Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարել են Կովկասյան հովազին

Օգոստոս 06,2013 15:40

Տեսագրությունը, որը վերջին վեց տարիներին Հայաստանի տարածքում կովկասյան հովազին նկարահանելու առաջին դեպքն է, արձանագրվել է հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկի միջոցով: Ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում եւ  ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այդ հատվածը, որպես հատուկ պահպանվող տարածք, վերահսկում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ՎիվաՍել-ՄՏՍ-ի, բրիտանական Համաշխարհային հողային միավորման (World Land Trust)  եւ Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի (ԲՊՄՄ` IUCN NL) աջակցությամբ:

Օրերս Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը համատեղ ներկայացրին ապաստարանում նկարահանած տեսագրությունը, ինչպես նաեւ հիշատակված ապաստարանում բնապահպանության եւ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ  իրականացվող համատեղ աշխատանքները: Քանի որ  տեսախցիկը սկսում է նկարահանել շուրջ 5 վայրկյան ուշացումով, ներկայացված տեսագրությունում առայժմ երեւում է խոշոր այս կատվազգիների ներկայացուցչի միայն պոչը:

Ապաստարանի բոլոր թաքնված տեսախցիկներն արդեն տեղափոխվել եւ տեղադրվել են հովազի գտնվելու հավանական շավղի ամբողջ երկայնքով` առաջիկայում գիշատչին ամբողջությամբ տեսագրելու նպատակով: Տեսագրությունն, այնուամենայնիվ, վկայում է անորսալի այս կենդանու գոյության փաստի մասին եւ ապացուցում վերջինիս ներկայությունը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: 2012 թվականի գարնանը նույն այն տարածքում, որտեղ  հնարավոր է եղել նկարահանել հովազին, ապաստարանի անտառապահները նկատել են հովազի ոտնաթաթի հետքեր եւ գտել վերջինիս մազափնջի եւ կղանքի նմուշները: Դրանք անմիջապես ուղարկվել են Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու հետ համագործակցող Իսրայելի լաբորատորիա`  գենետիկական փորձաքննության: Արդյունքում հաստատվել է, որ նմուշներն իրապես պատկանում են Կովկասյան հովազին (Pantera pardus saxicolor):

2013 թվականին իրականացված նկարահանման տեսագրությունը վերջնականապես ապացուցում է, որ Կովկասյան հովազը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընտրել է որպես ապահով կենսամիջավայր, ուր առկա է բավարար սնունդ, եւ ապահովված են  իր գոյությանն  անհրաժեշտ կենսական բոլոր պայմանները: Ըստ որոշ տվյալների՝ Հայաստանի տարածքում գրանցված է ընդամենը 3-5 հովազ, որոնք առավելապես «քոչվորներ են»: Մեկ հովազի բնական միջավայրն ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ   18,000-25,000 հա տարածք: Այս կատվազգիների պոպուլյացիան կրճատվել է հիմնականում որսագողության եւ կենսամիջավայրի վերացման պատճառով, ինչը հետեւանք է գերարածեցման, մեծ ծավալով իրականացվող քաղհանի եւ անտառահատման: Ներկայումս խոշոր այս գիշատչի բնական միգրացիոն միջանցքը հարավային Հայաստանի Զանգեզուրի եւ Մեղրիի լեռներն են: Երկարաժամկետ հեռանկարում Վայրի բնության եւ մշակութային  արժեքների պահպանման հիմնադրամը  ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Համաշխարհային հողային միավորման (World Land Trust) եւ Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի  (ԲՊՄՄ` IUCN NL) հետ համատեղ  փորձելու է ընդլայնել ապաստարանի տարածքը` կիրառելով արդյունավետ կառավարման նույն մոտեցումը նաեւ Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանամերձ տարածքներում: Դա հնարավորության կտա Հայաստանի կենսաբազմազանությունը, մասնավորապես` այս խոշոր եւ գեղեցիկ գիշատչին,  պահպանել ապագա սերունդների համար:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031