Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսյան քառամիասնություն

Օգոստոս 06,2013 15:43

Ինչ ուզում եք ասեք, բայց օգոստոսը տարվա ամենադեմոկրատական ամիսն է՝ բոլորս գնում ենք ջրի մոտ, ոտքերն այրող տաք ավազի վրա ազգովի հանում ենք մեր շորերը ու դառնում աներեւակայելիորեն հավասար, ինչպես եւ նախատեսված է Սահմանադրության երկրորդ գլխի 16-րդ հոդվածով: Արի ու զանազանիր՝ ով է մեզանից հանրապետական, ով՝ «Օրինաց երկիր»: Հո կրծքանշանը լողազգեստին չե՞ն կպցնում: Այսինքն՝ չգիտեմ, վաղուց արդեն լողացող հանրապետական չեմ տեսել: Առավել եւս՝ օրինացերկրական…

Ու եթե հանկարծ Քոբուլեթիի լողափին վրացական արեւի ճառագայթների տակ շողացող  գլուխ տեսնեք կիսամերկ մարմնի վրա, ինչի՞ց պիտի հասկանաք՝ դա հայաստանյան օլիգարխի սափրագլուխ թիկնապահի՞, թե՞ կրթության եւ գիտության նախարարի գլուխն է: Կամ եթե ձեզ Անթալիայում մոտենում է կիսամերկ հայրենակիցը եւ սկսում երկար, դանդաղ ու բոլորովին անհասկանալի խոսել քաղաքականության մասին, ի՞նչ իմանաս՝ դա «Նոյյան մոժոժ» տաքսի-սերվիսի վարո՞րդն է, թե՞ հայաստանյան խոշոր կուսակցություններից մեկի խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Բայց օգոստոսի վերջին օրերին բոլորը սկսում են հագնվել, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում: Իսկ քանի դեռ օգոստոսը նոր է սկսվել, ու մեկ տարվա ընտրություններից եւ րաֆֆիական բարեւներից ուժասպառ եղած հայ ժողովուրդը վայելում է Սեւ, Միջերկրական եւ Սեւանա ծովերի մեղմիկ ալիքները, օգտվենք առիթից եւ փորձենք մի փոքր լրագրողական հետաքննություն անցկացնել: Չէ, չէ, այլեւս օֆշորային հաշիվներ չենք փնտրելու, միեւնույն է՝ որքան էլ քրքրում ես, Կիպրոսում միայն Խնկո-Ապոր հայտնի հերոսների անունով ընկերություններ են հայտնաբերվում:

Քանի դեռ բոլորը ջրում են, եկեք կյանքում գոնե մի անգամ անբարոյական քայլի դիմենք եւ ուսումնասիրենք հայաստանցիների շորերը՝ «ասա, որտեղից ես դու գնում քո հագուստը, եւ ես կասեմ, թե ով ես դու» սկզբունքով: Ըստ այդ դասակարգման՝ բրիտանացի շորագետները հայաստանցիներին բաժանում են չորս խմբի՝ Դոն Ստեֆանոներ, դալմաչիներ, տաշիրցիներ եւ մալաթիականներ:

Դոն Ստեֆանոները օգտվում են հիմնականում Հյուսիսային պողոտայի այն շքեղ խանութներից, որտեղ բացի իրենցից՝ ոչ ոք չի մտնում, մասնավորապես «Ստեֆանո Ռիչի» սրահից, որտեղից էլ ծագում է նրանց ազդեցիկ ու հնչեղ անունը՝ Դոն Ստեֆանո: Էլ Ռիչիի մասին չեմ ասում: Այո, նրանք հարուստ են: Նրանք կարող են նույնիսկ չօգտվել այդ խանութից, որովհետեւ հնարավորություն ունեն իրենց Դոննա Ստեֆանոների հետ ցանկացած պահի մեկնել Նյու Յորք կամ Լոնդոն եւ առեւտուր անել 5-րդ ավենյուում կամ Օքսֆորդ սթրիթում:

