Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւը ինչքան ուզի, այնքան էլ կխփի

Օգոստոս 06,2013 15:46

Արեւմուտքը չի վերահսկելու այս երկրում հոկտեմբերի 9-ին սպասվող նախագահական ընտրությունները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի  մեկնաբանմամբ՝ Ադրբեջանը, լինելով տոտալիտար երկիր եւ ունենալով բավական մեծ նավթի ու գազի պաշարներ, կարողացել է կաշառել եվրոպական,  չակերտավոր ասած, դեմոկրատական հասարակությանը եւ երկդեմ պաշտոնյաներին: «Ադրբեջանի գործող նախագահը փոխեց երկրի Սահմանադրությունը, ըստ որի՝  ինքը կարող է ինչքան ուզի, էնքան էլ իր թեկնածությունը դնի, եւ ինչքան ուզի, էնքան էլ խփի: Իսկ  սա արդեն իսկ ցույց է տալիս, որ Ադրբեջանում սպասվող  նախագահական ընտրությունները ոչ դեմոկրատական են, ոչ էլ ազատ: Թեկնածուները պաշտոնապես դեռ 2-ն են. մեկը  ամբողջ իշխանությունը իր ձեռքում կենտրոնացրած «Յենի Ազերբայջան» կուսակցությունն է, որն արդեն 3-րդ անգամ նախագահի ընտրություններում առաջադրում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը: Երկրորդ թեկնածուն   մի քանի ընդդիմադիր ուժերի կողմից ձեւավորված  «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ»  շարժման կողմից  առաջադրված հայտնի մշակութային գործիչ Ռուստամ Իբրահիմբեկովն է, որի  մտադրությունը  արդեն իսկ նյարդայնացնում, հիստերիայի մեջ է գցում ադրբեջանական իշխանություններին: Այսինքն՝  իրենք հիմա  ցանկանում են ազատվել   այս անձից, ով երկար տարիներ բնակվել է Ռուսաստանում, եւ  որպեսզի կարողանա գրանցվել Ադրբեջանում որպես նախագահի թեկնածու,  մի քանի օր առաջ դիմում էր ներկայացրել Վլադիմիր Պուտինին` իրեն Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու համար»,- ասում է Գագիկ Համբարյանը: Սակայն, մեր զրուցակցի բնութագրմամբ, այս թեկնածուն նորմալ մտածելակերպ ունեցող անձ է, հանդես է գալիս հայերի նկատմամբ բարիդրացիական կոչերով: Ու թեեւ  չի կարող հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը կզիջի հայերին, քանի որ դրանից հետո ադրբեջանցիները խաչ կքաշեն նրա վրա,  այդուհանդերձ, ըստ Գագիկ Համբարյանի,  այս թեկնածուն նշում է, որ Ադրբեջանը հայերի հետ պետք է գտնի  կոնֆլիկտի լուծման ճիշտ ճանապարհ, քանի  որ այս երկու ազգերը երկար տարիներ ապրել են կողք կողքի, պետք է վերջ դնել թշնամանքին ու այնպես անել, որ բարիդրացիական հին հարաբերությունները շարունակվեն: «Այս թեկնածուին պաշտպանող  քաղաքական ուժերը փոքր ուժեր են  եւ համարյա թե ներկայացված չեն  Ադրբեջանի օրենսդիր մարմնում, իսկ ադրբեջանական իշխանությունը  նրան  հալածում է, նրա նկատմամբ թշնամանք տածում  այն պատճառով, որ, ըստ իրենց, Իբրահիմբեկովի  թիկունքին կանգնած են  Կրեմլին մոտ գտնվող Ադրբեջանից սերած հայտնի օլիգարխները: Նրանք մեծամասամբ ազգությամբ ադրբեջանցիներ չեն, բայց  քանի որ Ադրբեջանից են ծնունդով, մեծ շահեր ու դիրքեր ունեն իրենց պատմական հայրենիքում: Պատահական չէ, որ Ալիեւին սպասարկող լրատվամիջոցները մեծ մասամբ  Ռուստամ Իբրահիմբեկովին անվանում են Կրեմլի պրոյեկտ, այ, սրանով է պայմանավորված նրա նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը: Այն աստիճան է հասել, որ նրան մեղադրում են հարկերից խուսափելու, պետական գումարներ գրպանելու մեջ եւ արդեն սպառնում են, որ հենց թեկնածուն  իջնի  Բաքվի օդանավակայան, նրան կձերբակալեն»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի  քաղաքագետը Մեհրիբան Ալիեւայի թեկնածության առաջադրման մասին շրջանառվող լուրերը: Մեր զրուցակցի կանխատեսմամբ՝  եթե մինչեւ պաշտոնական գրանցման վերջին օրը  ֆորս-մաժորային  իրավիճակ չստեղծվի,  ապա  Իլհամ Ալիեւի կինը` Մեհրիբան խանումը,  չի էլ առաջադրի իր թեկնածությունը, չնայած որ տիկինը արդեն իսկ հայտարարել է, որ իր միակ թեկնածուն իր ամուսինն է: «Մի ամիս առաջ Ադրբեջանում գործող «Դեմոկրատական Ադրբեջանի աշխարհ» կուսակցությունը, որը իր մասին հիշեցնում է ընտրություններից ընտրություն  եւ, ըստ ադրբեջանցի անկախ  փորձագետների,  Իլհամ Ալիեւի պրոյեկտն է, հայտարարեց, որ պաշտպանելու է Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը: Շատերի մոտ սա կարող է ծիծաղ առաջացնել, բայց իրականում սա նուրբ վարվող քաղաքականություն է՝ այն առումով, որ եթե Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի կողմից Ալիեւը խիստ քննադատվի իր ներքին քաղաքականության համար, ապա կարելի է նրան փոխարինել նրա կնոջով: Այսինքն՝ այստեղ մենք տեսնում ենք, որ Փաշաեւ-Ալիեւ ընտանեկան տանդեմը կշարունակի իր ձեռքում պահել  ամբողջ իշխանությունը. կինը գալիս է  նախագահ, ամուսինը կարող է գնալ վարչապետ: Չնայած սրա հավանականությունը քիչ է, քանի որ Արեւմուտքը երկերես քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ եւ շահագրգռված է Ադրբեջանի նավթից ու գազից  շահ ու փայ ունենալու  մեջ»,- ասում է մեր զրուցակիցը: Ըստ Ադրբեջանի անկախ փորձագետների՝ եթե Ադրբեջանում ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, Իլհամ Ալիեւի ընտրվելու  շանսը 99,9 տոկոս է, որովհետեւ Արեւմուտքը համարյա թե չի վերահսկելու նախընտրական գործընթացը. մինչեւ հիմա չեն հրավիրել ոչ  ԵԱՀԿ,   ոչ էլ Եվրախորհրդի դիտորդներին: Ավելին՝ ադրբեջանական կայքերում, տպագիր մամուլում սկսվել է հարձակում նրանց դեմ, քննադատում են  Արեւմուտքին իրենց ներքին կյանքին խառնվելու համար: Մինչդեռ, ըստ Գագիկ Համբարյանի, Արեւմուտքին  պետք է, այսպես ասած, ավելի կանխատեսելի Ադրբեջան, եւ իրենք շատ լավ լեզու են գտել Իլհամ  Ալիեւի հետ եւ սպասարկում են միմյանց շահերը:

 ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031