«Ինձ համար անընդունելի է, որ ազգի, ընտանիքի և ազգային արժեքների մասին խոսող մարդիկ այդքան հեշտությամբ կարող են վիրավորել անհատին, կնոջը, ընդ որում` շատ արժանավոր, հարգված, ինտելեկտուալ, գիտնական կանանց, որոնք պատիվ կբերեն յուրաքանչյուր հասարակության, և որոնք մեր հայ հանրության ծաղիկն են: Եվ ցավալին այն է, որ պայքարողները, վիրավորողները տղամարդիկ են»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ առաջացած աղմուկին՝ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմիներ Նաղդալյանը: «Թեկուզև ընդունենք, որ խնդիր կա, ինչ-որ մի բան այնպես չէ խմբագրված: Լավ` առարկայի շուրջ խոսեք, ինչո՞ւ եք մարդկանց վիրավորում, ինչո՞ւ եք անընդունելի կոլաժներ սարքում, անդաստիարակ, լկտի տեսանյութերով համացանցը ողողում: Մի՞թե հնարավոր չէ ձեր փաստարկներն առարկայի շուրջ հնչեցնել: Ի վերջո՝ կարելի է առարկայական քննարկում անցկացնել և տեսնել՝ իսկապե՞ս այդտեղ կա նման բան, թե՞ ոչ: Գործելակերպն ու խոսքերն իրար բոլորովին չեն համապատասխանում: Այդ վարվելաձևին նայողը բոլորովին չի մտածում, որ սա ազգային, ավանդական արժեքներով ղեկավարվող մարդկանց վարքագիծ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ վաղվա համարում: