Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը պարտադրել էր զբաղվել մարմնավաճառությա՞մբ

Օգոստոս 06,2013 15:38

Մի դռնփակ դատական նիստի պատմություն

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում  հունիսի 12-ին Արտավազդ Մուրադյանին դատապարտեց  10 տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը:

Ըստ դռնփակ դատական նիստում հետազոտված ապացույցների, Արտավազդ Մուրադյանը մեղադրվել է 2009թ. հունիսից փաստացի կնոջը՝ Տ. Ա.-ին սեռական շահագործման ենթարկելու համար:

Մեղադրանքի կողմի փաստարկների համաձայն, ամբաստանյալը 2011թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, Տ.Ա.-ի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով (ձեռքերով ու ոտքերով նրա մարմնին բազմաթիվ հարվածներ հասցնելով), երեքամյա դստեր` Ա.Ա.-ի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով (այն է` երեխային վնասելու, կյանքից զրկելու, նաեւ կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներով), Տ. Ա.-ին պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ: Տ. Ա.-ին տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Երեւանի Կիեւյան փողոց, որտեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը մնալով տաքսու մեջ՝ վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել է ու տնօրինել է մարմնավաճառությամբ վաստակած գումարները:

Մեզ հետ զրույցի ժամանակ պաշտպան Վահագն Մանուկյանն ասաց, որ «Գործի քննությունն առաջին իսկ պահից ուղեկցվել է քրեադատավարական նորմերի ակնհայտ կոպիտ դատավարական խախտումներով, իսկ Արտավազդ Մուրադյանին առաջադրված մեղադրանքի հիմքերն ընդհանրապես չեն բխում դեպքի բոլոր փաստացի հանգամանքներից, սեպի պես մխրճված հակասում են տուժող Տաթեւիկ Ասատրյանի անտրամաբանական, չփարատված կասկածներով լի ցուցմունքներին: Պաշտպանական կողմի նման եզրահանգումները, ի տարբերություն դատախազի եւ տուժողի ներկայացուցչի հիմնազուրկ հայտարարությունների, դատական ակտում արձանագրված պատճառաբանությունների, հաստատվում են կոնկրետ ապացույցներով ու փաստարկներով»:

Պաշտպանն անդրադառնում է ամբաստանյալի, վկաների եւ տուժողի կողմից տրված ցուցմունքներին:

Ի դեպ, Արտավազդ Մուրադյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, տվել է ցուցմունքներ այն մասին, որ իր փաստացի կնոջը՝ Տ. Ա.-ին երբեք չի ծեծել, սեռական շահագործման չի ենթարկել, չի ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:

Վկա Ա. Մ.-ն ցուցմունք էր տվել այն մասին, որ Տ. Ա.-ն իր հարսն է, ում հետ համատեղ նույն հարկի տակ բնակվել է շուրջ 2 տարի 8 ամիս, որի ընթացքում նրանք մշտապես գտնվել են բարիդրացիական հարաբերությունների մեջ: Սկեսուրը հայտնել էր, որ 2009թ. վաճառել են բնակարանը եւ այդ գումարով նշել են Արտավազդ Մուրադյանի եւ Տ. Ա.-ի ամուսնությունը: Վերջինը բողոքել է իր ծնողներից, հորից: Սկեսուրը մշտապես բնակվելով որդու եւ նրա ընտրյալի հետ, հիմնականում թե՛ ֆինանսապես, թե՛ տնտեսապես օգնել է վերջիններիս, պահպանել է ընտանիքի անդորրը: Որդին, ըստ այս վկայի,  իր բարեկամի հետ աշխատել է շինարարության վրա, եւ որոշակի առողջական խնդիրներ ունենալու պատճառով նա ուղղակի օգնել է իր քրոջ ամուսնուն: «Ես չգիտեմ, թե որդիս որքան աշխատավարձ է ստացել, քանի որ այդ գումարը նա տվել է իր կնոջը, ով էլ տնօրինել է այն»,-հայտնել էր վկան: Վկան հայտնել էր նաեւ, թե Տ. Ա.-ի մարմնի վրա կապտուկներ չի նկատել: Հարսի մարմնավաճառությամբ զբաղվելու հարկադրելու մասին առաջին անգամ լսել է այս քրեական գործի քննության ընթացքում:

Մեկ այլ վկա էլ՝ Ա.Ա.-ն հայտնել էր, թե Արտավազդ Մուրադյանի կողմից Տ. Ա.-ի մարմնավաճառությամբ զբաղվելու մասին լսել է դատարանում:

Վկա  Կ. Դ.-ն դատարանում ցուցմունք է տվել, որ զույգերի ամուսնության մասին տեղյակ է եղել ի սկզբանե, սակայն արարողությանը մասնակից չի եղել: Ընկած ժամանակահատվածում բազմիցս հանդիպել է Տ. Ա.-ին, որի ընթացքում վերջինս որեւէ անգամ չի բողոքել Արտավազդ Մուրադյանից: Երբեւիցե չի իմացել, որ Արտավազդ Մուրադյանը հաճախում է խաղատներ կամ Տաթեւ Ասատրյանին ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ:

«Տ. Ա.-ի կողմից նախաքննության եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքները վերարտադրելու իմաստը չեմ տեսնում, քանզի, դրանք ինչ-որ ճղճիմ հարցերի շուրջ ընտանեկան վիճաբանություններից, ինչ-որ սննդի, դրամական միջոցներ մեկը մյուսին տալու հարցերի հետ կապված իմաստային առումով գրեթե այլ բովանդակություն չեն պարունակում»-ասում է Վ. Մանուկյանը:

Պաշտպանը տարօրինակ է համարում այն, որ տուժողը հայտարարել է, թե հարկադրաբար մարմնավաճառութամբ է զբաղվել 2011թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում, որից հետո, բաժանվելով Արտավազդ Մուրադյանից, վերադարձել է հայրական տուն, սակայն «հիշել» է  միայն 2012թ. փետրվարին` ոստիկանությունում հայտարարություն տալու  ժամանակ: «Եթե նրա նկատմամբ այդպիսի հանցագործություն է կատարվել, ապա անհնարին է շուրջ վեց ամիս այդ ամենի մասին իսպառ մոռանալ եւ միայն հետո հանկարծակի հիշել: Այս հանգամանքը խիստ կասկածելի է եւ անարժանահավատ է դարձնում այս ամբողջ պատմությունը եւ, մասնավորապես, տուժողի ցուցմունքները»,-հավելում է ամբաստանյալի պաշտպանը:

Պաշտպանն ասում է, որ դռնփակ նիստի ժամանակ տուժողը ցուցմունք է տվել, թե Արտավազդ Մուրադյանը իրեն՝ երեխայի հետ միասին տաքսիով տարել եւ իջեցրել է «Արցախբանկի» մոտ, մի դեպքում էլ նշել է՝ Բաղրամյան փողոց, որի վրա «Արցախբանկ» չկա, իսկ մյուս դեպքում՝ Կիեւյան փողոց, որոնք իրարից գտնվում են տարբեր ուղղությունների վրա:

«Գործի քննությամբ այդպես էլ չի պարզվել այդ տաքսի ավտոմեքենայի մակնիշը, պետհամարանիշը, վարորդի ինքնությունը, ում միջոցով Արտավազդ Մուրադյանը, ըստ մեղադրանքի կողմի, երեխային Տ. Ա.-ի հետ տարել է Կիեւյան փողոցի վրա` կնոջը մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Այս պարագայում այդպես էլ չի պարզվել եւ հաստատվել մանկահասակ Ա.Ա.-ի ներկա լինելու հանգամանքը, ում իմ պաշտպանյալը իբր օգտագործել է որպես միջոց ու սպառնալիք՝ կնոջը մարմնավաճառությամբ զբաղվելու համար, ինչպես նաեւ քննությամբ չի պարզվել ու հաստատվել տուժողի կողմից հաճախորդներից գումարներ վերցնելու եւ մինչեւ հյուրանոց մտնելը այն ամբողջությամբ Արտավազդ Մուրադյանին տալու փաստը»,-հավելում է պաշտպանն իր բողոքում: Ի դեպ, բողոքում նա  նշել էր, որ թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ այս առումով տուժողը իր  ցուցմունքներում մատնանշել է ընդամենը  մի քանի հոգու, ինչը եւս խիստ կասկածելի եւ անարժանահավատ է դարձնում զոհի կողմից վկայակոչված փաստերը: Զոհը հայտնել էր, թե շաբաթը մեկ անգամ կամ 10 օրը մեկ նա տարբեր անձանց հետ սեռական հարաբերություններ է ունեցել Պռոշյան եւ Բաղրամյան փողոցների վրա գտնվող հյուրանոցներում: Սակայն  քննությամբ չի պարզվել, թե այդ հյուրանոցները կոնկրետ որտե՞ղ են գտնվում, ինչպե՞ս են կոչվում, չեն հարցաքննվել այդ հյուրանոցների աշխատակիցները, մասնավորապես չի պարզվել, թե այդ ժամանակահատվածում նշված անձինք Տ. Ա.-ին տեսե՞լ են, թե՞ ոչ, եթե տեսել են, ապա ո՞ւմ հետ, ի՞նչ հանգամանքներում, արդյոք նրանց մուտքը գրանցվե՞լ է հյուրանոցներում, թե՞ ոչ:

Ի դեպ, ապացույց էր ճանաչվել զոհի տետրում արձանագրված գրագրությունը: «Դա ընդամենը ձախողված, անհաջող  փորձ է՝ իմ պաշտպանյալին առաջադրված շինծու մեղադրանքին ինչ-որ մի կերպ օրինական, հիմնավոր տեսք տալու համար, ինչը կարմիր թելով անցել եւ հաստատվել է այս չարաբաստիկ քրեական գործով կայացված դատական ակտում», -նշում է Վ. Մանուկյանը:

Պաշտպանը պահանջում է բեկանել եւ արդարադատության արդյունավետությունից ելնելով՝ Արտավազդ Մուրադյանին արդարացնել՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով, կամ քրեական գործը ուղարկել լրացուցիչ դատաքննության` բազմակողմանի եւ լիարժեք քննությունն ապահովելու համար, կամ  Արտավազդ Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրօրի 132 հոդ. 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սանկցիայով նշանակել նվազագույն պատժաչափ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031