Բայց նրանց մոտ պարզապես արդեն ավանդույթ է դարձել, յուրատեսակ հոբբի՝ շաբաթվա վերջին ուշ երեկոյան սեփական «Համմերով» կամ ծառայողական «Մերսեդեսով» բերել իրենց Դոննաներին Հյուսիսային պողոտա: «Ստեֆանո Ռիչիի» դռների մոտ նրանց դիմավորում է Հայաստանի նախկին նախագահի նախկին թիկնապահը, որը շեֆի օրինակով չի ցանկացել հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն դառնալ: Ընդհանրապես այստեղ, չգիտես ինչու, թեւածում է նախկին նախագահի շունչը, միգուցե նրա մտահղացած Հյուսիսային պողոտայից է ներս թափանցում:  Խանութի դռներն ամուր փակվում են, թեեւ այնտեղ առանց այն էլ ոչ ոք չի մտնում, Դոն Ստեֆանոները հարմար տեղավորվում են սուրճ ըմպելու, իսկ Դոննաները սիրունիկ աղջիկների ուղեկցությամբ անցնում են գործի…

Եկեք թողնենք, որ նրանք հանգիստ քրքրեն ֆանտաստիկ գնի շրջազգեստները, եւ անցնենք դալմաչիներին: Երեւի արդեն կռահեցիք, որ դալմաչիները, բնականաբար, օգտվում են «Դալմայից»: Եթե ես դալմաչի եմ, ապա անպայման նաեւ ռոմանտիկ եմ ու որոնող: Անցած տարի գնացել եմ Բեռլինի կամ Փարիզի տեսարժան վայրերը դիտելու եւ արդյունքում հոյակապ շոփինգային ամառ անցկացրել Եվրոպայի կենտրոնում: Ու հիմա փնտրում եմ նույնը այստեղ՝ «Դալմայում»: Ու գտնում եմ նույնը, ինչ տեսել եմ անցած ամառ Եվրոպայում, թեեւ Եվրոպայում, բնականաբար, արդեն լրիվ ուրիշ բան են հագնում… Բայց կարեւորը դա չէ, կարեւորը «Դալմայի» մթնոլորտն է՝ այն, որ երթուղայինում խեղդվելուց ու եռապատիկ ծալվելուց հետո հանկարծ հայտնվում ես եվրոպական միջավայրում, վերհիշում ես Փարիզի եւ Բեռլինի քո այցելած առեւտրի կենտրոնները: Դուք միայն լսեք, թե ինչ դյութիչ է հնչում լրիվ անունը՝ «Դալմա գարդեն մոլ»… Համարյա «Մեդիսոն սքուեր գարդեն»… Ու դու քեզ արդեն ոչ թե դալմաչի ես զգում, այլ իսկական քաղաքակիրթ դալմամեն կամ դալմավումեն… Կարելի է ոչինչ էլ չառնել, մանավանդ, որ մեծ մասը ոչինչ էլ չի առնում, պարզապես հանգիստ նստել շատրվանների մոտ, ըմբոշխնել պաղպաղակը եւ մտովի տեղափոխվել անցած ամառ… Ախ, այն ֆրանսիացի երիտասարդը՝ Ալեն Դելոնի արտաքինով, ինչպես էր նայում իմ դեկոլտեին «Կարֆուռի» երկրորդ հարկում…

Իհարկե, «Դալմա» են գալիս ոչ միայն դալմամեններն ու դալմավումենները, այլեւ տաշիրցիները, բայց տաշիրցին, բնականաբար, հիմնականում «Տաշիր» հանրախանութ է գնում, դրա համար էլ այդ խավին անվանում են տաշիրցի: Նա ռոմանտիկ չէ ու գալիս է շատ կոնկրետ ապրանք գնելու՝ թուրքական: Որովհետեւ այստեղ հիմնականում ամեն ինչ թուրքական է, լավ, մի երկու բան էլ Հոնկոնգից եւ այլ հեռավոր էկզոտիկ վայրերից: Փորձեք հարցնել վաճառողուհուն՝ այս ներքնակը տեղակա՞ն է: Միանգամից կնեղանա՝ «Չէ, ի՞նչ եք ասում, մաքուր թուրքական»: Այսինքն՝ որակը երաշխավորում ենք՝ անկախ այն հանգամանքից, որ պաշտոնական Անկարան մինչեւ այժմ չի ցանկանում ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները:

