֆիլյանը հայտարարեց. «Նպատակահարմար եւ արդյունավետ չեմ համարում քաղաքապետարանի դիմաց նստացույց անող քաղաքացիների պահանջները, քանի որ նույնիսկ դրանց կատարման դեպքում, ըստ էության, ոչինչ չի փոխվի: Մի հանցավոր պաշտոնյային կփոխարինի մյուսը, ինչի համար ճիշտ չէ քաղաքացիական ակտիվի այդքան կարեւոր ռեսուրսի վատնումը»: Նա վստահեցրեց, որ իրենք որեւէ քաղաքացիական նախաձեռնության գործնական աջակցություն են ցուցաբերում այն դեպքում, երբ պայքարի թիրախն ու մարտավարությունը հստակ է եւ չի գտնվում այս համակարգից ներս, այսինքն` ենթակա չէ դրա կանոններին ու հայեցողությանը, իսկ հաջողության հասնելու հնարավորությունն էլ իրական է. «Այս առումով առհասարակ քաղաքացիական ակտիվությանը պետք է վերաբերվել որպես մարտավարություն` այն օգտագործելով հայության գլխավոր ռազմավարական նպատակին` մեր ազգային եւ մարդկային արժանապատվությունն ու իրավունքները երաշխավորող նոր որակի պետության ստեղծմանը հասնելու համար: Ուստի քաղաքացիական ակտիվության միջոցով նպատակահարմար եւ արդյունավետ են միայն այդ նպատակին ուղղված խիստ ռացիոնալ այն քայլերը, որոնց շնորհիվ կարող ենք հանցավոր համակարգից փրկել հնարավորը, համախմբել ու կազմակերպել ժողովրդին պետական կառավարման զուգահեռաբար գործող համակարգի սաղմերի ձեւավորման ու հզորացման գործընթացի մեջ, ինչպես նաեւ նպաստել առկա համակարգի փլուզմանը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ոստիկանները մի քանի օր առաջ 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստներին խոչընդոտեցին եւ թույլ չտվեցին տեղադրել վրաններ քաղաքապետարանի տարածքում: Ակտիվիստներից մեկին՝ Արգիշտի Կիվիրյանին, բռնի ուժով տարել էին ոստիկանության բաժին: Մենք Ժիրայր Սեֆիլյանին հարցրինք՝ Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ են ոստիկանության գործողությունները իրավաչափ, եւ հաշվի առնելով, որ Տարոն Մարգարյանը հայտարարել է՝ ուղեվարձը, միեւնույն է, թանկանալու է, «Նախախորհրդարանն» ի՞նչ միջոցներով է պատրաստվում պայքարել այդ թանկացման դեմ: Նա պատասխանեց. «Նախախորհրդարանը» ողջունում է կեղեքիչ համակարգի դեմ յուրաքանչյուր ինքնաբուխ քաղաքացիական ընդվզում: Այս առումով մեր բարոյական զորակցությունն ենք հայտնում օրեր շարունակ նստացույցի միջոցով իրենց սկզբունքների եւ իրավունքների համար պայքարող երիտասարդներին` գնահատելով նրանց տոկունությունն ու հաստատակամությունը: Իսկ ոստիկանության գործողությունները կարող ենք արդեն որակել որպես ավանդաբար ոչ իրավաչափ: Եվ դա միանգամայն տրամաբանական է, քանի որ ոստիկանությունը Ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած վարչախմբի կլանային շահերի պաշտպանության գործիք է: «Նախախորհրդարանը» պատրաստ է ինֆորմացիոն եւ այլ հնարավոր միջոցներով նպաստել Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններից տուժած ակտիվիստների խախտված իրավունքների վերականգնման գործին: Իսկ ուղեվարձը թանկացնելու վերաբերյալ Ձեր վկայակոչած հայտարարության պատասխանը մեկն է. եթե փորձեն անհիմն, միայն օլիգարխների շահերից բխող պատճառներով թանկացնել ուղեվարձը, ապա կստանան նախորդից ավելի հզոր հակադարձում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