Ընդհանրապես, եթե որեւէ մեկը ձեզ ասի, թե հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, անմիջապես տարեք նրան «Տաշիր», թող տեսնի, թե ինչպես են վաճառողուհիները թուրքական ապրանքի հարեւանությամբ հենց վաճառասրահում  ըմբոշխնում կողքի «Հայկական շուկայից» բերված մեր անուշահամ պոմիդորն ու վարունգը: Ու ամեն անգամ հերթական «Բոսինին» կամ «Մոսինին» մտնելիս ամենից առաջ վաճառոհուղուն ուզում ես ասել՝ «Բարի ախորժակ»: Եվ ի դեպ՝ լավ էլ սազում են միմյանց՝ թուրքական վերնաշապիկն ու «Գառնիի» ապխտած երշիկը… Իսկապես՝ որակյալ ապրանքը փակ սահմաններ չի ճանաչում:

Եվ վերջապես՝ մալաթիականների, այսինքն՝ Մալաթիայի տոնավաճառից օգտվողների մասին: Նրանց պահանջը հագուստի նկատմամբ նույնիսկ տաշիրցիներից էլ ավելի հստակ է՝ լինի էժան, ավելի էժան, չէ՝ մի քիչ էլ իջեցրու, լինի սեւ, ծիծակ ու պսպղուն… Ու որքան ուզում եք ասեք՝ «Ես երբեք Մալաթիայի տոնավաճառ չեմ գնում», հո չե՞ք կարող շրջանցել մեր բարդ  պատմությունը, որն արտացոլվում է մալաթիականի պարզ ու անկեղծ հայացքում, մեր երկրաքաղաքական կորնթարդ դիրքը՝ մալաթիականի քթի նման… Իսկ պսպղունն ու ծիծակը՝ ախր բոլորս էլ փորձում ենք մեր այս անշուք առօրյան գոնե մի քիչ զարդարել վառ ու հիշվող գույներով, ախր բոլորս էլ ծիծակասեր ենք,  այդ ո՞ր մի հայը՝ անկախ կուսակցական պատկանելությունից ու Ահարոն Ադիբեկյանի նկատմամբ վերաբերմունքից, խորովածի հետ կծու բիբար չի կերել…

Ու մի բան էլ՝ եթե նույնիսկ դուք տաշիրցի եք կամ դալմաչի, միեւնույն է՝ մալաթիականի հետ ընդհանրություն ունեք: Բոլորս մեկ մարդու նման անկեղծ ու առողջ հակակրանք ենք տածում Դոն Ստեֆանոյի նկատմամբ ու բոլորս հոգու խորքում երազում ենք Դոն Ստեֆանո դառնալ: Լավ, գոնե Դոն Ստեֆանիկ… Ծայրահեղ դեպքում՝ Դոն Ստեփանիկ…

Իհարկե, լավ կլիներ, եթե մեր փոխակերպումը՝ աստիճանական շարժումը մալաթիականից դեպի տաշիրցի, հետո դեպի դալմաչի ու վերջապես դեպի Դոն Ստեֆանո տեղի ունենար սահուն, ինչպես այն երկրներում, ուր գնում են մալաթիականը, տաշիրցին ու դալմաչին՝ Դոն Ստեֆանո դառնալու հույսով: Ու ոմանք դառնում են, լսել եմ… Բայց քանի որ մեզ մոտ նման շարժում ու սահուն փոխակերպում տեղի չի ունենում, ուստի 7 տոկոսանոց տնտեսական աճը ոչ թե նպաստում է մեր ժողովրդի՝ մալաթիականից դեպի Դոն Ստեֆանո աստիճանական շարժմանը, այլ սահուն կերպով հայտնվում է Դոն Ստեֆանոյի գրպանում, որն էլ այդ աճը գրպանում շաբաթվա վերջին ուշ երեկոյան իր Դոննային տանում է իր հարազատ խանութը՝ «Ստեֆանո Ռիչի»… Ու Ռիչիի տերը դառնում է ավելի Ռիչի…

Բայց լավ, ճիշտ եք ասում՝ ուրիշ խոսելու բան չունե՞նք… Դեռ կգա սեպտեմբերը, բոլորս կհագնվենք, ու միանգամից պարզ կդառնա, թե ով է մեզանից մալաթիական, տաշիրցի, դալմամեն ու Դոն Ստեֆանո…  Իսկ առայժմ, քանզի տարվա ամենադեմոկրատական ամիսը դեռ նոր է սկսվել, եկեք պարզապես բոլորս միասին, ազգովի պառկենք ոտքերն այրող ավազի վրա, այս տաք ու շոյող ջրի կողքին, հայկական, վրացական ու թուրքական արեւի տակ՝ աներեւակայելիորեն հավասար, կիսատկլոր ու քառամիասնական:

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031